23.11.2024
Գազի սակագնի նվազումը 10 դրամով առավելագույնն է, ինչ Գազպրոմը կարող է անել. պաշտոնական
prev Նախորդ նորություն

Բաբայան. Ադրբեջանը պատրաստվում է երկարաժամկետ պատերազմի

Ապրիլյան իրադարձությունները ո՛չ պատերազմ էր, ոչ էլ բլիցկրիգ, այլ դիվերսիոն գործողություն, որտեղ հակառակորդը քայլեր է ձեռնարկել պատժիչ գործողություն կատարելու նպատակով ու ստացել անսպասելի հաջողություն: Այս մասին հերթական հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, ով օրերս է վերադարձել Հայաստան:

Հիշեցնենք, Հայաստան վերադառնալուց հետո Բաբայանը հարցազրույցում նշել էր, որ առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել Ղարաբաղ, քանի որ իր առաքելությունը տեսնում է հենց այնտեղ, իսկ հետագան «պետք է որոշի ժողովուրդը»:

Սամվել Բաբայանի խոսքով, հակառակորդը դիվերսիոն գործողության մեջ հասել է հաջողության, այնուհետ փորձել այդ հաջողությունն ամրապնդել: «Երկու կորպուս ամրապնդվել է այդ դիրքերից, ինչից հետո մերոնք փորձել են նախահարձակման անցնել ու վերականգնել կորցրած դիրքերը, որն ինչ-որ տեղ հաջողվել է, ինչ-որ տեղ անհաջող է եղել: Անհաջողության պատճառով հակառակորդը կիրառել է հրետանի», - ասել է նա:

Ուշագրավ է, որ հրամանատարը, ով մշտապես հայտարարել է այն մասին, որ չկա մեկը, ով կարող է տարածք հանձնել, իր Հայաստան վերադառնալուց հետո տված առաջին հարցազրույցում խուսափել էր անդրադառնալ ապրիլյան իրադարձությունների ժամանակ կորցրած 800 հա տարածքին: Այսօրվա հարցազրույցում Բաբայանն անդրադառնում է նաև այդ ցավոտ թեմային.

«Ես չգիտեմ, ով է մետրով չափել՝ 800 է, թե 1800, բայց այդ դիրքերը երկակի ռազմավարական կետեր էին: Դրանք Ղարաբաղի բնական սահմաններն էին, բռան մեջ էին պահում: Մեկն ասում է, թե էս հողերը ստրատեգիկ էին, մեկն ասում է՝ ստրատեգիկ չէին: Էդ մարդիկ չտեսած՝ ի՞նչ են հասկանում: Չկան ոչ ստրատեգիկ դիրքեր, հատկապես Մարտակերտում, բայց դա տրագեդիա չէ, պատերազմի ժամանակ կարող է հետ էլ գնան: Պետք է դա մտածված լինի, ոչ թե անիմաստ կորցնենք: Սա է խնդիրը: Ադրբեջանը պատրաստվում է երկարաժամկետ պատերազմի»,- ասել է Բաբայանը:

Վերջինիս խոսքով, հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի համակարտությունը լուծի դիվանագիտական ճանապարհով, բայց քանի դեռ չկա վստահելի պաշտպանություն ու հակառակորդն էլ դա իր վրա չի զգում՝ դիվանագիտությունն էլ հարց լուծել չի կարող: Բաբայանի դիտարկմամբ, այժմ դիվերսիոն գործողություններ չկան, որովհետև մեծ թվով կամավորականներ էին մեկնել առաջին գիծ, փակել բաց տեղերը, "հակառակորդն էլ սսկվել է": Իսկ սա նշանակում է, որ պետք է այնպիսի պաշտպանություն ունենանք, որ հակառակորդը չկարողանա 300-500 մետր մոտիկ գալ:

«Պետք է արդիական զենքեր ունենանք, զինվորն ունենա թե՛ գիշերային, թե՛ ցերեկային սարքեր, որոնք հնարավորություն չեն տա հակառակորդին մոտենալ մեր դիրքերին»,- ասաց նա:

Բանախոսը խոսել է նաև ՀՀ կողմից 200 մլն վարկ վերցնելուն: Բաբայանը նկատել է, որ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը հակադրելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ, բայց եթե 200 մլն դոլարի վարկ Հայաստանը վերցնում է, որպեսզի գնի «Սմերչ», ՏՈՍ կամ այլ նմանատիպ զինատեսակ, դա սխալ է, թյուրիմացություն է:

«Մենք չենք կարող գնել բոլոր զենքերը, որն ունի Ադրբեջանը, իսկ հետո ասենք՝ «око за око»՝ իրենք մեզ են խփում, մենք էլ իրենց: Մենք չենք կարող այդքան արկ գնել, բերել Հայաստան, սկսել ռմբակոծել իրենց, երբ իրենք բոլոր արկերի տեսակներն իրենց մոտ արտադրում են: Հո ասելով չի՝ Բաքվում թեյ խմենք: Կարանք թեյ խմենք, բայց վախենում եմ՝ իրենք ավելի շուտ հասնեն Երևան թեյ խմելու: Չի կարելի գեներալսկի հագուստներ հագնել ու կոլխոզի նախագահի հայտարարություններ անել. ամոթ է, մարդիկ լսում են, մեր վրա խնդում են», - ընդգծել է Սամվել Բաբայանը:

Իսկ ինչ վերաբերում է իր՝ քաղաքականություն մտնել-չմտնելուն, Բաբայանը նշել է, որ նման հավակնություններ չունի, բայց և չի բացառել նման հեռանկարը:

«Եթե լինի մի ուժ, որին կհավանեմ, կարող եմ լինել և օգտակար»,- ասել է նա՝ հավելելով, որ բոլոր նրանք, որ պնդում են, թե ինքը ինչ-որ մեկի «դաբրոն է» ստացել վերադառնալու համար, իրենք են հենց «դաբրոներով» ապրում, քանի որ ստրուկներ են: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ ես «դաբրոյով» չեմ ապրում», - շեշտել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարը: