22.11.2024
Նախարար Քերոբյանը պարզաբանել է՝ ինչու է ակնկալում երկնիշ տնտեսական աճ
prev Նախորդ նորություն

Երևանում տեղի է ունեցել ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:


Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես նշել է.


«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,


հարգելի գործընկերներ,


Այս շաբաթ արդեն երկրորդ օրը մենք աշխատում և քննարկումներ ենք իրականացնում Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ շատ արդյունավետ քննարկում ենք ունեցել, որի արդյունքներով որոշվել է հանդես գալ այսպիսի առաջարկությամբ՝ Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ընդ որում առաջարկը հետևյալն է՝ ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և ծրագիրը ֆինանսավորել հետևյալ համամասնությամբ. այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ և Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ:


Այսինքն կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով և կիրականացնենք բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիրը: Եվս մի քանի որոշումներ ենք կայացրել, որոնցով ըստ էության ոչ միայն պետք է իրագործենք 2020 թվականի նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» դրույթը, այն է՝ Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլև պետք է զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում, որպեսզի ունենանք սոցիալտնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր:


Կարծում եմ՝ երեկ կայացրած որոշումները շատ ամուր հիմք կարող են դառնալ այդ զարգացումներն ապահովելու համար: Այսօր մենք քննարկումներ ենք ունենալու Անվտանգության խորհուրդների կազմերով, քննարկելու ենք անվտանգային միջավայրին և ապագայի շուրջ մեր ռազմավարական պատկերացումների վերաբերյալ հարցեր: Համոզված եմ, որ այսօրվա որոշումները նույնպես կարևոր դեր պետք է խաղան մեր հետագա անելիքների և դրանց իրագործման առումով»:


Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ մարտի 25-ին կայացած համատեղ խորհրդակցության արդյունքում ընդունված՝ Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման համար 110 մլրդ ՀՀ դրամ հատկացնելու մասին որոշումն առանցքային նշանակություն է ունենալու Արցախի հումանիտար խնդիրների կարգավորման ու հետագա զարգացման գործում:


«Մոտ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2 հազար տուն կառուցելու նախագծեր կմշակենք: Այդ նախագծերում միշտ հաշվի ենք առնում այսօրվա իրականությունը, զուգահեռ պլանավորում հողահատկացման, բնակիչների հետագա զբաղվածության ապահովման աշխատանքները, քննարկում ենք նաև կոոպերացիայի ժամանակակից մոդելներ»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով կիրականացվեն օրակարգային առաջնահերթության բոլոր հարցերը: