ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ««Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդգծեց, որ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն արդեն իսկ կնքել են երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագրեր:
Ըստ համաձայնագրի՝ Սերբիան սակագնային պարտավորությունների առնչությամբ ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է շուկայի համակցված մուտքի ռեժիմ, հանումների ցանկեր, որոնք անհատական են ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության համար՝ գործող երկկողմ համաձայնագրերի համեմատ մուտքի պայմանների չվատթարացումը ապահովելու նպատակով: ՀՀ արտադրողները, ինչպես եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունները, կստանան սերբական շուկա մուտքի որակյալ պայմաններ:
Փոխնախարարն անդրադարձավ համաձայնագրով նախատեսված համաձայնեցված զիջումներին: Օրինակ՝ կաթնամթերքի դեպքում ԵԱՏՄ անդամ պետությունները Սերբիային տրամադրում են պինդ եւ կիսապինդ պանրի որոշ տեսակների՝ առանց մաքսատուրքի կիրառման 400 տոննայի չափով քվոտա, իսկ այծի եւ ոչխարի կաթից պատրաստված պանրի համար՝ առանց մաքսատուրքի մուտքի ապահովում: Սերբիան ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է առանց քվոտայի եւ մաքսատուրքի որոշ տեսակի պինդ եւ կիսապինդ պանիրների համար մատակարարումներ:
Ալկոհոլային արտադրանքի դեպքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Սերբիային տրամադրվում է 2208 20 290 0 եւ 2208 20 890 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասվող բրենդիի նկատմամբ առանց մաքսատուրքի սակագնային քվոտա՝ տարեկան 35 հազար լիտր մաքուր սպիրտի հաշվարկով: Սերբիան ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է 2208 20 29 եւ 2208 20 89 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասվող բրենդիի նկատմամբ առանց մաքսատուրքի սակագնային քվոտա՝ տարեկան 50 հազար լիտր մաքուր սպիրտի հաշվարկով:
Ծխախոտի արտադրանքի պարագայում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Սերբիային տրամադրվում է ծխախոտի համար առանց մաքսատուրքի սակագնային քվոտա՝ տարեկան մինչեւ 2 մլրդ հատ ծավալով: Սերբիայի կողմից Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ղրղզստանից ծագող թութուն պարունակող ծխախոտի նկատմամբ տրամադրվում է սակագնային քվոտա՝ տարեկան 2 մլրդ հատ ծավալով: Վարոս Սիմոնյանը վստահեցրեց, որ տեղական արտադրողը որեւէ վնաս չի կրելու:
Պատգամավոր Վահե Հովհաննիսյանը փորձեց ճշտել Հայաստանի եւ Սերբիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը եւ համաձայնագրի ընդունումից հետո ակնկալվող աճը:
«Համաձայնագրի կնքման նպատակն առեւտրաշրջանառության աճը չէ: Սերբիան Հայաստանի համար արտահանման հիմնական շուկա չէ: ԵԱՏՄ անդամ երեք երկրներն ունեցել են ազատ առեւտրի համաձայնագրեր եւ այս առումով անհավասարություն է առաջացել: Մեր արտադրողները որոշակի անհավասար պայմաններում էին գտնվում»,-ասաց փոխնախարարը: