Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3 տոկոս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել, Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»,-գրել է նախարարը։
Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2021 հունվար-փետրվարին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6,7 տոկոսով: Փետրվարին, ինչպես նշում է նախարար Քերոբյանը, այցալ տարվա փետրվարի դիմաց ՏԱՑ-ն իսկապես կազմել է – 5,3 տոկոս:
Ըստ հրապարակված տվյալների, արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-փետրվարին նվազել է 7,9 տոկոսով, առևտրաշրջանառությունը նվազել է 11,3 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 12,5 տոկոսով:
Ավելի քան 12 տոկոսով նվազել է նաև արտաքին առևտրաշրջանառույթունը, ընդ որում արտահանում նվազել է 5,5 տոկոսով, ներմուծումը՝ 15,8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը դեռ չի հասել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին՝ - 5,8 տոկոս:
Դրական դինմիկա, ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, գրանցվել է միայն շինարարության ոլորտում, որի ծավալն աճել է 1 տոկոսով անցյալ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ, իսկ 2021-ի փետրվարին նույն տարվա հունվարի նկատմամբ՝ 28,4 տոկոսով:
Ընդհանրապես այս տարվա փետրվարին հունվարի նկատմամբ աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում: