Քաղաքական ուժերի, հասարակական կառույցների միջև համաձայնության առկայության պարագայում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, ապա որևէ խոչընդոտ չի լինի, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական համակարգով: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա նշել է, որ իշխանությունների դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, թե որ Ընտրական օրենսգրքով տեղի կունենան արտահերթ ընտրություններ, պաշտոնապես կհայտարարվի ավելի ուշ: Սակայն նախարարն ինքը նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացման խոչընդոտներ չի տեսնում, եթե այդ հարցի շուրջ կոնսենսուս ապահովվի։
«Հասարակական կազմակերպությունները, քաղաքական ուժերը, ինչպես նաեւ իմ կրծիքով երկրի քաղաքացիների մեծ մասը համարում են, այսպես կոչված, «ռեյտինգային համակարգը»՝ լավագույն մեխանիզմը չէ ։ Երկար տարիներ ռեյտինգային համակարգը համարվում էր քողարկված մեծամասնական համակարգ։
Իսկ միջազգային կազմակերպությունների տարբեր հետազոտությունների եւ զեկույցների համաձայն՝ այնպիսի երկրի համար, ինչպիսին մերն է, քաղաքական համակարգի եւ քաղաքական բանավեճի կայացմանն ու զարգացմանը նպաստող առավել ընդունելի տարբերակը, հենց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն է»,-հայտարարել է Բադասյանը։
Նա տեղեկացրել է, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն մշակվել եւ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որը շուտով կուղարկի իր գնահատականները: Լրագրողների դիտարկմանը, թե Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին համապատասխան, ընտրական օրենսգրքի բարեփոխումներից ոչ շուտ, քան 6 ամիս անց պետք է տեղի ունենան ընտրությունները, նախարարը նշեց, որ կարեւոր է հասկանալ այդ 6 ամիսների իմաստը:
«Նշված 6 ամիսների իմաստն այն է, որ քաղաքական ուժերին ժամանակ տրվի նախապատրաստվել ընտրություններին՝ ընտրական օրենսգրքի նոր պահանջներին եւ կարգավորումներին համապատասխան։ Սակայն արդեն տևական ժամանակ է, ինչ քաղաքական դաշտում այս հարցի շուրջ կոնսենսուս կա», - համոզված է Բադասյանը։
Նշենք, որ չնայած ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ կոնսենսուսի առկայության վերաբերյալ նախարարի հավաստիացումներին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արդեն լրագրողներին հայտնել է խմբակցության անհամաձայնության մասին որոշակի ձեւակերպումների հետ, մասնավորապես, կոալիցիայի ձեւավորման եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Նա նշել է, որ իշխող մեծամասնությունն իրավունք չունի ընդդիմությունից պահանջել քվեարկել այն ուղղումների օգտին, որոնց հետ բողոքող ուժերը համաձայն չեն ։