Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիր է ստորագրվել
Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Վերջինս իր խոսքում նշել է, որ Իրանն առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար։
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ իր հերթին Էդվարդ Նալբանդյանը կարևորել է փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումը և առկա ամուր հիմքի վրա բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը։
Զրուցակիցները համակարծիք էին, որ Իրանի Նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցը կարևոր լիցք կհանդիսանա հայ-իրանական փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու համար։ Այս համատեքստում երկուստեք վերահաստատվել է հանձնառությունը՝ հետևողական ջանքեր գործադրելու համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:
Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության և տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման, գործարար շրջանակների միջև կապերի խթանման, երկու երկրներում միջազգային տնտեսական ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության հարցեր: Նախարարները կարևորել են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։ Արդյունքում, նույն օրը Իրանի նախագահի նստավայրում Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը ստորագրել են Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը:
Բացի այս, հանդիպմանը մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության հաստատման շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։
Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման, դրա արդյունքում տարածաշրջանում ստեղծված փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ: Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ այդ համաձայնությունը միջազգային հարաբերություններում 2015թ․ ամենանշանակալի ձեռքբերումներից էր, ինչը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ քաղաքական կամքի առկայության պարագայում դիվանագիտական ու բանակցային ճանապարհով կարելի է հասնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծմանը:
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը: Կարևորվել է Վիեննայում գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։