Հաջորդ տարի կունենանք գնաճ, որը կհամապատասխանի մեր նպատակադրմանը. ԿԲ նախագահ
Կենտրոնական բանկի նախագահը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո, պատասխանեց գնաճին եւ գնաճային սպասումների արագացմանը վերաբերող հարցերին:
Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նշեց, որ նախորդ տարի լուրջ մարտահրավերներ էին առաջացել հատկապես ԿԲ-ի համար: Կարեւորելով ԿԲ-ի նկատմամբ հանրային վստահությունը` նա հետաքրքրվեց, թե մինչեւ այս պահը ձեռնարկված միջոցները բավարա՞ր են գնաճային սպասումներին արձագանքելու եւ ռիսկերը չեզոքացնելու համար:
Մարտին Գալստյանը պատասխանեց. «Այս տարի հնարավոր է` գնաճի մակարդակը լինի ավելի բարձր, քան ԿԲ-ի թիրախն է, բայց ԿԲ-ի քաղաքականությունը թույլ է տալիս ավելի հայեցողական մոտեցում ցուցաբերել: Մեր գնահատմամբ, եթե անգամ այս տարի թիրախը գերազանցվի, հաջորդ տարի կունենանք գնաճ, որը կհամապատասխանի մեր նպատակադրմանը»:
Խոսելով առկա բարձր վարկային բեռի մասին` նա նշեց, որ բանկերի կողմից ցուցաբերվել է շրջահայաց, խելամիտ քաղաքականություն: Շատ դեպքերում բանկերը վերանայել են պայմանները եւ անհատական մոտեցումներ ցուցաբերելով` փորձել են լուծել առաջացած խնդիրները:
Մարտին Գալստյանն անդրադարձավ նաեւ վարկերի սպասարկման խնդիրներին, գործազրկության որոշակի աճին, լրացուցիչ նոր աշխատատեղերի ստեղծմանը: