Սերժ Սարգսյան. Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում մասնավորապես ասել է. «Այս տոնը մեզ համար առաջին հերթին փրկության տոն է: Մենք փրկեցինք մեր վերջին հողակտորը և այդ հողակտորի վրա մնացած մեր ժողովրդի վերջին բեկորները: Որքան էլ ծանր է խոստովանել, բայց դա էր իրականությունը»:
Նրա գնահատմամբ, այդ օրերին հուսահատության և արնաքամության եզրին կանգնած հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ, հաղթելու և հետ շպրտելու նրան: "Մայիսյան հերոսամարտերը և դրանց հաղթական ելքը շատերը զարմանալի հրաշք էին անվանում: Մենք հաղթեցինք, մենք ապրեցինք և մենք ազատագրվեցինք", - նշում է նախագահը:
Անկախությունն ու պետականությունը, արձանագրում է նա, հայերին ոչ ոք չի նվիրել: "Մենք դրա համար վճարել ենք այնքան, որքան թերևս ոչ ոք չի վճարել: Մենք դա արել ենք մենակ, ավելին՝ մենք դա արել ենք ի հեճուկս ճակատագրի հարվածների", - ասել է նա:
՞Մայիսի 28-ով օտարի հպատակն ու գաղթականը դառնում էին պետության քաղաքացի: Դառնում էին մարդ, ով իր ոտքի տակ արդեն զգում էր ամուր հող, իսկ թիկունքում՝ պետություն: Պետություն, որի կառուցմանը պետք է լծվեր հենց ինքը: Պետություն, որին պետք է ծառայեր: Պետություն, որին պետք է պահանջներ ներկայացներ: Պետություն, որին պետք է քննադատեր՝ ավելի լավը դարձնելու ակնկալիքով: Պետություն, որ իր կիսամեռ ժողովրդից, որի գրեթե կեսն էլ որբեր էին, պիտի ստանար քաղաքական ազգ: Պիտի աճեցներ նոր սերունդ, վերածնված սերունդ, որ ունակ է գիտական, մշակութային և ռազմական նոր սխրանքներ գործել: Դա պետություն էր, որ կանխորոշեց Խորհրդային Հայաստանի և այսօրվա Հայաստանի Հանրապետության գոյությունը", - համոզված է երկրի ղեկավարը:
Իր խոսքում անդրադառնալով ապրիլյան պատերազմական գործողություններին և զուգահեռներ տանելով գրեթե 100 տարվա վաղեմության իրադարձությունների հետ՝ Սարգսյանը նշել է, որ այս տարվա ապրիլի սկզբի ռազմական իրադարձություններն ավելի տեսանելի դարձրին մի շարք իրողություններ՝ "թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ մեր ներսում, թե՛ մեր շուրջը": "Դրանց մեջ ինձ համար ամենակարևորը մեր նոր սերունդն է՝ անկախության սերունդը, որ և՛ մեզ, և՛ բոլորին ցույց տվեց, որ ինքն է իսկապես տերն ու պատասխանատուն իր երկրի: 1918 թվականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք", - ասել է նա:
Նոր Սարդարապատ չի լինելու, վստահցրել է նախագահը, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդյոք:
"Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն: Կա անկախության սերունդ, որ ուզում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց և քայլելու է: Անկախության սերունդ, որ ուզում է քայլեցնել իր երկիրն առաջ և քայլեցնելու է: Անկախության սերունդ, որ բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը: Դա արգասիքն է այն իրողության, որ նրանց ընտանիքներում ու դպրոցներում նույնպես ճիշտ են հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մենք՝ որպես պետություն, որպես ազգ և հասարակություն ճիշտ ենք հասկացել մայիսի 28-ի պատգամը", - եզրափակել է նա: