24.11.2024
Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն մեկնաբանել է Ալիևի՝ ՀՀ հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին հայտարարությունը

Նման հանդիպում նախատեսված չէ: Ավելին, Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին Ալիևի ելույթում արված այն հայտարարությունը, թե Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել:  


«Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած՝ Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները և ինքնին՝ ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով և զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով: Այս ամենը, ինչպես նաև ռազմագերիների հարցի շահարկումը Ադրբեջանի կողմից, գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից»,- նշել է Նաղդալյանը, պատասխանելով Արմենպրեսի հարցերին։


Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման և ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին:


«Պարզապես մեկ պարզ դիտարկում անենք այս առնչությամբ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո»,- ավելացրել է նա:


Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, թե Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է, ինչպես նաև նրա նկրտումներին Երևանի և Սևանի նկատմամբ, Աննա Նաղդալյանը նշել է, որ զավեշտալի է, երբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով:


«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, սակայն հարկ ենք համարում վերստին ընդգծել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ: Նմանօրինակ սադրիչ հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը:


Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությանը, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է և որ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին, Աննա Նաղդալյանը նշել է.


«Այս հարցի առնչությամբ ԱԳՆ-ն տարբեր մակարդակներով արդեն բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը: Ցանկանում եմ հավելել, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան բացահայտ արհամարհանք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած սեփական հանձնառությունների և իր միջազգային պարտավորությունների հանդեպ: Ադրբեջանի իշխանությունների նման ապակառուցողական դիրքորոշումն ու գործելաոճը նաև վտանգում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լիակատար իրականացումը: Մենք բազմիցս ենք նշել, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների և հրադադարի մասին եռակողմ հայտարարության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք պետք է Ադրբեջանի կողմից հայրենադարձվեն՝ առանց որևէ նախապայմանի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա»:


ԱԳՆ ներկայացուցիչը նաև ասել է, որ այս հարցում հայկական կողմն ակնկալում է միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային մասնագիտացված կառույցների գործուն աջակցությունը՝ ապահովելու ադրբեջանական կողմում պատանդառության մեջ պահվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվտանգ վերադարձը:


«Ապրիլի 13-ին եղել է ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում հատուկ նշվել է վերոնշյալ հարցը: Ինչպես գիտեք այս հարցում իրենց դիրքորոշումն են արտահայտել միջազգային մեր բազմաթիվ գործընկերներ առ այն, որ ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն»,- հավելել է նա: