Դավթյանը հայտարարել է ԳՇ-ի և կառավարության միջև «ստեղծված իրավիճակի» հանգուցալուծման մասին
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ուղերձ է հղել, որում նշվում է, որ քաղաքական հարցերում ԶՈՒ-ն պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ: Արտակ Դավթյանի ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։
Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։
ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»։
Այսօր կառավարության կայքը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի` Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը։
«Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին, զուգահեռ կճանաչենք Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը ու կմիջնորդենք հայցի ապահովման 2-րդ միջոցը կիրառել հենց այդ մասով»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում։