23.11.2024
Նիկոլը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ, բայց մերժվել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն օրերս իր ամառանոց է հրավիրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ում հետ վերջին շրջանում գրեթե չի շփվում։ Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ ու հեռանալ՝ բացատրելով, որ առաջիկա ընտրություններին իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ են երեւանյան ձայները, եւ ամեն ձայնի համար պետք է կենաց-մահու պայքար մղել։ Հասկացրել է, որ թիմն այլեւս նրան չի ընդունում որպես յուրային, եւ ուզում են այդ առաքելությունը մեկ ուրիշի վրա դնել։ Սակայն Մարությանը մերժել է Փաշինյանին, միաժամանակ խոստացել է ընտրություններում պահպանել չեզոքություն։ Իսկ իրեն իմպիչմենտ անելու սպառնալիքին ի պատասխան, համարժեք սպառնացել է՝ ասելով, թե ընտրություններից առաջ այնպիսի հայտարարություններ կանի, որ ողջ վարչական ռեսուրսն էլ օգտագործեն, չեն կարողանա վերարտադրվել։ Քաղաքապետի մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել Մարության-Փաշինյան հանդիպման մասին ՝ առաջարկելով գրավոր դիմել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելության հաջորդ կանգառը կլինի Արարատի կամ Արմավիրի մարզը, մինչ այդ ՀՓՇ կազմակերպչական հանձնաժողովը նիստ կանի եւ կքննարկի Սեւանի պատկերից խուսափելու տարբերակները։ Բանն այն է, որ նախօրեին Սեւան այցը չի արդարացրել նրանց սպասելիքները, շատ սակավամարդ է եղել։ Ոմանք կարծում են, որ աշխատանքային ժամերը լավագույնը չեն նման հանդիպումների համար, մարդիկ իրենց գործին են, դրան գումարած՝ գյուղատնտեսական սեզոնն է բացվել, եւ երեկոյան են դաշտերից տուն վերադառնում։ Մյուս կողմից՝ երեկոյան ժամերին համայնքներում առկա է հրապարակների լուսավորության խնդիր։ Այս հարցերը քննարկելուց հետո նոր լուծումներ կգտնեն եւ կիրականացնեն հաջորդ երթուղին։ Ի դեպ, ԲՀԿ-ն շարժման միակ ուժն է, որը ներկայացուցիչ չէր գործուղել Սեւան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպման է հրավիրել պետական բուհերի ռեկտորներին: Թեման «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքն է, որը օրենքի խախտմամբ 2 օր ուշացումով է ուղարկվել ՀՀ նախագահին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ ռեկտորների հետ հանդիպումը նախագահը հանդիպել է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանին՝ քննարկելու համար աղմկահարույց օրենքի նախագիծը: Նախարարը փորձել էր հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Արմեն Սարգսյանը՝ հաշվի առնելով առկա քննադատությունները: Եվ Արմեն Սարգսյանը, այսպես ասած, փափուկ բարձ է դրել նախարարի գլխի տակ՝ ասելով, թե լուրջ խնդիրներ չի տեսնում: Սակայն այդ հանդիպումից հետո կառավարության համար պարզ դարձավ, որ Արմեն Սարգսյանը չի ցանկանում ստորագրել օրենքի նախագիծը, եւ ավելին՝ Ազգային ժողովի խախտման հետեւանքով աղմկահարույց օրենքի ճակատագիրն ընդհանրապես անհայտ է: Ինչպես հայտնի է, այդ օրենքի նախագիծը պետք է ուղարկեին մինչեւ մարտի 31-ը, այնինչ նախագահին ուղարկվել է ապրիլի 2-ին։ Սա նշանակում է, որ նախագահը չի կարող այն ստորագրել։ Եվ թերեւս նախագահի՝ ռեկտորների հետ հանդիպման նպատակը այս օրենքի շուրջ ստեղծված իրավիճակն է եւ ռեկտորների կարծիքն իմանալը։ Իսկ ռեկտորների մի մասը շատ արմատական է տրամադրված եւ պահանջելու է նախագահից այդ օրենքը չստորագրել՝ ուղարկելով ՀՀ սահմանադրական դատարան՝ որոշելու օրենքում առկա հակասահմանադրական ձեւակերպումները»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին արդարադատության նախարարի տեղակալ նշանակվեց Սուրեն Գրիգորյանը՝ վայր դնելով ԱԺ պատգամավորի մանդատը: Շատերն արձանագրեցին, որ նոր փոխնախարարը ընդամենը 28 տարեկան է: Սակայն այս հանգամանքը գոնե արդարադատության նախարարության համար, կարծես, սովորական է: Պարզվում է՝ այս գերատեսչության ղեկավար կազմի միջին տարիքը... 32 է: Մասնավորաբար, նախարար Ռուստամ Բադասյանը 30 տարեկան է, նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ 31, մյուս տեղակալը՝ Արմեն Հովհաննիսյանը՝ 32: Նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը 29 տարեկան է, նրա տեղակալ Սոսի Վարդանյանը՝ 30: Մի խոսքով՝ իսկական «երիտասարդական» նախարարություն: Այս, ինչպես նաև աշխատանքային փորձի տեսակետից տարբերվում է միայն օրերս նախարարի առաջին տեղակալ նշանակված Քրիստիննե Գրիգորյանը (ծնվ. 1981 թ.)»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության, օրերս «ճեպընթաց» ռեժիմով փոփոխություն կատարեց Ընտրական օրենսգրքում: Ավելի ստույգ, վերացվեց ռեյտինգային ընտրակարգը և ուրիշ ոչինչ: Այս հանգամանքը, որ միայն ռեյտինգայինն է հանվել, զայրացրել ու հիասթափեցրել է քաղաքական որոշ ուժերի: Խոսքը հիմնականում Նիկոլ Փաշինյանին կից փոքր միավորների մասին է: Բանն այն է, որ այդ կուսակցությունները նույնիսկ տեսական շանս չունեն հաղթահարելու 5 տոկոսի արգելքը, գումարած՝ չունեն վարկանիշային ընտրակարգով առաջադրելու թեկնածուներ: Ուստի Նիկոլ Փաշինյանն այդ կուսակցություններին խոստացել էր նվազեցնել նաև անցողիկ շեմը՝ դարձնելով 4 կամ նույնիսկ 3 տոկոս՝ փոխարենն ակնկալելով, որ նրանք ակտիվ քարոզչություն են իրականացնելու ռեյտինգայինի վերացման օգտին՝ աջակցելով իշխանություններին: Մերձփաշինյանական այդ միավորներն իրենց բաժին գործն ակտիվորեն կատարեցին, սակայն Նիկոլ Փաշինյանը փոխեց միայն ընտրակարգը, ինչը իրեն էր ձեռնտու, անցողիկ շեմը թողնելով նույնը: Ըստ էության, այդ միավորները գտնում են, որ Փաշինյանը «գցել» է իրենց: «Փաստ» թերթի տեղեկություններով, երբ նրան փոխանցել են «գցվածների» դժգոհությունը, Փաշինյանն ասել է՝ թող խորհրդարանական ընդդիմությունը առաջարկ ներկայացնի, կնայենք: Այսինքն, փաստացի թեման իրենից հեռացնում է դեպի ընդդիմություն, այնինչ, հենց ինքն է խոստացել, որ անցողիկ շեմը նվազեցնելու փոփոխություն են անելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ով որ նման բան է ասում, գլուխը պատովն է տալիս»,- ասում է Սյունիքից ընտրված պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն ի պատասխան հետեւյալ հարցին՝ իսկապե՞ս իշխանականներդ երես չունեք ցերեկով Սյունիք մտնելու, եւ դրա համար էլ մարզ մեկնած Արայիկ Հարությունյանն ու Սուրեն Պապիկյանը գիշերային հանդիպումներ են կազմակերպել մարզում։ «Ես էլ եմ գիշերով գնում, ի՞նչ կա դրա մեջ»,- հակադարձում է նա։ «Ձեր ասելով՝ Սյունիքում իշխանություն չկա, հա՞, որ իշխանությունները վախենում են, բա էդ ո՞վ ա Սյունիքի իշխանությունը, պետական կառույցները չե՞ն»։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ սյունեցին ցույց տվեց, որ չի սպասում Փաշինյանին ու նրա ուղեկիցներին։ «Բա ինչպե՞ս Սիսիան գնաց, թե՞ Սիսիանը Սյունիք չէ»։ Գնաց ուղղաթիռով, հանդիպեց սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգուտակին։ «Սյունիքում որեւէ խնդիր չկա վարչապետի անձի եւ իշխանության հետ կապված։ Սյունիքը տարանջատված չէ Հայաստանից»։ Եթե տարանջատված չէ, ինչո՞ւ Փաշինյանը չի այցելում։ «Կայցելի մոտ ժամանակներս»։ Ե՞րբ։ «Երբ կորոշի․․․ Դո՞ւք եք որոշելու՝ որտեղ պետք է առաջինն այցելի․ որտեղ մոտիկ է, որտեղ ժամանակը հերիքում է, այնտեղ է այցելում»։ Սյունիքն իշխանության առաջնահերթությունների մեջ պետք է լիներ, այնտեղ խնդիր կա։ «Հա, ի՞նչ անենք, որ խնդիր կա, Տավուշում էլ կա, ուրեմն ի՞նչ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա այնտե՞ղ ապրի»։ Խաչատրյանը հորդորեց սպասել ընտրություններին, որ համոզվենք, թե Սյունիքն ինչ սիրով է ընդունում Փաշինյանին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կամ, որ առավել հայտնի է, «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրեն Լիլի Մինասյանն ազատվել է պաշտոնից։ Նա նշանակվել էր ընդամենը անցյալ տարվա դեկտեմբերին, մինչ այդ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր։ Այդ ժամանակ գրվեց, թե Մինասյանը փորձել է գազային ատրճանակով մուտք գործել ԱԺ տարածք, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել են, հետո բացատրել է, թե ցանկացել է ստուգել անվտանգության զգոնությունը։ Մինասյանը հաստատեց աշխատանքից ազատվելու լուրը՝ նշելով, որ ապրիլի 6-ին է ազատվել՝ անձնական պատճառներով։ Աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյա՞նն է «ջանք գործադրել», որ ազատվեք, ասաց․ «Չգիտեմ՝ ինձ ինչքանով եք ճանաչում, բայց ոչ մեկ չի կարա ջանք գործադրի, որ ես աշխատանքից դուրս գամ»։ Բայց շատ կարճ տեւեց «ֆեյքերի ՊՈԱԿ»-ում Ձեր պաշտոնավարումը։ Մինասյանը հայտարարեց, թե այնտեղ ֆեյքեր չեն եղել։ Ի դեպ, մեր տեղեկությամբ, Մինասյանի փոխարեն հնարավոր է նշանակվի «ֆեյքային» դաշտում հայտնի Տարոն Չախոյանը, որը վերջերս նշանակվել էր կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:


«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական պրոյեկտ, ամբողջ ընթացքում գործել է նեգատիվ հարթությունում։ Խնդիրը միայն նրա ընդդիմադիր կենսագրությունը չէ, այլ մտածողությունը, աշխարհայացքը, արժեհամակարգը։ Այդ նեգատիվի գագաթնակետը եղավ 2018 թվականը, երբ «մերժիր Սերժինը» նրա համար ճանապարհ հարթեց դեպի իշխանություն։ Նա իշխանության եկավ ոչ թե հանուն ինչ- որ նպատակի կամ գաղափարի, այլ հենց նեգատիվիզմի, մերժման շնորհիվ։ Իսկ գաղափարաբանական, փիլիսոփայական առումով դա սկզբունքորեն տարբերվում է դասական ընդդիմադիր գործունեությունից։ Եվ խնդիրը միայն իշխանության գալու ճանապարհին դրսեւորված բացասականությունը կամ ատելությունը չէ, ինչը կարելի էր նորմալ համարել։ Նա կարող էր իշխանության գալ այդ հենքով, բայց արդեն որպես իշխանություն՝ դրսեւորեր ստեղծարարություն, կառուցողականություն, արարում, եւ այդպես շարունակ։ Սակայն իշխանության շուրջ երեք տարիներին նա այդպես էլ չհրաժարվեց նեգատիվիզմից, մանիպուլյացիաներից, անպատասխանատու հայտարարություններից, մերժողականությունից ու դրանք մշտապես վառ պահող ատելությունից։ Փաշինյանի իշխանությունն առաջին իսկ օրից կառուցվել է ու այսօր էլ շարունակում է նախկիններին մերժելու, կոռուպցիայի, թալանի դեմ պայքարի մասին հռչակագրային ականջահաճո ելույթների վրա, որոնք, եթե անգամ կարեւոր են ու անհրաժեշտ, այդուհանդերձ չպետք է լինեն իշխանության համար առաջին գերակայությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը՝ «մերժելով Սերժին», չմերժեց մերժումը որպես մտածողության տեսակ ու նաեւ քաղաքականության մեթոդ օգտագործելու սովորույթը, որն իշխանության պարագային արատավոր սովորույթ է։


Իշխանությունը՝ ի թիվս բազմաթիվ այլ առաքելությունների, պետության ու հասարակության առաջ ունի պոզիտիվ, կառուցողական պարտավորություններ, որոնք, սակայն, հնարավոր չէ իրագործել՝ որպես աշխարահայացք ու գործունեության առանցք որդեգրելով մերժողականությունը։ Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը կամ չկարողացավ, կամ չցանկացավ հասկանալ դա, ինչի արդյունքում անցած երեք տարիներին պետական, հանրային էներգիայի առյուծի բաժինն ուղղվեց իրականում անպտուղ պայքարների, դատարկ ելույթների, «արդարության վերականգնման» անվան տակ իրականացված իրավական կամայականությունների ու ամենաթողության, ներքին թշնամիներ կերտելու ու նրանց դեմ պատերազմելու՝ պետության ու հասարակության շահի տեսանկյունից ոչինչ չտվող գործընթացների վրա։ Իսկ երբ արդեն պետք էր պայքարել ոչ թե մտացածին ներքին թշնամիների, այլ միանգամայն իրական արտաքին թշնամու դեմ, նեգատիվիզմի ռելսերի վրա դրված, սեւերի ու սպիտակների բաժանված պետությունը չկարողացավ դիմակայել այդ մարտահրավերին, եւ արձանագրվեց խայտառակ պարտությունը՝ դաժան հետեւանքներով։ Նիկոլ Փաշինյանն անգամ երկրի ղեկավարի կարգավիճակում շատ հաճախ իրեն դրսեւորում է՝ որպես ընդդիմադիր գործիչ։ Դրա պատճառը, սակայն, ընդդիմադիր գործունեության հանդեպ նրա անհագուրդ սերը չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի անհատական եւ քաղաքական մոտիվատորների հիմքում դրված է մերժումը՝ երեւույթի նեղ եւ լայն իմաստներով, կառուցելու, արարելու անկարողությունը։ Իր կարիերայի ընթացքում նա մերժել է բոլորին ու ամենայնը։ Հիմա Հայաստանը մերժելու հերթն է»:


«168 ժամ» թերթը գրում է. «Տեւական դադարից հետո ապրիլի 10-ին տեղի կունենա ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը: Թվում է, թե նորմալ է, որ ոստիկանությունում կոլեգիայի նիստ պետք է լինի ընդլայնված կազմով, քանի որ ըստ էության քննարկվելիք խնդիրները շատ են՝ սկսած ոստիկանության կազմաքանդումից եւ սորոսական պարեկային ծառայության հիմնումից՝ մինչեւ համակարգի ներսում օրեցօր զարգացող խժդժությունները: Օրինակ, այս պահին ոստիկանության համակարգում տարակուսած են, թե ինչո՞ւ է ոստիկանությունն ահռելի գումարներ դուրս գրում դրսում ծառայություն անցկացնող ոստիկանների համար բիոզուգարաններ կառուցելու համար, կամ ինչո՞ւ եւ ո՞վ է սնունդ մատակարարելու նրանց, եւ ինչո՞ւ հենց այդ ընկերությունը: Հարցերը շատ են, պատասխաններ գրեթե չկան, սակայն 168.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի նպատակը բոլորովին այլ է: Պարզվում է՝ ապրիլի 10-ին նախատեսված նիստի անցկացումն ու այդքան բարձրաստիճան ոստիկանների մեկտեղումը նույն վայրում ունի մեկ նպատակ՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին կշնորհվի ոստիկանության գեներալ-մայորի կոչում: Ասում են՝ այս պահին ոստիկանապետը պատրաստությունների մեջ է. գեներալական համազգեստն են կարում: Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է հնարավոր ընտրություններին ընդառաջ այդ կերպ կաշառել ոստիկանության պետին, դա առանձնապես լուրջ երաշխիք չէ։ Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին նույնպես շնորհվեց այդ կոչումը, ինչը, սակայն, վերջինիս հետ չպահեց անհրաժեշտ ժամանակ լքել Նիկոլ Փաշինյանի թիմը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Եվ այս տարի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ներկայացրել է մարտի 30-ին՝ պահպանելով ժամկետները: Եվ չնայած «ԱԺ կանոնակարգ» օրենքում հաղորդում ներկայացնելու ժամկետները սահմանված են, սակայն այն ներկայացնելունը սահմանված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հաղորդումը խորհրդարանում քննարկելու ժամկետները դեռ հայտնի չեն, եւ չի բացառվում, որ առաջիկա նստաշրջանում այն դեռ չընդգրկվի օրակարգում, սակայն, ամենայն հավանականությամբ, մինչեւ արտահերթ ընտրությունների օրն այն կհասցնեն քննարկել: Օրինակ՝ 2019 թվականի տարեկան հաղորդագրությունը նախորդ տարի քննարկվել էր հունիսի 1-ին: Դատախազության 2020 թվականի հաշվետվությունը տարբերվում է հատկապես արցախյան պատերազմի մասին հիշատակումներով, թե ինչ է կատարվել զինվորական դատախազության ոլորտում:


2020թ. ընթացքում ՀՀ ԶՈւ-ի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 5601 դեպք՝ նախորդ տարվա 3495-ի դիմաց. աճ է արձանագրվել 2106 դեպքով կամ 60.2%-ով: «Ժողովուրդ» օրաթերթը հաղորդումից տեղեկացավ, որ հանցագործությունների դեպքերի կտրուկ աճը պայմանավորված է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմով։ Առանձնապես ծանր հանցագործություններից 538-ը կամ 84,1%-ը պայմանավորված են եղել ռազմական դրությամբ։ Այսպիսով, 640 առանձնապես ծանր հանցագործություններից 9-ը եղել է հակառակորդի կողմից կատարված սպանություն, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանություն:  Հետաքրքիր է, որ ռազմական դրության ժամանակ եղել է զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության եւ պահեստազորայինի կողմից պահեստազորայինի սպանության, պահեստազորայինի կողմից սպայի սպանության մեկական դեպքեր: Բացի այս, առկա է համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի 2 դեպք, պայմանագրային զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության 1 փորձ, ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ բռնություն գործադրելու 5 դեպք: Այլ ուշագրավ դեպքեր եւս կան, մասնավորապես՝ ռազմական դրության ժամանակ պետի կողմից իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության, իշխանության անգործության 18 դեպք, 374 դեպք՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 3-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, 2-ը՝ ռազմական դրության ժամանակ հրամանը չկատարելու, 103-ը՝ ռազմական դրության ժամանակ դասալքության, 2-ը՝ ռազմական դրության ժամանակ անդամախեղման, 1-ը՝ մարտ վարելու միջոցները հակառակորդին թողնելու, 10-ը՝ ագրեսիվ պատերազմի: Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո քրեական գործեր են քննվում, եւ պետք է հուսալ, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից 6 ամիս անց Հայաստանը ապահով առաջնագիծ չունի: Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի նոր սահմանները չունեն անգամ տարրական կահավորում, հայ զինծառայողները սահմանը պահում են սարերի վրա՝ առանց խրամատների եւ պաշտպանվելու համար նվազագույն պայմանների: Եվ այս իրավիճակը խոսում է Պաշտպանության նախարարության, նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի անգործության մասին: Մասնավորապես, պատերազմի ավարտից մինչ այսօր առաջնագծում ինժեներատեխնիկական որեւէ աշխատանք չի կատարվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն եւ հետաքրքրվել՝ ինչու առաջնագծում ինժեներատեխնիկական աշխատանքներ չեն իրականացվում, որն է այդ ամենի պատճառը: ՀՀ պաշտպանության նախարարությունից բավականին ուշացումով, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, հայտնեցին. «ՀՀ ԶՈւ նոր հետպատերազմյան բնագծերում ինժեներական աշխատանքները կատարվում են մշտապես: Աշխատանքների ընթացքը երբեմն պայմանավորված է եղանակային պայմաններով, բարձրադիր լեռնային ռելիեֆով, ձյան շերտով (մինչեւ 3 մ հաստության), ճահճակալած եւ այսօր սառած տեղամասերով»: Այսինքն՝ ըստ էության, Պաշտպանության նախարարությունը եւս հաստատում է, որ առ այսօր առաջնագծի կահավորման համար որեւէ աշխատանք չի կատարվել, քանի որ 500 կմ-ից ավել առաջնագիծը հիմնականում ցուրտ բնակլիմայական պայմաններում է, բարձրադիր լեռնային ռելիեֆով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրապետության ողջ տարածքում նախորդ տարվա մարտից բուժաշխատողները ուժերի գերլարումով պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։ Բացի դրանից, սեպտեմբերից, պայմանավորված պատերազմական իրավիճակով, նրանք դարձյալ մեծ ծավալի աշխատանք են կատարել։ Այժմ կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշները դարձյալ աճ են գրանցում՝ նոր լարվածություն առաջացնելով առողջապահական համակարգում: «Փաստ» թերթը հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե նշյալ համատեքստում բուժաշխատողները (խոսքը բոլոր օղակների բուժաշխատողների մասին է) ստացե՞լ են հավելավճարներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա 2020 թվականի մարտի 1-ից քանի՞ անգամ և ի՞նչ չափով: Հարցրել էինք նաև, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքանո՞վ է բարձրացել բուժաշխատողների աշխատավարձը։ Նախարարությունից պատասխանել են. «Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարով և ռազմական դրությամբ պայմանավորված բուժաշխատողներին վարձատրելու համար հավելավճարներ չի սահմանել: Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը՝ բուժաշխատողների աշխատավարձը, այդ թվում՝ հավելավճարը, սահմանվում է տվյալ ընկերության տնօրենի կողմից»: Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ «2020 թվականի ընթացքում բուժաշխատողների աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվել»: