ԳԱԼԱ-ի լրագրողները կուսակցություն են ստեղծում՝ Գյումրու ձայնը լսելի դարձնելու համար
Հայաստանի քաղաքական դաշտում նոր կուսակցություն է ձևավորվում, որը գոնե սկզբնական շրջանում կունենա հստակ ուղղվածություն՝ բարձրաձայնել ու փորձել լուծել Գյումրու խնդիրները, իսկ հետագա գործունեությունն ածանցյալ կլինի դրանից: Լրատվական դաշտում արդեն 11 տարի գործող ԳԱԼԱ-ն այսուհետ կփորձի իր խոսքն ասել նաև քաղաքականության մեջ՝ ձևավորված «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցության գործունեության միջոցով: Որպես թիրախ նախևառաջ ընտրվել են ՏԻՄ ընտրությունները, քանի որ աշնանը Հայաստանի երկրորդ քաղաքը քաղաքապետ է ընտրելու, իսկ այնուհետ նաև փորձ կարվի պայքարել Ազգային Ժողովում ներկայացված լինելու համար:
VERELQ-ի հետ զրույցում ԳԱԼԱ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը նշեց, որ այս պահին պատրաստվում են համագումարի անցկացմանը, որը նախատեսված է հուլիսի 1-ին, որում էլ շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Այդ թվում և՝ թե ո՞ է լինելու իրենց թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պայքարում: Կարևոր գաղափարը, որն իրենց երկար բանավեճերից ու անհամաձայնություններից հետո ի վերջո բերեց կուսակցություն ստեղծելու որոշման կայացմանն այն է, որ Գյումրին չպետք է մնա անտեր, ինչը նաև Գյումրին Ազգային Ժողովում ներկայացնող պատգամավորներով է պայմանավորված. նրանք, Վարդանյանի խոսքով, շատ հարցեր ուղղակի չեն բարձրաձայնում ու խնդիրներ չեն լուծում:
«Տարբեր ընտրությունների ժամանակ իշխանությունները Գյումրիում պարտվում են, բայց Գյումրու հստակ «Ոչ»-երը արդյունք չեն տալիս, այսինքն՝ իշխանությունները որևէ քայլ չեն անում, որպեսզի ինչ-որ բան փոխվի Գյումրիում, միայն պոպուլիզմի ենք ականատես լինում: Մենք կփորձենք Գյումրու ձայնը լսելի դարձնել համապատասխան մարմիններում և գործ կպահանջենք»,-ասաց նա:
Կարևորը Գյումրու և գյումրեցիների շահերը խորհրդարանում ներկայացնելն է ու նրանց ձայնն ու պահանջը հասանելւի դարձնելը: ԳԱԼԱ-ն 11 տարվա ճանապարհ է անցել, գյումրեցին ճանաչում է, և հենց սա է գլխավոր գործոնը, որ նման որոշում կայացվեց.
«Մենք հավատում ենք, որ մեր անցած ճանապարհը կօգնի մեզ մաքուր ձեռքերով մտնել քաղաքականություն»,- ասաց Վարդանյանն ու հավելեց, որ իր բնույթով ԳԱԼԱ-ն աննախադեպ կուսակցություն է լինելու, որովհետև ստեղծվում է ոչ միայն լրագրողական կազմակերպության հիմքով, այլև նախևառաջ դրա շարքերը համալրելու նախապատվությունը տրվելու է հենց լրագրողներին:
Հիշեցնենք, ԳԱԼԱ-ի առաջին համագումարը տեղի կունենա հուլիսի 1-ին: