Թուրքիան պետք է փոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս»-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին, որտեղ ապրիլի 7-ին տեղի կունենա նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Փաշինյանի խոսել է հարևան Թուրքիայի մասին՝ նշելով, որ Անկարային անհրաժեշտ է փոխել ագրեսիվ քաղաքականությունը Երեւանի նկատմամբ։
«Կցանկանայի հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակ էր Թուրքիայի կողմից դեռեւս 1993 թվականին։ Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից», - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Անկարայի թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում։
«Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղղակի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին։ Այս համատեքստում, Թուրքիային տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և տնտեսական նկարագրի վերականգնման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը», — ընդգծել է Փաշինյանը։