Հայաստանը խիստ շահագրգռված է ռուսական զենքի, մասնավորապես, Սու-30ՍՄ կործանիչների ձեռք բերմամբ։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։
«Հայաստանը խիստ շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումների հարցում, որպեսզի ունենա ժամանակակից և համատեղելի, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ, սպառազինություն և զինամթերք», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ Երևանում ևս հույս ունեն, որ սպառազինության և զինամթերքի մատակարարումը Հանրապետություն իրականացվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչ ռուսական զինված ուժերի համար:
Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ Փաշինյանը նույնպես դրական պատասխան տվեց։ Նա նշել է, որ այդ ինքնաթիռների գնումը նախատեսված է ինչպես հայ-ռուսական երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով:
Սու-30ՍՄ՝ առանց «օդ-օդ» հրթիռների
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն իսկապես Ռուսաստանից Սու-30ՍՄ կործանիչներ է գնել առանց «օդ-օդ» հրթիռների:
Այդ որոշման պատասխանատվությունը նա դրել է երկրի նախկին ղեկավարության վրա։ «Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, այն բերվել է մայիսին, և այո, մենք մինչև պատերազմը չենք հասցրել հրթիռներ գնել։ Դե, դուք ինքնաթիռ գնեիք, որպեսզի մենք հասցնենք հրթիռներ գնել: Ինչու 26-ամյա պետությունը չուներ կործանիչ ավիացիա, ինչ-որ մեկը կարող է դա բացատրել», - ասել է վարչապետը։
Մոսկվայի եւ Երեւանի միջեւ պայմանագրի հեղինակները «չե՞ն կարդացել ռուսական օրենսդրությունը»
Այն մասին, որ Երևանը Մոսկվայից առանց զինամթերքի կործանիչներ է գնել, 2020-ի նոյեմբերին հայտարարել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Նա ասել է, որ 2016-ին իրեն հաջողվել է երկրի ղեկավարությանը հետ պահել ինքնաթիռ գնելուց, սակայն հետագայում դրանք, միևնույն է, ձեռք են բերվել։
Հակոբյանը պնդել է, որ անձամբ վարչապետին ասել է պայմանագրի ստորագրումից առաջ, որ դա «հանցավոր քայլ» կլինի, քանի որ ռուսական օրենքներն արգելում են երրորդ երկրներին Սու-30ՍՄ սպառազինության, այդ թվում՝ հրթիռների վաճառքը։ Սակայն, ըստ զինվորականի, Մոսկվայի և Երևանի միջև պայմանագրի հեղինակները «չեն կարդացել ռուսական օրենսդրությունը»։
2019 թվականի հունվարին Հայաստանը Ռուսաստանի հետ կնքել է չորս Սու-30ՍՄ-ի մատակարարման պայմանագիր: Մեկ ամիս անց հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են ձեռք բերել եւս ութ կործանիչ: