Ղարաբաղյան հակամարտության գոտում հարաբերական անդորրը նախևառաջ պայմանավորված է քառօրյա պատերազմի և Վիեննայի հանդիպման արդյունքների հետ: Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր առջև դրեց խնդիր և դա ամենևին էլ 800 հա տարածքը վերցնելը չէր, այլ խնդիրն ավելի գլոբալ էր, որն էլ չկարողացավ իրականացնել: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ի վիճակի չէ ճիշտ գնահատել իրավիճակը, ճիշտ որոշումներ ընդունել և դրանք կյանքի կոչել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը նպատակ ուներ շանտաժի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այդ ռազմական գործողությունների արդյունքներով, որպեսզի միջնորդները մի առաջարկ բերեն, որը բխում է իրենց շահերից: Բայց Ադրբեջանը չհաջողեց ո՛չ մարտի դաշտում, ո՛չ էլ Վիեննայի հանդիպման ժամանակ, որտեղ ադրբեջանական կողմը ստացավ հակառակ պատկերը՝ որևէ բանակցությունների մասին խոսք չի գնում և այդ մոտեցումը թելադրեց ՀՀ նախագահը և երկրորդը, Ադրբեջանը ստանձնեց հայտնի պարտավորությունները: Իսկ, հասկանալի է, այդ պարտավորությունները Ադրբեջանի շահերից չէին բխում»,- ասաց Հարությունյանը:
Վերջինիս խոսքով, անդորրը խաբուսիկ է այն իմաստով, որ որևէ փոփոխություն, ցավոք, չի լինելու և շփման գծում ունենալու ենք այն իրավիճակը, ինչ կար վերջին շրջանում: Ասել է թե՝ ինչպես եղել է, այդպես էլ կշարունակվի, սրացումները կլինեն կախված իրավիճակից, քանի որ Ադրբեջանին առկա իրավիճակը ձեռնտու չէ:
Ինչ վերաբերում է տարածքների վերադարձի շուրջ ակտիվացած խոսակցություններին, Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ բանակցությունների սեղանին մշտապես քննարկվել է «տարածքները կարգավիճակի դիմաց» բանաձևը: Բայց ստեղծված իրավիճակում, որը հետևանք է քառօրյա ռազմական գործողությունների, խոսել տարածքների վերադարձի մասին կամ այն առաջարկների շուրջ, որոնք կլինեն մադրիդյան սկզբունքների հիմքում խոսելն անիմաստ է:
«Որևէ տարածքների վերադարձի մասին այսօր խոսք չի կարող լինել, մինչև Ադրբեջանը չհրաժարվի իր փորձերից լուծել այդ հարցը ռազմական ճանապարհով»,- շեշտեց նա:
Վերադառնալով Վիեննայի հանդիպմանն ու դրա արդյունքում կողմերի ստանձնած պարտավորություններին, նախկին ՊՆ նշեց, որ չի հավատում, որ Ադրբեջանը պատրաստվում է դրանք կյանքի կոչել, քանի որ հավատալու հիմքեր չկան: Ադրբեջանի ռազմավարությունը, ամեն դեպքում, դրա տեղ չի տալիս, քանի որ այդ երկիրը ցանկություն ունի պատերազմի վերսկսման սպառնալիքի ներքո ազդել Հայաստանի, Ղարաբաղի հասարակության վրա, դրա միջոցով ազդել նաև ռազմաքաղաքական իշխանության վրա, որպեսզի գնան Ղարաբաղի հարցում զիջումների: Կամ, ավելի ճիշտ կլինի ասել, հանձնել Ղարաբաղը: Հարությունյանը վստահ է՝ խոսքը տարածքները հանձնելու մասին չէ, այլ ընդհանուր Ղարաբաղի մասին է և այդ պատճառով էլ Ադրբեջանը չի կարող հրաժարվել ու գնալ պարտավորությունների կյանքի կոչմանը, որպեսզի միջադեպերի վերահսկման մեխանիզմ գործի և այլն.
«Մենք պետք է հասկանանք իրավիճակը ռեալ: Կարո՞ղ է Ալիևը վաղը հայտարարել, որ համաձայն է Ղարաբաղի անկախությանը, իհարկե՝ ոչ: Այնպես որ այս իրավիճակը կշարունակվի անընդհատ ու շարունակ և ես չեմ կարծում, թե Ալիևի իշխանությունից հեռանալը ինչ-որ բան կփոխի: Միակ լուծումն այն է, որ ստեղծվեն նախապայմաններ, որոնք կտանեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Առայժմ ես դրանք չեմ տեսնում»,- նշեց մեր զրուցակիցը:
Վաղարշակ Հարությունյանը նաև մատնանշեց, որ որևէ հակամարտությունը կարճ տևողություն չի ունեցել՝ ո՛չ կիպրոսյան, ո՛չ պաղեստինա-իսրայելական, ոչ էլ մյուսները: Եվ հասարակությունը պետք է գիտակցի, որ լուծումը Հայաստանից կախված չէ այսօր, բայց ահա պատերազմի վերսկումը կախված է հենց Հայաստանից.
«Պետք է ունենաս մարտունակ բանակ, իսկ դրա համար պետք է ունենաս տնտեսություն, որպեսզի կարողանաս տնտեսական ներուժը վերածել բանակի ռազմական ու մարտական հզորության: Եթե դա ապահովում ես՝ պատերազմ չի լինում, թուլանում ես՝ ինքդ արագացնում ես պատերազմի վերսկսումը, քո թուլությամբ: Եվ մենք պետք է մտածենք հենց այս ուղղությամբ»,- հավելեց Հարությունյանը:
Հիշեցնենք, Վիեննայի հանդիպման արդյունքներով համատեղ
հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը:
«Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում: