29.03.2024
Փաշինյանին կարևոր է ցույց տալ, որ Կրեմլի հետ հարաբերությունները վատ չեն, քան «նախկինները»
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Ինչու է Քոչարյանը մերժել Վանեցյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ցանկություն է հայտնել միանալու Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծվելիք նախընտրական դաշինքին, սակայն մերժվել է: Քոչարյանն ասել է, թե իր կողմից այնքան էլ ճիշտ չի լինի դաշինք կազմել մի մարդու հետ, ով իր դեմ քրեական գործ է հարուցել՝ նկատի ունենալով Վանեցյանի ԱԱԾ տնօրեն աշխատած շրջանում իր դեմ հարուցված քրեական գործը: Քոչարյանն ասել է, թե Վանեցյանի հետ հետընտրական դաշինք կստեղծի, եթե վերջինիս ղեկավարած կուսակցությունը մտնի խորհրդարան: Դրա համար պետք է, որ Քոչարյանի կողմից ստեղծվող դաշինքը ևս հայտնվի խորհրդարանում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով՝ գլխավորելու է 2 կամ 3 կուսակցությունների նախընտրական դաշինքը՝ չնշելով, թե որ ուժերի մասին է խոսքը։ Որոշ տեղեկություններով՝ մեկը ՀՅԴ-ն է, երկրորդը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նորաստեղծ «Վերածնվող Հայաստանը», որի վարչության կազմում են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը, Տաթեւի նախկին քաղաքապետ Մուրադ Սիմոնյանը։ Երրորդը կարող է լինել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», որի հետ բանակցություններ են ընթանում։ Ցուցակում կընդգրկվեն նաեւ այլ ուժերի ներկայացուցիչներ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն արդեն սկսել է նախընտրական նախապատրաստությունները: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրահանգով ապրիլի 1-ից վերաբացվել են կուսակցության մարզային նախընտրական շտաբները: Դրանք դեռևս չեն գործում որպես նախընտրական շտաբներ, քանի որ ընտրություններ պաշտոնապես հայտարարված չեն, սակայն, ըստ էության, իրականացնում են ընտրողների հետ աշխատանքի գործառույթ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հետաքրքիր է, որ պաշտոնական Մոսկվան, որը մշտապես հայտարարում էր, թե, օրինակ, վարչապետի հրաժարական տալու կամ չտալու հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, այս անգամ չի թաքցնում, որ Մոսկվայում կքննարկվի նաեւ Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունների հարցը: Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ Պուտինն ու Փաշինյանը մտքեր կփոխանակեն նաեւ Հայաստանում սկսված ընտրական գործընթացների, ինչպես նաեւ հայ-ռուսական «սերտ համագործակցությանը վերաբերող» այլ հարցերի շուրջ: Եվ հաշվի առնելով, որ մեկ շաբաթ առաջ էլ Վլադիմիր Պուտինը զրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ վերջինս էլ Մոսկվայում էր, իրավիճակն ավելի է հետաքրքրանում: Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Պրիտչինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս հանդիպումով Փաշինյանը փորձելու է ստանալ Ռուսաստանի վստահությունը: «Հայաստանի հասարակության մի հատվածը բացասական արձագանքեց բանակցությունների արդյունքին, սակայն կա մի թեւ, որը աջակցում է նրան, իհարկե, ավելի քիչ, քան 2018-ին: Նիկոլ Փաշինյանի համար սա նոր իրողություն է, եւ, իհարկե, այստեղ կարեւոր է աջակցությունը, որպեսզի ավելի վստահ գնա ընտրությունների», – կանխատեսեց ռուս քաղաքագետը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները թիրախավորված են: Պրոցեսը կառավարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ում հրահանգով վարկաբեկում են նրանց։ Տարբեր խողովակներով նամակներ են ուղղվում պետական գերատեսչություններին, որպեսզի ինչ-որ կոմպրոմատներ գտնեն նրանց մասին` հրապարակեն ու խայտառակեն: Մենք գրել էինք, որ Թագուհի Թովմասյանի հարազատների շրջանում ստուգումներ են սկսել, որ անօրինական բան գտնեն, դեռ չի հաջողվել: Արսեն Թորոսյանը, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ հին հաշիվներ ունի եւ կառավարում է վարչապետին կից ֆեյքերի ՊՈԱԿ-ը, հրահանգել է առաջ տանել այն թեզը, թե Թովմասյանն իր քավոր Սասուն Միքայելյանին դավաճանել է՝ դուրս գալով «Իմ քայլից»: Մեզ հետ զրույցում Թովմասյանն ասաց. «Խնդրում եմ, մի մտեք մատի եւ մատանու արանքը: Նույն խորհուրդը կտամ նաեւ նման միտք երկնած արարածներին: Սասուն Միքայելյանն իմ ընտանիքի քավորն է, մեր մեջ մեռոն` մյուռոն կա, իսկ որտեղ կա սրբություն, դավաճանություն չի կարող լինել: Դավաճանություն եղել է մեր հայրենիքի, մեր զինվորի, մեր ապագայի ու հենց մեր` պատգամավորների նկատմամբ… Մի ստիպեք շատ բան ասել: Ժամանակը շատ բան իր տեղը կդնի»: Թիրախում է նաեւ ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, որը ԿԳՄՍ նախկին նախարարի հետ կոնֆլիկտի պատճառով լքեց «Իմ քայլը», նրա մասով էլ շրջանառում են, որ կնոջը Ֆիզկուլտինստիտուտում թարգմանչուհի է տեղավորել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը թիրախավորել է բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրեն ուղղակի դուր չեն գալիս կամ չեն կատարում իր քմահաճույքները։ Գրել էինք, որ վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ի աշխատակիցների եւ ղեկավարի հետ Թորոսյանն արդեն լարվել է։ Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Թորոսյանի թիրախում այս պահին Հայաստանի տեսչական մարմինների ղեկավարներն են՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թորոսյանը տարբեր ձեւաչափերում հանդիպումների ու քննարկումների ժամանակ ակնհայտ ցույց է տվել, որ տեսչության ղեկավարների աշխատանքներից դժգոհ է, ու առաջիկայում իրենք պետք է ազատվեն պաշտոններից: Այդ պաշտոնյաների թվում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, որին նախօրեին արձակուրդ են ուղարկել, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ում եւս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է ուղարկել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այս պաշտոնյաները, հնարավոր է, այլեւս չվերադառնան արձակուրդից իրենց աշխատանքին, քանի որ Արսեն Թորոսյանը կոնկրետ այս անձանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է այնպիսի տեղեկություններ, որոնք նրանց դեմ են եղել եւ կարող են հիմք հանդիսանալ նրանց ազատման համար: Թորոսյանը մարդիկ ունի, որոնց պատրաստվում է առաջիկայում նշանակել այդ պաշտոններում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին՝ Փաշինյանի սյունիքյան այցի ձախողումից հետո, իշխանությունը չի համարձակվում բացեիբաց մարզ այցելել՝ գաղտագողի են գնում։ Ապրիլի 1-3-ը վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանն ու տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը գործուղվել են մարզ, հանդիպել կուսակտիվի հետ, քննարկել նախընտրական կազմակերպչական հարցեր։ Հանդիպումները կայացել են գիշերային ժամերին, որ խնդիրներ չծագեն: Որեւէ պաշտոնյայի, համայնքապետի հետ չեն հանդիպել․ այդ փաստը հաստատել է նաեւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ Հյուրընկալվել են «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանի տանը, ով չհերքեց թիմակիցների այցը, այցի նպատակների մասին ասաց, որ նրանցից ճշտենք։ «Հետո ես եւ պարոն Հարությունյանը եղել ենք Գորիսում, մեր ակտիվիստների հետ հանդիպում ենք ունեցել՝ ոչ աշխատանքային, իրենց խնդիրների մասին ենք լսել, ընդհանուր իրավիճակի մասին, այդքան բան»։ Փաստորեն, պետբյուջեի հաշվին գործուղվում են, որ լսեն կուսակիցների խնդիրների մասին։ Համբարձումյանն ասաց՝ հանդիպումները գիշերով չեն եղել»:


«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորովին վերջերս «Իրավունքը» գրեց, որ Աննա Հակոբյանը հանդիպել է Տավուշի արդեն նախկին մարզպետ, այժմ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանին: Պարզվում է՝ Հակոբ Արշակյանին պաշտոնանկ անելու մտադրություն իշ­խանական ընտանիքն ունեցել է դեռևս մարտի սկզբին: Մեր տեղեկություններով՝ ՀՀ ստվերային ղեկավար Աննա Հակո­բյանը Հայկ Չոբանյանին դեռ մարտի 12- ին ԲՏԱ նախարար դառնալու առաջարկ է արել, իսկ ահա Չոբանյանն առանց վարանելու համաձայնել է: Իսկ թե ով է Աննա Հակոբյանը, որ զբաղված է պաշտոններ բաժանելով, հարցրեք «հպարտ» քաղաքացիներին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի կազմում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, բայց դրանք ոչ թե արվում են, որպեսզի պատերազմից հետո մեր բանակի մեջքը ուղղվի, սահմանները ամրանան, ու կարողանանք ադրբեջանական սադրանքներին դիմակայել, այլ անձնական խնդիր է դրել Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականներին ազատել բանակից եւ շարունակել Զինված ուժերի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը։ Եվ որպեսզի ամեն ինչ հնարավորինս հարթ ընթանա, ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ միասին ԳՇ պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին քննարկում է բանակային կորպուսները խոշորացնել, ստեղծել մեծ հրամանատարական կետ, որը կբերի նոր կրճատումների: Այսպիսով, ԳՇ պետի պաշտոնից խայտառակ կերպով հեռացված, ապա իրավական սկանդալներով ԳՇ պետի աշխատասենյակ վերադարձած Արտակ Դավթյանը մեկիկ-մեկիկ պատժում է այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին եւ պահանջել էին նրա հրաժարականը: Հիշեցնենք, որ Գասպարյանի հետ այդ փաստաթղթի տակ ստորագրել էին թվով 40 զինվորականներ։ Իհարկե, հիմնական թիրախներից մեկը ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է՝ Գրիգորի Խաչատուրովը, որը ինչպես արցախյան 44-օրյա պատերազմում, այնպես էլ տավուշի հուլիսյան դեպքերի ժամանակ ակտիվությամբ ու պրոֆեսիոնալիզմով աչքի ընկավ։ Այսպիսով, պրոֆեսիոնալ զինվորականների գնահատմամբ՝ ամենաանպատրաստ գեներալ Արտակ Դավթյանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ։ Հիշեցնենք, որ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռեւս 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»։ Մովսես Հակոբյանը նշել է, որ հենց այս պատճառով է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՏՄՁ գործադիր տնօրեն, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ընկերները որոշել են հասարակական նախաձեռնությունների ակումբ ստեղծել, որտեղ կհամախմբեն երկրում մտավոր ներուժ ունեցող անձանց եւ կներազդեն հասարակական-քաղաքական գործընթացների վրա։ Ակումբի անունն է՝ «Համակարգ»։ Այստեղ հայտնի եւ ոչ այնքան հայտնի դեմքեր են ընդգրկվելու՝ IT, մշակույթի, կրթության ոլորտներից․ Գագիկ Գինոսյանը, երբեմնի ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, հետախույզ Վովա Վարդանովը, «Արմաթ» ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Շիրակացի» ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը եւ այլք։ Երեկ տեղի է ունեցել ակումբի հերթական հավաքը։ Սեդրակ Վարդանյանն ասաց՝ նպատակն է հանրային նախաձեռնություններ, տարբեր կրթական, մշակութային ծրագրեր իրականացնող մարդկանց համախմբել, որոնք անտարբեր չեն երկրում ընթացող գործընթացների նկատմամբ եւ չեն կարող դիտորդի կարգավիճակով հետեւել, թե «ինչպես է երկիրն իներցիայով գահավիժում»։ Ճի՞շտ է, որ որոշվել է հետագայում ակումբը գրանցել որպես կուսակցություն, ասաց․ «Քննարկվել է, այո, այդ հարցը, բայց մեծամասնության կարծիքով՝ նպատակահարմար չէ, մենք պետք է այսպես ազդեցություն գործենք քաղաքական ուժերի վրա՝ լինի դա իշխող, թե ոչ իշխող, որպեսզի գործընթացներն ընթանան հայանպաստ հունով»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլփաշինյանական բոլոր նախաձեռնություններն այս երեք տարվա ընթացքում նույն ճակատագիրն են ունեցել, ինչ «Մարտի 1»-ի գործի դատավարությունը, որը մոտ 3 տարի զբաղեցրել է մեր հասարակության միտքն ու ուշադրությունը։ Մարտի 1-ի գործի բացահայտման մասին վարչապետ Փաշինյանը խոսեց անմիջապես պաշտոնը ստանձնելուց հետո՝ խոստանալով, որ մեղավորները պատժվելու են։ 3 երկարուձիգ տարի, հարյուրավոր վկաներ ու տուժողներ, հազարավոր դատական նիստեր, կալանքներ ու խուզարկություններ, միջնորդություններ ու ասուլիսներ։ Որքա՜ն ժամանակ ու ռեսուրս ծախսվեց այս գործի դատաքննության վրա, և դա ընդամենը մեկ մարդու կամայականության պատճառով։ Հազարավոր մարդիկ դարձան այդ կապրիզի զոհը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնվեցին ամբաստանյալի կարգավիճակում, երկրի նախկին նախագահը մոտ 2 տարի կալանքի տակ մնաց։ Նաև այս գործի պատճառով խաթարվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները, և գուցե նաև այդ պատճառով ունեցանք կործանարար պատերազմն ու անհաշիվ զոհերը։ Մյուս կողմից, «Մարտի 1»-ի դատավարությունը նաև այն միակ գործն է, որը նոր իշխանությունների օրոք քննվել է, իբրև թե ավարտին հասցվել և մտել դատարան։ Միակ գործն է, որտեղ նախկին իշխանությունների ներկայացուցիչները հայտնվել են մեղադրյալի աթոռին և որպես նախորդ 30 տարվա թալանի ու ավերածությունների սիմվոլ՝ դատվում էին, չէ՞ որ 3 տարի շարունակ խոսել են նախկինների մեղքից։ Միակ գործն է, որտեղ 2018-ի իշխանությունը հետևողականություն է դրսևորել։ Պարզվեց՝ անգամ այն պարագայում, երբ իրենց համար սկզբունքային է ու կարևոր, խուսափել անգրագիտությունից, անփութությունից, օրենքի շրջանակներում գործել չի ստացվում։ Մինչդեռ մարդիկ զգուշացնում էին, որ մաղձի ու վրեժի վրա երկիր չես կառուցի»:


«Իրավունք» օրաթերթը գրում է. «Դեռևս նախորդ շաբաթ դի­մել էինք Առողջապահու­թյան նախարարություն՝ փորձելով պարզել, թե ինչու ձեռք բերվեց հենց «AstraZeneka» պատվաստա­նյութը: Եվ որ պակաս էական չէ՝ ի՞նչ գնով: Այն դեպքում, երբ «AstraZeneka»-ն թաթախված է բազում սկանդալային պատմու­թյունների մեջ, նրան վերագր­վում է հազիվ 60-70 տոկոս արդյունավետություն, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ դրանից էլ շատ ավելի պակաս: Իսկ ահա մեր դաշնակից ՌԴ-ի «Սպուտնիկ \/»-ի արդյունավետությունը, ըստ տարբեր գնահատումների, 92-95%-ի կարգի է: Եթե խնդիրը գինն է, ի՞նչ արժեքով են պատվաստանյութը ձեռք բերել: Խոսքը միանգամայն պարզ հարցի մասին է: Ավելի ճիշտ, առանց մեր հարցնելու էլ նախարարությունը պետք է տեղեկություն տարածեր, թե պատ­վաստանյութի մեկ դոզայի հա­մար վճարել ենք այսքան: Սա­կայն անգամ գրավոր հարցման համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո այդպես էլ պատասխան չկա: Մինչդեռ շրջանառվում են խոսակցություններ, որ «AstraZeneka»-ն ձեռք է բերվել մոտ կրկնակի թանկ գնով, քան «Սպուտնիկ \/»-ի այն արժեքն է, որին Հայաստանը կարող էր հավակնել, եթե ինքնուրույն բանակցեր ՌԴ-ի հետ: Այն դեպքում, երբ մեր Առողջապահության նա­խարարության նախկին ու ներ­կա վերնախավը նախապատվությունը տալիս է «Սպուտնիկ V»-ին, երբ պետք է իրենք ու մեր իշ­խանական օղակի այլ ներկայա­ցուցիչներ պատվաստվեն:  Այսպիսով, եթե «Սպուտնիկ \/»-ի փոխարեն «AstraZeneka»- ն (որից, ի դեպ, եվրոպական երկրները մեկը մյուսի հետևից հրաժարվում են) ձեռք են բերել ոչ ցածր գնի և ոչ էլ բարձր որակի պատճառով, ապա իրա­կանությանն ավելի մոտ են դառ­նում այն լուրերը, որ իրականում պատճառը կասկածելի գործառույթներով աչքի ընկած «Gavi»-ի, լրտեսական մեղադ­րանքներ շալակած «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ու նման այլ արևմտյան կառույցների հանձնարարա­կաններն են»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է լիցենզավորել օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելը՝ 2 միլիոն դրամ պետական տուրք սահմանելով: Հետաքրքիրն այն հիմնավորումն է, որով կառավարությունը սահմանում է այս տուրքը: Ըստ կառավարության՝ «Օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների տարածքում ուղևորների նկատմամբ՝ նրանց բանավոր հավաքագրելու միջոցով անհանգստություն պատճառելու արդյունքում: Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է»: Թե ինչպես պետք է այդ տուրքը օգնի այս խնդրի լուծմանը՝ անհասկանալի է»:


 


 


 

Նիկոլը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար