24.11.2024
Երկու տարվա ընդմիջումից հետո ԱԱԽ-ն նոր քարտուղար ունի
prev Նախորդ նորություն

Բոստանջյան. Հավատի դեֆիցիտ կա, բայց Կառավարությունը ճիշտ ուղու վրա է

Մայիսի 12-ի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթից ու նախանշված երեքշաբաթյա ժամկետից հետո ոմանք ակնկալում էին արագ ու սենսացիոն արդյունքներ, որոնք ցույց կտան, որ արատավոր երևույթները՝ կոռուպցիան, մենաշնորհները և այլն, այլևս գոյություն չունեն: Տնտեսագետները պնդում են՝ այդ ամենին հասնելու համար երկար ու քարքարոտ ճանապարհ է պետք, հատուկ ճանապարհային քարտեզով, որը հստակ հանձնարարականներով կտանի դեպի տնտեսության զարգացում: Հովիկ Աբրահամյանի վերջին ելույթից պարզ էր, որ ճանապարհային քարտեզը ոչ միայն կա, այլև լրամշակվում է ու դրանում երեք հիմնական գաղափար է ամրագրված:

1.Խոշոր տնտեսավարողների կողմից խաղի կանոնների թելադրման կանոնակարգում: VERELQ-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, որ կանոնակարգումը իրապես կարևոր է, քանզի խոշորները, իրականացնելով սեփական գործունեությունը սեփական խաղի կանոններով, մենաշնորհ կարգավիճակում են հայտնվում: Իսկ կանոնակարգման դեպքում, ինչից խոսեց վարչապետը, այդ գործունեության ողջ շղթային՝ ապրանքի արտադրություն, իրացում և այլն, մասնակցում են այլ տնտեսավարողներ, ինչի պարագայում խոշոր տնտեսավարողների կարգավիճակը փոխվում է, նրանց դադարում են մոնոպոլ նկրտումներ ունենալ.

«Տնտեսական աշխարհում նման մոտեցում գոյություն ունի և կարծում եմ, որ այդ մոտեցման կյանքի կոչումը ՀՀ-ում հնարավոր է և մեծ դժվարությունների հետ կապված չէ: Միայն պետք է հետևողական լինել»,- ասաց տնտեսագետը:

2. Հավասար պայմաններ բոլոր տնտեսավարողների համար: Վարդան Բոստանջյանը նկատեց, որ վերջին տարիներին պարբերաբար այս խնդիրը, որի վերաբերյալ հանձնարարականներ տվեց վարչապետը, բարձրաձայնվում է և Հայաստանում հավասար պայմաններ, արձանագրենք, չեն եղել:

«Հավասար պայմաններ ընդհանրապես մեր հանրապետության տնտեսական շրջանառության մեջ չեն եղել, որի պարագայում տնտեսավարողների մի ստվար զանգված և առաջին հերթին փոքր ու միջին ձեռնարկատերերը, ըստ էության, գտնվել են ստրուկ կարգավիճակում: Իսկ նման պայմաններում տնտեսական գործունեության արդյունավետությունը, որպես այդպիսին, դադարում է»,- ասաց Բոստանջյանը: Մինչդեռ, շարունակեց նա, անկախ շրջանառությունից կամ տնտեսական գործունեության ծավալների շրջանակներից տնտեսական համակարգերը լինում են արդյունավետ միայն այն պարագայում, երբ սուբյեկտների միջև կան հավասար պայմաններ:

«Էկոնոմիկայի նախարարությունն այս իմաստով և՛ գործ ունի, և՛ կարող է նման իրավիճակ ստեղծել հանրապետությունում, առավել ևս, որ կա թե՛ օրենսդրական բազա, թե՛ արդեն վարչապետի հստակ հանձնարարական»,- շեշտեց նա:

3.Խոշոր տնտեսավարողների կողմից միաժամանակյա մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելու գաղափարի արգելում: Այս միտքը, հիշեցնենք, վարչապետ Աբրահամյանը հնչեցրեց Կառավարության վերջին նիստում, և այն, մատնանշեց Բոստանջյանը, փոխկապակցված է առաջին խնդրի հետ.

«Ստացվել է այնպես, որ խոշոր ձեռնարկատերերը իրենց գործունեությամբ անցած տարիների ընթացքում մի իրավիճակ են ձևավորել, երբ ամբողջ մանրածախ ու մեծածախ առևտուրը իրենց ձեռքերում է հայտնվել: Դա իրենց համար ավելի մեծ եկամուտների ու շահույթի խնդիր է լուծում, բայց այսպիսի նկրտումները, կրկնվեմ, բերում են մենաշնորհային կարգավիճակի, ինչը հարվածում է մյուս տնտեսավարողներին: Վարչապետի հանձնարարականը հստակ մեխերին է խբում՝ եթե դու իրականացնում ես ներկրող գործունեություն, ապա դրա իրացումը պետք է իրականացնեն փոքր տնտեսավարող սուբյեկտները: Դա մեծածախ և մանրածախ առևտրաշրջանառության փոխհարաբերակցության հարցն է, որի ճիշտ կանոնակարգման դեպքում մենաշնորհ ինստիտուտները չեն ունենա մեծ ազդեցություն տնտեսական դաշտի վրա»,- նշեց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանը նաև նշեց, որ թեև հանրության շրջանում այս հարցերի կանոնակարգման մասով կա հավատի դեֆիցիտ, բայց հստակ է, որ անհնարին ոչինչ չկա ու հատկապես, երբ նշված մոտեցումների կյանքի կոչումը ամբողջ աշխարհն է զարգացրել.

«Այս ամենը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է կամք, որը ես տեսնում եմ ու հետևողականություն, որը գործադիրն ու իր ինստիտուտները պետք է վերահսկողական մեխանիզմներով վերահսկեն, որպեսզի տնտեսավարողները չշարունակեն կողմնապահ մոտեցումներ ցուցաբերել»,- հավելեց Բոստանջյանը:

Հիշեցնենք,մայիսի 12-ի ելույթում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց , որ Հայաստանն անցնում է խիստ խնայոության ռեժիմի և պայքար սկսում երկրի ու տնտեսության զարգացումը դանդաղեցնող արատավոր երևույթների դեմ: