22.11.2024
Տնտեսական ակտիվությունը -5,3 տոկոս է, բայց նախարարը երկնիշ տնտեսական աճ է ակնկալում
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հունաստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա և Օսմանյան կայսրության լծից ազատագրման 200-րդ տարեդարձի առթիվ:


Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես նշվում է.


«Հերոսական մաքառումների, երկարատև պայքարի ու զոհողության գնով հույն ժողովուրդը նվաճեց իր անկախությունը: Այդ ճանապարհին բազմաթիվ են Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայ և հույն քրիստոնյա բախտակից ժողովուրդների համագործակցության ու համատեղ պայքարի դրսևորումները՝ խարսխված հազարամյակների պատմամշակութային առնչությունների, ընդհանուր հոգևոր արժեքների և փոխադարձ համակրանքի վրա:


Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանը և Հունաստանը կարողացել են զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ ու երկկողմ կայուն օրակարգ, որն ընդգրկում է ակտիվ քաղաքական երկխոսություն և համագործակցություն տարբեր ոլորտներում։


Նշանակալի է Հունաստանում կենսունակ հայ համայնքի և Հայաստանում հայ ժողովրդի սերն ու հարգանքը վայելող հունական համայնքի դերը մեր երկրների միջև հարաբերությունների առավել սերտացման գործում»:


Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ջերմ բարեկամական կապերը, անկեղծ և արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան ու կամրապնդվեն՝ ի շահ հայ և հույն ժողովուրդների: