Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանել է իր՝ 2020 թ. երկնիշ տնտեսական աճի կանխատեսումը, որը մի քանի անգամ գերազանցում է ԿԲ-ի ու կառավարության կանխատեսումները:
Կենտրոնական բանկը կանխատեսում է 1,4 տոկոս տնտեսական աճ 2021 թվականի համար, իսկ Հայաստանի բյուջեի կանխատեսումներով այն 3,2 տոկոսի սահմաններում է: Նախարար Քերոբյանը, քաջատեղյակ լինելով այս տվյալներին, միևնույն ժամանակ նշում է, որ այս տարվա հունվար-փետրվարի արդյունքները «ավելի լավն են, քան 2019-ի արդյունքները», որն իր կանխատեսման իրականացման համար լավատեսություն է ներշնչում:
Կարձանագրվի 2020-ի նկատմամբ 10 տոկոս աճ
«Այս տարվա հունվար-փետրվարի արդյունքները ավելի լավն են, քան 2019-ի արդյունքները, որովհետեւ 2020-ի հունվար-փետրվարը էապես ավելի լավն էին, քան 2019-ի հունվար-փետրվարը», - այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
2019 թվականի նկատմամբ արձանագրվող աճի տեմպը պահպանելու պարագայում, նախարարը հույս ունի, տարեվերջին կարձանագրվի 2020-ի նկատմամբ ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ: «Ընդամենը դա է», - ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ լավատեսության համար հույս են ներշնչում սկսված և սկսվող բազմաթիվ տնտեսական ծրագրերը:
«Մենք տեսնում ենք բազմաթիվ պրոյեկտներ, որոնք հիմա արդեն ընթացքում են եւ սկսվելու վրա են: Չեմ ուզում բացահայտել, քանի որ դեռ տեղի չեն ունեցել, բայց բազմաթիվներն էլ կան, որ տեղի են ունեցել: Ձեզ ասել եմ «Էվոլուշն գեյմինգի» մասին, երկու օր առաջ տեսանք, որ Հայաստանում ամենամեծ ինտենսիվ ծիրանի այգին է, որտեղ մզմամիլիոն ներդրումներ են արվել պետական օժնդակությամբ: Բազմաթիվ ջերմոցային տնտեսություններում, ինտենսիվ այգիներում ներդրումներ ենք տեսնում: Գյուղատնտեսության մեջ շատ մեծ ակտիվություն կա», - ասաց նա:
Բացի դրանից, Քերոբյանի խոսքով, արդյունաբերական ոլորտում էլ կա ակտիվություն, որոնց մասին կխոսի, երբ այդ ծրագրերը կսկսեն աշխատել:
Նախարարը նաև անդրադարձավ իր հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը «համարյա վերականգնվել է»: «Անցած տարի նահանջ տարի է եղել, իսկ ամեն օրը ներքին արդյունք է գեներացնում: Խոսքն այն մասին է եղել, որ եթե 5,3 տոկոս անկման մեջ ճշգրտումներ մտցնենք, ապա շատ մոտ ենք վերականգնվելու կետին», - ասաց նա:
Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվե՞լ է
Վահան Քերոբյանը մարտի 25-ին, հղում կատարելով Վիճակագրական Կոմիտեի տվյալներին, հայտարարել էր տնտեսության վերականգնման մասին:
«Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել, Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ», - ասված էր Քերոբանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2021 հունվար-փետրվարին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6,7 տոկոսով: Փետրվարին, ինչպես նշում է նախարար Քերոբյանը, այցալ տարվա փետրվարի դիմաց ՏԱՑ-ն իսկապես կազմել է – 5,3 տոկոս:
Ըստ հրապարակված տվյալների, արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-փետրվարին նվազել է 7,9 տոկոսով, առևտրաշրջանառությունը նվազել է 11,3 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 12,5 տոկոսով:
Ավելի քան 12 տոկոսով նվազել է նաև արտաքին առևտրաշրջանառույթունը, ընդ որում արտահանում նվազել է 5,5 տոկոսով, ներմուծումը՝ 15,8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը դեռ չի հասել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին՝ - 5,8 տոկոս:
Դրական դինմիկա, ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, գրանցվել է միայն շինարարության ոլորտում, որի ծավալն աճել է 1 տոկոսով անցյալ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ, իսկ 2021-ի փետրվարին նույն տարվա հունվարի նկատմամբ՝ 28,4 տոկոսով: Ընդհանրապես այս տարվա փետրվարին հունվարի նկատմամբ աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում: