24.11.2024
Շփման գծում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է
prev Նախորդ նորություն

Բորդյուժա. ՀՕՊ-երի միավորումը պաշտպանություն է ՀԱՊԿ ամբողջ տարածքում

Ինչպես հայտնի է, ԱԺ այս քառօրյա նիստերի օրակարգում է հայ-ռուսական համատեղ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման հարցը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքով՝ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգերի միավորումը հնարավորություն կտա պաշտպանություն իրականացնել ՀԱՊԿ ամբողջ տարածքում:

Երևանում լրագրողների հետ հանդիպմանը Բորդյուժան հիշեցրել է, որ արդեն գործում են ռուս-բելառուսական և ռուս-ղազախական համատեղ ՀՕՊ համակարգեր, իսկ նմանատիպ համակարգը մի քանի տարի է, ինչ ձևավորվում է նաև Հայաստանի հետ:

«Տարածաշրջանային նման համակարգերի ստեղծումը գործընթացի առաջին փուլն է, երկրորդ փուլում այդ համակարգերը գործելու են նույն կանոններով, ինչը թույլ կտա հետագայում ստեղծել ՀՕՊ համակարգ ՀԱՊԿ տարածքում»,- նշել է Բորդյուժան:

Նշենք, որ օրենսդիրները բաժանվել են երկու ճամբարի: Համաձայնագրին դեմ արտահայտվողները նշում են, որ Ղարաբաղում քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը հայկական կողմի դեմ կիրառել է Ռուսաստանից գնած զենքերը: Հետևաբար, ՌԴ-ն չի կարող համարվել ՀՀ անվտանգության երաշխավորը և ՌԴ-ի հետ նմանատիպ համաձայնագրերը ստեղծում են մեր անվտանգության ապահովման միայն պատրանք, իրականում լուծելով այլ, ՀՀ հետ կապ չունեցող հարցեր:

Մինչդեռ կողմ արտահայտվողները պնդում են, որ միասնական համակարգը կուժեղացնի Հայաստանի ՀՕՊ համակարգը, քանի որ հայկական կողմին թույլ է տալիս մուտք ունենալ ռուսական տվյալներին և նորագույն ռուսական մշակումներին: