22.11.2024
Մամուլ. Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ, բայց մերժվել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մանվել Գրիգորյանի կինը մտնում է քաղաքականություն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ին տեղի է ունենալու «5-րդ գումարտակ» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը: Կազմակերպությունը ստեղծում է ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Համագումարը տեղի է ունենալու Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ հնարավորինս հանդիսավոր պայմաններում: Բնականաբար, հասարակական կազմակերպության համագումարը տեղի է ունենում խիստ քաղաքական նկատառումներով, իսկ թե ընտրությունների ժամանակ ում համար կաշխատի կազմակերպությունը՝ պարզ կլինի առաջիկայում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտ­նի է որպես իշխանական ֆեյքերի ՊՈԱԿ անունով, կրկին մնաց առանց տնօրենի: Լիլի Մինասյանն ազատվել է վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից՝ իր մեկնաբանմամբ անձնական պատճառներով, իսկ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Սակայն, «Իրավունքին» այլ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների՝ ՔՊ- ում կադրային ռեբրենդինգ է սկսվել: Մասնավորապես խնդիր է դրված ազատվել նրանցից, ովքեր համարվում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բերած կադրերը, որոնցից էր նաեւ Լիլի Մինասյանը: Եվ ընդհանրապես Արարատ Միրզոյանին սկսել են թիմում յուրային չընկալել՝ իզոլացնելով իրենց շարքերից: Ըստ նույն խոսակցությունների՝ այսպիսի վերաբերմունքը սկսվել է դեռեւս ԱԺ նախագահին ծեծի ենթարկելուց հետո: Նույնիսկ իշխանական թիմում հնչում են տեսակետներ, որ եթե այսօր Նիկոլ Փաշինյանին կառավարության մի շենքից մյուսը ուղեկցում են ոստիկանական անթիվ եւ անհամար զորքեր, ապա միանշանակ կարելի էր այդ կրիտիկական օրը նախատեսել եւ ապահովել Միրզոյան Արոյի անվտանգությունը: Սակայն, ինչ-ինչ պատճառներով նրան պետք էր լռեցնել, որ տեղն իմանա: Հիմա եւս դրված է նույն խնդիրը, իշխող թիմում մտահոգված են, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, Արարատ Միրզոյանը կարող է ինչ-որ չնախատեսված «խաղեր տալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հերթական սկանդալը ծագեց՝ Նիկոլ Փաշինյանի չճշտված հայտարարության հետ կապված։ Պուտինին նա ասել էր, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստանում գրանցված է։ Հետո առողջապահության նախարարը փորձեց փրկել նրան՝ ասելով․ ««Սպուտնիկը» գրանցված չէ, բայց թույլատրված է»՝ չբացատրելով, թե դա ինչ նոր կարգավիճակ է։ Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն էլ ասաց․ «Հնարավոր է վարչապետը տեղյակ չի եղել, որ «Սպուտնիկը» գրանցված չէ»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը չի բացառում, որ թիմում իր դեմ հակաքարոզչություն է իրականացվում, բայց հերքում է այն հրապարակումները, թե «Իմ քայլի» ներսում թիմային տարանջատում կա։ Նշում է՝ պատգամավորական մանդատը ինքնանպատակ չի լինում, բայց կգտնվեն թիմակիցներ, որոնք ամեն ինչ կանեն նոր ցուցակում հայտնվելու համար, բայց ինքը այդ պատգամավորներից չէ։ Հարցին՝ հնարավո՞ր է այդ պատգամավորները անձնական անվտանգության խնդիր են ուզում լուծել, նշում է՝ պատգամավոր լինելով ավելի է վտանգվում նրանց կյանքը, քան հակառակը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ռեյտինգային ընտրակարգից ազատվելը, Նիկոլ Փաշինյանն իրեն աջակցող մարդ-կուսակցություններին խոստացել է իջեցնել կուսակցությունների անցողիկ շեմը՝ 5-ից դարձնելով 4, քննարկվել է անգամ 3 տոկոսի հարցը։ Իսկ այդ փոփոխություններն իրականացնելու համար առաջարկել է աղմուկ բարձրացնել՝ հանրային պահանջի իմիտացիա ստեղծել, սակայն վերջին պահին փոշմանել է եւ ընդգրկել է միայն ռեյտինգայինից հրաժարվելու հարցը, քանի որ գցել-բռնել են, որ խորհրդարան չանցածների հավաքած տոկոսները՝ «փոշին» յուրացնելն իրենց ավելի ձեռնտու է, քան մարդ-կուսակցությունների հետ հետընտրական կոալիցիաները խորհրդարանում։ Որոշել են՝ չարժե կախման մեջ ընկնել իրենցից բան չներկայացնող ուժերից։ Հիմա Փաշինյանն այդ մարդ-կուսակցություններին, ինչպիսիք ՔՈ-ն է, Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի կուսակցությունները, փորձում է համոզել, թե իբր Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տվել գնալ լայնածավալ փոփոխությունների, հակառակ դեպքում ընտրությունները պետք է 6 ամիս հետո անցկացնեին։ Որոշ կուսակցությունների սա փաստի առաջ է կանգնեցրել, եւ հիմա դաշինք կազմելու կամ չմասնակցելու մասին են մտածում։ Ոմանք վստահ են, որ Փաշինյանն ընդամենը խաբում է իրենց, իրականում Վենետիկը չէր կարող դեմ լինել շեմի փոփոխությանը․ նախ՝ որ դա խաղի կանոնների փոփոխություն չէ, երկրորդ՝ դրանից ոչ թե տուժելու են քաղաքական ուժերը, այլ՝ շահելու»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ հեղափոխական դաշնակցությունում շատ դժվար ժամանակներ են: Կուսակցությունը մաս կազմելով «Հայրենիքի փրկության ճակատ» շարժմանը՝ երկար ժամանակ հայտարարում էր, որ չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող արտահերթ ընտրություններին, ՀՅԴ ներկայացուցիչները նույնիսկ կիսաձայն քննադատում էին Գագիկ Ծառուկյանին, որ նա Փաշինյանի հետ հանդիպման էր գնացել ու քննարկել ընտրությունների հարցը: Մինչդեռ հիմա ՀՅԴ-ն ոչ միայն պատրաստվում է մասնակցել ընտրություններին, նաև դառնալու է Ռոբերտ Քոչարյանի տրամպլինը քաղաքականություն վերադառնալու համար: Քանի դեռ ընտրությունների մասին հստակ հայտարարություն չկա, դաշնակցականները ասում են, որ դեռ չեն քննարկել ընտրություններին մասնակցելու հարցը, բայց երբ ընտրությունների անցկացումը դարձավ իրական, սկսելու են հիմնավորել դրանց մասնակցելու անհրաժեշտությունը՝ մոռանալով, թե ինչ են ասել փետրվար-մարտ ամիսներին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ շատերն արտաքին վտանգների դեմ համախմբման կոչեր են անում եւ հորդորում վերջ դնել ներքաղաքական պառակտումներին, պարզվում է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ենթադրյալ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձեւավորվելու են եւս 14 կուսակցություն:  Պաշտոնական աղբյուրների համաձայն` քաղաքական խայտաբղետության պակաս չի զգացվելու: Այսպիսով միայն ապրիլ ամսին Երեւանում նախատեսվում է «Հայրենասերների», «Ինտելեկտուալ Հայաստան», «Ազգ-բանակ-հայրենիք», «Ազգի ձայն», «Սոցիալ-իրավական հավասարություն», «Անկախության սերունդ», «Զարթոնք» ազգային քրիստոնեական, Ազգային Միացյալ Նախաձեռնություն, «Վան ազգային-պահպանողական», «Միասնական հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների հիմնադիր համագումարները: Քաղաքական ակտիվություն դրսեւորվում է նաեւ մարզերում, հատկապես՝ Կոտայքում եւ Սյունիքում: Օրինակ` Կոտայքում նախատեսված է «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» եւ «Արեւ Սոցիալիստական» կուսակցությունների հիմնադիր համագումարները: Իսկ Կապանում տեղի կունենա «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցության հիմնադիր համագումարը: «Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն` հայտնի ակտիվ քաղաքացիական նախաձեռնություններից մեկն առաջիկա օրերին կհայտարարի կուսակցություն բացելու եւ ընտրություններին սեփական թիմով մասնակցելու մասին: Այնպես որ, հնարավոր առաջիկա արտահերթ ընտրություններին «փրկիչների» պակաս չի լինելու»:


«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ շուտով քաղաքական արենա վերադառնալու մասին կհայտարարի ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Ըստ նույն լուրերի՝ վերջինս արդեն իսկ միացել է Արտակ Թովմասյանի ստեղծած երրորդ ուժին եւ հենց նրա հետ էլ շարունակելու է մասնակցությունը առաջիկա ընտրական գործընթացներին: Հիշեցնենք, նախորդ տարի նախկին պատգամավորը պաշտոնապես հայտարարեց, որ ամուսանցել է Ռուսաստանի հայտնի միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է 2021թ․ առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակիցների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պարգեւատրումների ցուցակը։ Պարզվում է՝ հետպատերազմական Հայաստանում էլ կարելի է շռայլություններ թույլ տալ եւ որոշ պաշտոնյաների 100 տոկոսի չափով եւ նույնիսկ ավելի պարգեւատրել։ Ընդհանուր թվով պարգեւատրումը կազմել է 70 մլն 168 հազար 582 դրամ։ Ցուցակում տեսնում ենք, որ փոխքաղաքապետերը պարգեւատրվել են 1 մլն 440 հազար դրամով, բացառությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, ում պարգեւատրումը 722 հազար է կազմել։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, բոլոր թաղապետերը 840 հազարական դրամով են պարգեւատրվել։ Ուշագրավ է, որ քաղաքապետի խոսնակի անունը չկա ցանկում։ Քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հրապարակված ցանկն իրականում պարգեւատրումների չնչին մասն է, ամբողջական որոշումն այլ՝ գաղտնի հրամանի տակ են քողարկել»:


«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում, կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել իրենց, իբր պատրաստվում են ինչ-որ գործարքներ իրականացնել՝ ինչ-որ նպատակներով: «Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր շուկան ավելի քան 15 օր վտանգված էր, եւ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր շուկան: Մենք Կարմիր շուկայում 150 տուն ենք կառուցում, եւ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ Կարմիր շուկան պատրաստվում ենք հանձնել», - ասել էր Հարությունյանը: Իսկ թե իրականում ինչ է կատարվում Կարմիր շուկայում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱՀ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից: «Վերջերս ենք եղել Կարմիր Շուկայում, երբ մոտենում էինք, ադրբեջանական բեռնատարների մեծ շարասյուն նկատեցինք, որոնք, փաստորեն, նույն ճանապարհով էին անցնում, ինչ մենք: Պատկերացնո՞ւմ եք՝ Շոշ գյուղի հենց մեջտեղով է անցնում ճանապարհը, իսկ մի կողմում դպրոցն է: Այսինքն՝ այդ մեքենաներն անցնելու էին հենց անմիջապես դպրոցի կողքով, և երեխաները պատուհաններից ամեն օր տեսնում են այդ պատկերը: Այդ ճանապարհը միասին օգտագործում են, այսինքն՝ երեխաներն անցնում են նույն ճանապարհը, որով անցնում են թշնամու մեքենաների շարասյունը: Իհարկե, այդ շարասյանն ուղեկցում էին ռուս խաղաղապահները: Իսկ Կարմիր Շուկայում հենց գյուղի միջով էլի անցնում է ճանապարհ։ Երբ այնտեղ էինք, այդ օրը արևոտ եղանակ էր, և տղամարդիկ, կանայք, երեխաները, բոլորը դրսում էին, իսկ այդ մեքենաներն անցնում են... Երբ խոսում էինք գյուղացիների հետ, ասացին, որ անցնելիս ծիծաղում են մեքենաների միջից և անընդհատ նկարում են: Գիտեք, սա ոչ թե տհաճ, այլ անհասկանալի երևույթ է քաղաքացու համար, բայց երբ վերլուծում ես, հասկանում ես, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները, պարզապես, դեռևս տարիներ առաջ էր ասել այն, ինչ տեղի ունեցավ: Հանրությունը լուրջ չէր վերաբերվում, որ ասում էին պետք է ադրբեջանցիների հետ ապրել, պետք է և տնտեսական հարաբերություններ ունենալ նրանց հետ, ինչպես մնացած բոլոր պետությունների հետ: Այսօր, փաստորեն, սա իրականանում է Արցախում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանը իր իրավունքների համար Եվրադատարանում կռիվ տալուց հետո հաղթել է: Պետությունը նրան բավականին կլորիկ գումար է տվել` որպես ոտնահարված ու խախտված իրավունքների փոխհատուցում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գագիկ Ջհանգիրյանը պետությունից ստացված գումարները երեկ վերցրել է ու գնացել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին անձամբ տվել է երկու միլիոն դրամ գումար` խոստանալով, որ օրերս էլի է նվիրաբերելու որոշ գումարներ՝ արդեն անհատապես վերականգնողական կենտրոնում բուժվողների համար, նրանց անունով: Այսպիսով, մի շարք դատավորների, քննիչների ու դատախազների պատճառով մեր երկիրը պարտվել է Եվրադատարանում: Եվ, բացի ամոթալի պարտությունից, ՀՀ կառավարությունը հարկատուների միջոցներով գոյացած գումարներով ձեւավորված պետական բյուջեից ստիպված է եղել փոխհատուցել Ջհանգիրյանի խախտված իրավունքների համար: Ու լավ է, որ գոնե այդ գումարները բաժին են հասել վիրավոր, անդամահատված զինվորներին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021 մարտի 31-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցրեց ընդամենը 5 օր եւ նույն օրը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա անձի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Պարզվում է` Սիմոնյանը ԱԱԾ պետ նշանակվելուց հետո դատական համակարգում մի որոշում է կայացրել, ինչը քրեորեն պատժելի արարք է, եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը Անդրանիկ Սիմոնյանի գործողության մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Իսկ ո՞րն է թեման: 2017 թվականին քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով, որը խստացվել է 2018 թվականի մայիսի 10-ին: 2018 թվականի մայիսի 31-ին քրեական գործը՝ վերջնական մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մինչ օրս գործը տարբեր դատավորներ քննել են ու փոխանցել մեկը մյուսին: Եւ, ահա, Աբգարյանի պաշտպանը, երբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, գործը քննել է նախկին դատավոր, այսօր արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը (նա 2020 սեպտեմբերից է ստանձնել գործի քննությունը): Ուշագրավն այն է, որ թեեւ դատավոր Սիմոնյանը 2021 թվականի փետրվարի 5-ին առանձին դատական ակտի ձեւով որոշում է կայացրել` ներկայացված միջնորդությունը մերժելու մասին, սակայն կողմերը մինչ օրս չեն ստացել որոշումը. այն չի ուղարկվել:


Եւ հիմա իրավապաշտպանները ԱԱԾ-ի ուշադրությունն են հրավիրել այն իրողության վրա, որ Անդրանիկ Սիմոնյանը պետք է հետին թվով ստորագրի այս որոշումը արդեն իսկ դատավորի կարգավիճակում չգտնվելու եւ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ լինելու ժամանակահատվածում: Այս արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված է. «Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը…»: Սույն հանցագործությունը ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում: Հանցագործության օբյեկտիվ կողմը դրսեւորվում է մի կողմից պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու եւ, մյուս կողմից, դատարան եւ իրավապահ այլ մարմինների աշխատողների համազգեստը կամ վկայականն օգտագործելու միջոցով: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Այսպիսով, եթե Անդրանիկ Սիմոնյանը դատավորի կարգավիճակում կայացրած դատական ակտը պետք է ստորագրի 2 ամիս անց, ստացվում է պաշտոնական կեղծիքի հանցակազմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտը կայացվում է այն ստորագրելու միջոցով, եւ դրա հետաձգված ստորագրությունը պաշտոնական փաստաթղթում կեղծիք մտցնելու հանցակազմ է պարունակում: Մեզ մնում է սպասել ԱԱԾ քննիչների գործողություններին եւ հիշեցնել, որ Սիմոնյանին ԱԱԾ պետի պաշտոնում փաստացի նշանակել է տվել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր լրագրողական հետաքննությունը ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս նախաքննական մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեն, Հայկ Հարությունյանի հարազատներին տեղեկացրել է, որ որոշում է կայացնելու կարճել քրգործը: Սակայն նախկին ոստիկանապետի հարազատները, մասնավորապես՝ Հայկ Հարությունյանի եղբոր որդին, այդ որոշման հետ համամիտ չէ եւ հայտնել է, որ կան բացեր, որոնք նախաքննական մարմինը քննության առարկա չի դարձրել, ուստի պետք է լրացնել դրանք: Նա, մասնավորապես, միջնորդություններ է ներկայացրել Քննչական կոմիտե` ասելով, որ պետք է Հայկ Հարությունյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները լինեն քրեական գործում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հարությունյանի եղբորորդու ներկայացրած խոսակցությունների վերծանումները կարվեն, նախաքննական մարմինը դրանք կներգրավի քրեական գործի մեջ եւ ընթացքը կլուծի: Ասել է թե՝ առաջիկայում ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը կկարճվի: Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեցին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Հիշեցնենք, որ կառավարությունն իր նախորդ նիստերից մեկում հավանություն էր տվել օրենքի նախագծին, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն։ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ ինքն այդ նախագիծը համարում է խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում եւ ուղղված է այն սահմանափակելուն: Գաղտնիք չէ, որ կառավարությունում Թաթոյանի դեմ արշավ էր սկսել Արսեն Թորոսյանը, իսկ խորհրդարանում էլ՝ պատգամավորների այն հատվածը, որոնք գտնվում են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազդեցության տակ։ Բայց այս հաղթանակը չի նշանակում, որ առաջիկայում կրկին հարձակումներ չեն լինի Արման Թաթոյանի ուղղությամբ: Բանն այն է, որ Արսեն Թորոսյանը դեռ առողջապահության նախարար եղած ժամանակից է թիրախավորել Թաթոյանին, քանի որ ՄԻՊ-ը քննադատել էր Առողջապահության նախարարության գործելաոճը կորոնավիրուսի դեմ պայքարի առումով: Ու պարզվում է` հենց Թորոսյանն էր առաջարկել այլեւս Թաթոյանին չկանչել կառավարության նիստերին»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը խորհրդարան է ներկայացրել «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենքի նախագիծ: Օրենքով նախատեսվում է, որ խուզարկուական գործունեությունը լինելու է լիցենզավորված: Սահմանվում են նաև գործունեության այն ոլորտները, որոնցով կարող է զբաղվել մասնավոր խուզարկուն: Մասնավորապես՝ խուզարկուն կարող է «Տեղեկություններ հավաքագրել և բացահայտել ֆիզիկական անձանց անձնական հատկանիշները, բնավորության գծերը, կենսագրական տվյալները, շրջապատն ու շփման շրջանակը, նախասիրությունները, վարքագիծը»: Խուզարկուի վճարը սահմանվելու է Խուզարկուների միության կողմից, որը ևս ստեղծվելու է այս օրենքի շրջանակում»: