ՔԿՀ-ի աշխատակիցները սպառնում են դատապարտյալներին և հրահանգում՝ ում օգտին է քվեարկել. ԲՀԿ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից այսօր՝ մարտի 23-ին, հայտարարեց, որ դատապարտյալների հարազատների վրա ճնշում է գործադրվում՝ կապված արտահերթ ընտրությունների հետ:
Նրա խոսքով՝ ինքը տեղեկություններ է ստացել դատապարտյալների եւ կալանավորված անձանց հարազատներից, որոնց համաձայն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ փոխտնօրեն Սմբատ Բուրխադարյանը, Գեւորգ Վարոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, ինչպես նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ի եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները սպառնում են նրանց եւ նրանց հարազատներին եւ նշում, թե ում օգտին է քվեարկելու առաջիկա ընտրություններում:
«Նրանց, մասնավորապես, ասում են, եթե դուք չքվեարկեք ում օգտին որ պետ է, խնդիրներ կլինեն», - տեղեկացրեց Զոհրաբյանը։ Նա նշեց, որ ՔԿՀ-ներում պահվող անձանց սպառնում են պատժախուցով և այլ խնդիրներով:
Նա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին կոչ արեց քրեակատարողական հիմնարկների վարչության պետի հետ համատեղ պարզել տեղի ունեցածի մանրամասները և արգելել իր ենթականերին ճնշում գործադրել դատապարտյալների կամ կալանավորվածների կարգավիճակ ունեցող քաղաքացիների վրա:
Նա նաև նշեց, որ երեկվանից ԿԸՀ կայքում չի գործում ընտրողների տվյալների բազան տեխնիկական վերազինման պատրվակով։ Պատգամավորը առնվազն տարօրինակ համարեց, որ տեխնիկական վերազինումն անդրադարձել է Կայքի միայն մեկ կոնկրետ հատվածին, և որ դա տեղի է ունեցել նախընտրական շրջանում։