24.11.2024
ԳԱԼԱ-ի լրագրողները կուսակցություն են ստեղծում՝ Գյումրու ձայնը լսելի դարձնելու համար
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Հայ-վրացական հարաբերությունները վատթարանալու հեռանկար չունեն

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է՝ որքան էլ արտաքին ուժերը փորձեն փչացնել հայ-վրացական հարաբերությունները, դրանք լավ հիմքի վրա են դրված և կայուն են: Այս մասին քաղաքագետը հայտարարեց Երևանում ընթացող «Կովկաս- 2015» միջազգային գիտաժողովի շրջանակում.

«Հայաստանն ու Վրաստանը միմյանցից կախված են և դա շատ լուրջ ռիսկ է, որպեսզի մեզանից որևէ մեկը գնա այդ հարաբերությունները փչացնելու ճանապարհով: Դրանից, իհարկե, դժգոհ են արտաքին խաղացողները, բայց հայ-վրացական հարաբերությունները վատթարանալու հեռանկար չունեն»,- շեշտեց նա:

Վրաստանը ներկայացնող «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գիորգի Կանաշվիլին էլ ավելացրեց, որ վերջին տարիներին այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ Վրաստանը ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի բոլոր գործընկերների հետ՝ Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի: Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա նա համաձայնեց Իսկանդարյանի հետ՝ երկու երկրների հարաբերությունները չեն վատանա.

«Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները շատ կայուն են, նրանք փոփոխության չեն ենթարկվի: Ավելին՝ վստահ եմ, որ տնտեսական համագործակցության տեսանկյունից ավելի կինտենսիվանան»,- ասաց վրաց փորձագետը:

Միակ խնդիրը, որ առկա է երկկողմ հարաբերություններում, ըստ Կանաշվիլու, փորձքագիտական մակարդակում հանդիպումների բացակայությունն է, ավելի ճիշտ՝ դրանց առկայությունը միայն այն ժամանակ, երբ հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստում ինչ-ինչ խնդիրներ են ի հայտ գալիս: Նա հույս հայտնեց, որ միայն խնդիրները չէ, որ պետք է այդ հանդիպումների առիթ հանդիսանան:

Հիշեցնենք, Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը միակն է, որ 2015 թվականի հունվարից անդամակցում է ԵԱՏՄ-ին: