22.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. 1005 նոր դեպք և 23 մահ մեկ օրում
prev Նախորդ նորություն

Անկախ դատարաններն իրավական գնահատական կտան պատերազմի իրադարձություններին. պատգամավոր

Հայաստանի դատարաններն անպայման իրավական գնահատական կտան Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։


Զոհրաբյանը հիշեցրել է, որ անցած քառօրյայի շրջանակներում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվել են քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնցով խստացվել է պետական դավաճանության եւ լրտեսության համար պատիժը: Պատգամավորն ընդգծել է, որ մինչև փոփոխությունների ընդունումը գործող կարգավորմամբ պետական դավաճանության համար նախատեսված պատիժը նախատեսում էր 12-20 տարվա ազատազրկում, ինչն անընդունելի է:


Նշելով, որ նման արարքի համար փոփոխությունների ընդունմամբ նախատեսվում է ցմահ ազատազրկում, նա ընդգծել է, որ դա Հայաստանում պատժի բարձրագույն միջոց է, քանի որ մահապատիժը երկրում չեղյալ է հայտարարվել: Զոհրաբյանի գնահատմամբ՝ պետական դավաճանության եւ լրտեսության համար պատժի խստացումը հատկապես կարեւոր է Արցախի դեմ վերջին ռազմական գործողությունների համատեքստում։


«Ես վստահ եմ, վաղ թե ուշ Հայաստանի անկախ դատարանները իրավական գնահատական կտան, թե ինչ է տեղի ունեցել, եւ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն եւ համարժեք պատիժ կկրեն», - հայտարարել է Զոհրաբյանը: