Ոչ մի իրավական կազուս չկա, ԳՇ պետը Արտակ Դավթյանն է. Ռուստամ Բադասյան
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նշանակման հետ կապված ոչ մի իրավական կազուս չկա։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով հեռացվել է գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իսկ Արտակ Դավթյանն օրենքի ուժով նշանակվել է այդ պաշտոնում:
«Ես խորհուրդ կտայի ուսումնասիրել, թե ինչ է ենթադրում այդ մեխանիզմը սահմանադրական անվտանգության տեսանկյունից։ Օրինակ՝ արտակարգ դրության ռեժիմներ հայտարարելիս կամ օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ, ինչպես նաև օրենքի ուժով կարող է իրականացվել խորհրդարանի լուծարումը։
Այս համատեքստում անտեղի են հայտարարություններն այն մասին, որ դատարանի միջանկյալ որոշումը կարող է կանգնեցնել ուժի մեջ մտած կամ արդեն ավարտված գործողությունը, որն իրականացվել է օրենքի ուժով», - հայտարարել է նախարարը՝ լրագրողներին վստահեցնելով, որ Հայաստանում Գլխավոր շտաբի միայն մեկ պետն է Արտակ Դավթյանը։
Նախարարը նշեց, որ Վարչական դատարանի որոշումով հնարավոր չէ վերականգնել Օնիկ Գասպարյանի պաշտոնում: «Ասեմ ավելին, գործադիր իշխանությունն իրավունք չունի չկատարելու օրենքի ուժի մեջ մտած որոշումը։ Այսինքն՝ կառավարությունը չի կարող նույնիսկ փոխել իր կամքը, քանի որ Սահմանադրությամբ հստակ ընթացակարգեր են նախատեսված», - հայտարարեց Բադասյանը։
Այսօր կառավարության կայքը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի` Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը։
«Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին, զուգահեռ կճանաչենք Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը ու կմիջնորդենք հայցի ապահովման 2-րդ միջոցը կիրառել հենց այդ մասով»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում։