24.11.2024
Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիր է ստորագրվել
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ԱԳՆ-ից ապացույցներ է պահանջում

Ժամանակն է, որպեսզի ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ապացույցներ ներկայացնի, թե ի՞նչ է անում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթաց: Այս մասին Ազգային Ժողովում, քառօրյա նիստի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ վերջերս օտարերկրյա մի շարք պաշտոնյաների կողմից հնչեցրած հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Հայաստանը բավարար ջանք չի գործադրում Արցախը ԼՂՀ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթաց ներգրավելու համար.

«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նախորդ շաբաթ տեղեկացրեց, որ առաջիկայում հանձնաժողովը փակ ֆորմատով քննարկում է ունենալու ԱԳ նախարարի հետ: Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները և արտգործնախարարությունը մասնավորապես, ներկայացնեն ապացույցներ, որ Հայաստանը բավարար ջանքեր է գործադրում Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղը օր առաջ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում և անընդունելի է, որ Հայաստանի որևէ ներկայացուցիչ Ադրբեջանի հետ քննարկի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ առանց Արցախի ներկայացուցչի մասնակցության:

Արձագանքելով հարցադրմանը ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ այդ հարցը թե՛ քառօրյա պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո լուրջ քննարկման առարկա է դարձել և բոլոր խնդիրները այս առնչությամբ մեկ առ մեկ լուծվել են.

«Եթե դուք գտնում եք, որ խնդիր կա, որը լուծելի չէ՝ դիմեք համապատասխան հանձնաժողովին, որպեսզի ովքեր պետք են հրավիրվեն ու բացատրեն խնդիրը»,- հավելեց Գալուստ Սահակյանը: Նշենք, որ անցած շաբաթ նիստում հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հաստատեց, որ նման հանդիպում կլինի և այն կլինի փակ ձևաչափի: