22.11.2024
Քաղաքական ուժերն արձագանքում են նախագահի՝ հանդիպման վերաբերյալ հրավերին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ծառուկյանը հրաժարվել է Օնիկ Գասպարյանին պաշտպանող հայտարարություն անել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ երեկ վստահեցնում էին՝ արտահերթ ընտրությունների օրակարգով Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման հարցը կուսակցությունում դեռեւս չի քննարկվել, եւ դեռ հայտնի չէ՝ կլինի այդ հանդիպումը, թե ոչ, մեր տեղեկություններով, սակայն, Ծառուկյանը վերջնաժամկետ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ եթե համաձայն է մայիս-հունիս ամիսներին արտահերթ ընտրությունների գնալ, ապա իրենց հանդիպումը կարող են կազմակերպել շաբաթ օրը, եթե ոչ, ապա երկխոսության կամուրջներն այրված կարող է համարել։ Ուշագրավ է, որ վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ իշխանությունները բանագնացներ են ուղարկում ձայն բերող թաղային տարբեր հեղինակությունների մոտ եւ փորձում են հասկանալ, թե ով եւ ինչ չափով կաշխատի իշխանության օգտին։ Փաշինյանը «գույքագրում» է ունեցած-չունեցածը, որ հասկանա, թե ինչ պատասխան տա Գագիկ Ծառուկյանին։ Իսկ Ծառուկյանն այսօր պատասխանելու է մի խումբ լրագրողների հարցերին եւ հրապարակելու է իր դիրքորոշումը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «17»-ի մեջ մտնող կուսակցություններից մեկ-երկուսի ղեկավարները փորձել են համոզել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որ նա հանդես գա Օնիկ Գասպարյանին պաշտպանող հայտարարությամբ, սակայն Ծառուկյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ինքը չի ցանկանում միջամտել բանակի և իշխանության հարաբերություններին»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Հայրենիքի փրկության շարժումը» պաշտոնապես հայտարարեց, որ չի մասնակցելու ՀՀ նախագահի կողմից առաջարկված ձևաչափով հանդիպմանը` պնդելով, որ նման կազմով հանդիպում պետք է կայանա միայն ուղիղ եթերի պայմաններում: ՀՀ նախագահն էլ հայտարարեց, որ լրացուցիչ կհայտնի նոր հանդիպման մասին, քանի որ մինչ այս միայն «Լուսավոր Հայաստանն» էր արձագանքել հրավերին` հաստատելով, որ կմասնակցի քննարկմանը: «Ժողովուրդ» օրաթերթը հարցուփորձ արեց նախագահին մերժած ուժերի շրջանում` հասկանալու համար, թե ինչու չգնացին հանդիպման: Պարզվեց` որևէ մեկը շարժման լիդերներից չի վստահում ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ո՛չ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ավելին՝ նրանք մտաբերում էին մի շարք հարցեր, որոնք այս ընթացքում ուղղակի կամ միջնորդավորված փոխանցվել են ՀՀ վարչապետի կամ նախագահի անունից, բայց հետագայում հարցերը լուծվել են այլ կերպ, քան խոստացված է եղել: Դրա համար այս անգամ եղել է հրապարակավ հավաքվելու պահանջ, որպեսզի ուղիղ եթերում հնչեցված խոստումներից հնարավոր չլինի հետ կանգնել: Բայց, մյուս կողմից էլ, անհասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` ԱԺ խմբակցությունների հետ պետք է որոշվի արտահերթ ընտրությունների հարցը, մի խմբակցությունը համաձայնում է, մյուսը, թեև «Հայրենիքի փրկության շարժման» կազմում է, դեռ լռում է, իսկ երրորդ` առավել ռադիկալ կողմը, մերժում է: Ամեն դեպքում, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն արդեն հայտարարել է, որ իրենք հուշագիր կստորագրեն ամեն գնով, միայն թե արտահերթ ընտրություններ լինեն: Մնում է հասկանանք՝ այսօր կամ վաղը ինչ կասի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ու հենց նրանց դիրքորոշումների և վարչապետի որոշման արդյունքում էլ կլուծվի արտահերթ ընտրությունների հարցը, և կսահմանվեն ժամկետներ»:


«Հրապարակ» թերթը գրում, է. «Մինչ ԳՇ պետի պաշտոնից հեռանալը Օնիկ Գասպարյանը բազում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել քաղաքական-հասարակական տարբեր գործիչների հետ, գրեթե բոլորին վստահեցրել է, որ չի հեռանալու եւ հասնելու է այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ նշանակվի արտահերթ ընտրությունների օրը։ Ասել է, որ, ԳՇ իրավաբանների հաշվարկով, առնվազն 3-4 ամիս կարող էր, օրենսդրությունն իր օգտին մեկնաբանելով, մնալ շտաբում։ Ավելին՝ Գասպարյանը հանդիպումներից մեկի ժամանակ վստահեցրել է, թե իրեն հաջողվել է Նիկոլ Փաշինյանին համոզել գնալ արտահերթ ընտրությունների, բայց թե որ ֆորմատով՝ իր վարչապետությա՞մբ, թե՞ առանց իրեն, չի ասել։  Գասպարյանի անսպասելի նահանջը նրա հետ շփված անձանց մոտ կասկածներ է առաջացրել, որ Փաշինյանը նրան հրաժարականի հստակ խոստում է տվել, այդ պատճառով էլ Գասպարյանը հրաժարվել է իրավիճակը սրելուց եւ վերջին ուղերձը հրապարակել։ Պարզապես տարակուսում են՝ մի՞թե Գասպարյանն այնքան միամիտ է, որ հավատում է Փաշինյանի խոստումներին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ելույթ է ունեցել Տնտեսա­կան համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ու նրա անդամ երկրներին հրավիրել՝ «օգտագործել Զանգեզուրի միջանցքը»: Ար­դյոք Ալիևը կարո՞ղ է իրագործել իր այդ ցանկությունը, «Իրավունքը»» փորձեց հետաքրքրվել ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից։


-Վարչապետը պետությունը և բանակը քայքայելու նպատակից համառորեն հետ չի կանգնում


-Ալիևը ասում և անում է այն, ինչ ցանկանում է, և չի հանդիպում դի­մադրության: Ավելին ասեմ՝ քանի էս կառավարու­թյունն ունի Հա­յաստանի Հան­րապետությու­նը, Ալիևն ինչ ցանկանա, էն էլ կիրագործի, իսկ ո՞վ է կասկա­ծում: Մի օր էլ կարող է Ալիևի սիրտը ՀՀ վարչապետի աթոռին նստել ու­զի, ու էս իշխանությունները վազելով այդ ցանկությունն էլ կկատարեն: Մի մոռացեք, որն ամենակարևորն է՝ Ադրբեջանը բացի ցանկությունից, ունի հնարավորություն: Իսկ մե՞նք... մենք չգիտեմ ինչ ունենք, առ­հասարակ մենք վաղը-մյուս օրը կարող է աշխարհի երեսին որպես ազգ էլ չհիշվենք, այ էդքան ցավալի է մեր ազգի վիճակը:


-Պարո՛ն Հակոբյան, ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը հայտարարությունից հետո չգնաց և տեղում չձերբակալեց Փաշինյանին և մեղավորներին, եթե նրանց, ըստ էության, մեղադրում է դավաճանության մեջ:


-Օնիկը նման լիազորություններ չունի:


-Բայց հեղինակավոր իրավաբաններ են փաստում, որ նա օրենքի ուժով օժտված է նման լիազորություններով:


Ես եղել եմ չէ՞ այդ պաշտոնում, հիմա ի՞նձ եք խոսեցնում: ԳՇ պետը նման լիազորություններ չունի՝ վարչապետին ձերբա­կալելու, դա օրենքից դուրս բաներ են ասում:


-Իսկ ի՞նչ կասեք նոր ԳՇ պետի թեկնա­ծուի՝ Արտակ Դավթյանի մասին:


-Նոր ԳՇ պետ նշանակելն առհասարակ նշանակում է, որ վարչապետը պետությու­նը և բանակը քայքայելու նպատակից հա­մառորեն հետ չի կանգնում: Ցանկացած ճանապարհով գնում է՝ բանակի քայքայ­ման գործընթացն ակտիվացնելու համար: Նրա համար դա արդեն հիվանդություն է:


-Բանակայինները արդյոք կենթարկ­վե՞ն վարչապետի քմահաճույքներին:


Ցավոք, մեր բանակում ծառայում են այնպիսի սպաներ, ովքեր գտնում են, որ իրենք, իրենց պարտականությունները կա­տարելով և չընդվզելով, ծառայում են պետությանը: Բայց սա այդ պարագան չէ, պա­րոնա՛յք սպաներ, այսօր պետության ղեկա­վարի վարած քաղաքականությունն աղետաբեր է:


-Արտակ Դավթյանի մեղավորությունը տեսնո՞ւմ եք այս պատերազմի ելքի մեջ:


-Արտակ Դավթյանի մեղավորությունը մինչև պատերազմը բանակի նախապատրաստման մեջ է: Իսկ բուն պատերազմի ըն­թացքի մեջ Արտակ Դավթյանը մեղավորու­թյուն չունի: Նա ոչ միայն բանակը պատ­շաճ չի նախապատրաստել, այլ հակառակ ուղղությամբ է տարել: Ամփոփելով խոսքս՝ կասեմ հետևյալը. ինչ-որ իրականացրել է Արտակ Դավթյանը վարչապետի հետ միա­սին բանակի հանդեպ, ես իմ խոսքի մեջ ասել եմ և այն կարծիքին եմ, որ նրանց վերջնական նպատակը Զինված ուժերի և պետության քայքայումն է: էսքանը կարող եմ ասել: Ասեմ, որ մեր երկրում լավ բաներ չեն սպասվում՝ եթե էս տեմպերով գնա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին առնչվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք են հրավիրվել ԱԱԾ եւ հարցաքննվել: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաեւ Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չցանկացավ անուններ տալ: «Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվեց իր աղբյուրներից պարզել, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել նաեւ ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, քանի որ նա եղել է զենքերի գնման հանձնաժողովի կազմում: Նշենք, որ պաշտպան Արմեն Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս ընթացքում Դավիթ Գալստյանը մի քանի անգամ ցուցմունքներ է տվել ԱԱԾ-ում եւ ասել՝ չի ընդունում մեղադրանքը: Հարությունյանի խոսքով՝ իրենք առաջիկայում Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասով պատրաստվում են դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականունով, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր: Նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր՝ պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամա­վոր Նազելի Բաղդասարյանը, որն օրերս հայտարարել էր, թե ներքաղաքական լարված իրավի­ճակը խոչընդոտում է գերիների վերադարձին, մեզ հետ զրույցում դարձյալ պնդեց իր այդ միտքը, որի համար նրան օրեր շարունակ քննադատում էին մարդիկ: Նա զարմացած է, թե ինչու է ընդդի­մությունն իր արած հայտարարու­թյունը վերցրել իր վրա ու ներքա­ղաքական լարումների ամբողջ պատասխանատվությունը ստանձնել: Ասում է, որ ինքը նկատի ուներ՝ առհասարակ ներքաղաքական լարված վիճակը, իհարկե, դժվար թե իշխանական պատգամավորն այդ լարվածության թիվ մեկ պա­տասխանատու համարեր հենց իրենց իշխանությանն ու վարչապետին: Ի դեպ, մինչ իշխանական պատգամավորները զբաղված են իրենց վատ աշխատանքի հարցում մեղավորներ փնտրելով, թե ում պատճառով է, որ գերիների վե­րադարձը չի հաջողվում, այդ նույն ընդդիմության ներկայացուցիչների ջանքերով նաև՝ Հայաստան գերիներ են վերադարձվում: Մասնա­վորապես, երեկ հայտնի դարձավ, որ գերությունից վերադարձել է լիբանանահայ Մարալ Նաջարյանը, որի՝ հայրենիք վերադարձի հարցում իր ներդրումն է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՌԴ պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, այլ ոչ նույն Նազելի Բաղդասարյանը կամ որևէ այլ իմքայլական: Չնա­յած երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն տարածեց՝ փորձելով սեփականաշնորհել այդ քայլը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում»:


Մենք տիկին Բաղդասարյա­նին հիշեցրինք, որ իշխանությունը մինչ օրս գերիների ու զոհերի թիվն անգամ ազնվորեն չի հրապարա­կել, և 5 հազարի փոխարեն արդեն 10 հազար զոհի մասին է խոսվում, Բաղդասարյանը նախ ասաց, որ գերիների ու զոհերի թիվը հրապարակման ենթակա չէ, այդ թիվը յուրաքանչյուր օր փոփոխվում է, ապա ժպտալով մեր նշած թվերի վրա, ասաց. «Գոնե այն տվյալները, որոնց ես տիրապետում եմ, չնայած որ ես իրավասու մարմինը չեմ, այդ թիվը միանշանակ 5 հազարից նվազ է: Դա միանշանակ կարող եմ ասել: Բայց կարծում եմ՝ այս հարցով պետք է դիմել պատկան մարմիններին, Քննչական կոմիտե կամ Պաշտպանության նախարա­րություն»: Նկատենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վստա­հեցնում էր, թե զոհերի թիվը չի անցնի 4 հազարը: Իսկ ռուսական աղբյուրները 10 հազար և ավելի զոհի մասին են խոսում: Եվ քանի որ այս իշխանություններն արդեն ասոցացվում են ստի ու կեղծիքի հետ, մարդիկ հակված են ավելի շատ հավատալ ռուսական թվե­րին: Եվ առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս այն, որ իշխա­նության երկու ներկայացուցիչ՝ մի քանի օրվա տարբերությամբ հազարով իրարից տարբերվող թվեր են ասում: Սա մի կողմից նշանակում է, որ անգամ իրենք իրական պատկերը չգիտեն և իրա­րից բեխաբար են, ապա այն, որ պատերազմից 4 ամիս անց էլ չեն կարողանում հստակ հաշվարկել մեր կորուստները, և մյուս կողմից՝ իրենց համար միևնույն է՝ հազար զոհ՝ այս կողմ, հազար՝ այն կողմ: Մարդկային կյանքը նրանց համար չոր ու ոչինչ չասող թվեր են»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Մարտի 15-18-ն Ադրբեջանում կանցկացվեն լայնամասշտաբ պլանային զորավարժություններ։ Ադրբեջանի զինված ուժերի պլանային զորավարժությունները չեն կարող ուշադրության չարժանանալ մեր կողմից, հաշվի առնելով այդ երկրի անթաքույց սպառնալիքները և ոտնձգությունները՝ ուղղված մեր երկրի տարածքային ամբողջականությանը։ Տարածաշրջանային երկրների, հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ռազմական գերակտիվությունը հստակ խնդիր է դնում նաև մեր առջև՝ վերակազմակերպելու և կրկին մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու հայկական բանակը։ Բնականաբար արցախյան վերջին պատերազմի արդյունքներն ուժեղ հարված էին, սակայն վստահաբար հայկական բանակը և հայ զինվորն ունեն մարտական ոգին վերագտնելու մեծ ներուժ։ Ուժի լեզուն միակն է, որը թշնամին լավ է հասկանում։ Ներկայիս զարգացումների ֆոնին հարց է առաջանում՝ կվերսկսվի՞ արդյոք պատերազմը՝ այս անգամ Հայաստանի սահմաններին։ Եթե դա պայմանավորված լիներ միայն Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությամբ, ապա միանշանակ կարող էինք ասել, որ պատերազմի վերսկսումը ժամանակի հարց է, սակայն այստեղ են հատվում նաև այլ երկրների «կարմիր գծերը», որոնք կարող են զսպող դեր ունենալ թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացման համար։ Մյուս կողմից, մտահոգիչ է այն, որ իրավիճակը սրվում է Դոնբասում, ինչը կարող է մեծ ռեսուրսներ պահանջել Ռուսաստանից և խոցելի դառնա մեր տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակը վերահսկելու հնարավորությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքում եւ մի շարք այլ օրենքներում այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղակի հանրային կյանքում չարիք են դառնալու: Եթե այն ընդունվեց ե’ւ ՄԻՊ գրասենյակը ե’ւ նախադպրոցական ու դպրոցական հասատատությունների աշխատակիցների աշխատավարձերը էապես կարող են կրճատվել: Բայց առայժմ կենտրոնանանք միայն ՄԻ պաշտպանի մասին օրենքի փոփոխության վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագծի հեղինակը ՀՀ ֆինանսների նախարարությունն է` ի դեմս նախարար Ատոմ Զանջուղազյանի: Նրա կարծիքով չպետք է օրենքը իրենց սահմանափակի որեւէ ինստիտուտի բյուջեն կրճատելու հարցում, որպեսզի երբ ցանկանան ումից ցանկանան գումարներ տնտեսեն եւ ուղղեն այլ ոլորտների: Ավելին, մեր տեղեկություններով, Ջանջուղազյանը Կառավարությունում հայտարարել է, որ ներդրումներ չկան երկրում, հետեւաբար պետք է մեր ներսում տնտեսումներ անենք: Թվում է, թե օրենք է «նեղ օրերի մասին»։ Բայց ինչ հետեւանք կունենա այն. Կրճատելով, օրինակ, 1-2 մլն դրամ ՄԻՊ գրասենյակի ծախսերից, երկրում տնտեսության վիճակը դժվար թե բարելավվի: Բայց միջազգային առումով մենք լուրջ խնդիրներ կունենանք, քանի որ Գործող օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի հաստատության համար պետական բյուջեով ֆինանսավորման չափը չի կարող լինել պակաս, քան նախորդ տարի պետական բյուջեով նախատեսված հատկացման չափն է: Ու հիմա երբ այդ երաշխիքը վերացվում է, մեր ՄԻՊ գրասենյակը ՄԱԿ-ի իր նվաճած Ա կետից գուցե նորից իջնի Բ մակարդակի:


Համեմատության համար նշենք, որ երբ ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի կողմից արժանացավ այդ բարձր տիտղոսին Ադրբեջանի ՄԻՊ-ը մեր օրենքի այդ դրույթը ուղիղ կրկնօրինակելով իրենց օրենդսրության մեջ՝ հայտ է ներկայացրել ՄԱԿ-ում ստանալ Ա կարգ: Իսկ ՀՀ կառավարությունը մեր երկրի առաջընթացից հետքայլ է անում: Նշենք, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսական կայունության մասով մենք մի շարք կոնվենցիաներ ունենք ստորագրված: ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի, Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կարգավիճակների մասին փաստաթղթերով երաշխավորված է ֆինանսական կայունության հարցը: Հիմա ստացվում է, որ մեր երկիրը չի հարգում իր իսկ ստորագրած փաստաթղթերը. սա ուղղակի անթուլատրելի է: Բացի այդ, խայտառակություն է, որ Օմբուդսմենի գրասենյակին առնչվող օրենքը օրակարգում ընդգրկվել և ընդունվել է՝ որպես չզեկուցվող, չքննարկվող հարց, չի համաձայնեցվել ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հետ: Այն պաշտպանի, որի աշխատանքից գոհ է հանրության մի զգալի հատված, եւ նրա բարձր վարկանիշն, ըստ էության, վտանգում է ՄԻՊ գրասենյակի ապագան: Ստացվում է, որ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո օրեցօր իր վարկանիշը կորցնող իշխանությունը այլեւս թքած ունի հանրային կարծիքի, միջազգային հանրության, ժողովրդավարական արժեքների եւ ինստիտուտների վրա: Գլխավորը` իշխանություն պահելն է` ամեն գնով, ամեն ինչի գնով: Բայց այս ընթացքում մեր երկրի տարբեր ինստիտուտներ վտանգվում են, ոչնչանում, իսկ դրանց գոյությունը դրվում է հարցականի տակ»:


«Հրապարակ» թերթը գրում, է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին Արցախի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, որին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել։ Խոսքը ՀՅԴ-ի, «Արդարության», ԱԺԿ-ի մասին է։ «Մենք տեսնում ենք, որ Արայիկ Հարությունյանը չի կատարում իր խոստումները, որոնք ներկայացրեց դեկտեմբերին իր ուղերձում։ Նա ասում էր, որ երկրի համար բոլոր կարեւոր հարցերը որոշվելու են ԱԽ նիստում, սակայն տեսանք, որ գրչի մի հարվածով նա որոշեց, որ մինչեւ 2022 թվականի մարտի 1-ը Արցախում ՏԻՄ ընտրություններ չեն լինելու։ Դա շատ կարեւոր որոշում է, որը նաեւ հնարավորություն է տալիս ապահովագրել իրեն, որ առնվազն մեկ տարի արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու»,- մեզ ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ «Մենք մերժում ենք եւ ասում, որ այդ ինստիտուտը կեղծ է, Արայիկ Հարությունյանը չի կատարում իր խոստումները, չի գնում լուրջ բարեփոխումների, կադրային որոշ ռակիրովկաներով, նախկին կադրերով նոր կառավարություն է ձեւավորել՝ պաշտոնների նշանակելով իր նեղ շրջապատին»։


«Իրավունք» թերթը գրում է. «Դեկտեմբերի առաջին տասնօրյա­կում Ստեփանակերտի օդանավակայա­նը կվերսկսի աշխատանքը: Ռուսաստա­նի Դաշնության (ՌԴ) ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնա­թիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար կենտրոնների սպասարկման համար»: Նման հրապարակմամբ դեռևս անցած նոյեմբերին հանգես եկավ «Ռիա նովոստին»՝ հղում անելով տեղական վարչա­կազմի աղբյուրին: Դեկտեմբերի վերջին էլ, առավել ստույգ՝ դեկտեմբերի 25-ին, «Իրա­վունքը» ԱՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանից հե­տաքրքրվել էր, թե օդանավակայանը հստակ երբ կգործարկվի: Նա մեզ հետ զրույցում, մասնավորապես, ասել էր. «Ստեփանակերտի օդանավակայանի տարածքն ականազերծվել է, և այն լիո­վին պատրաստ է բնականոն աշխա­տանքի: Դեռ որոշ քննարկումներ կլի­նեն: Երբ շահագործվի, այդ բոլոր հար­ցերին կտրվի պատասխան: Ամենայն հավանականությամբ, տարեսկզբին կշահագործվի, այս պահին մանր-մունր վերջնական քննարկումներ են»: Այն, որ Ստեփանակերտի օդանավա­կայանի վերագործարկումը մտնում է ՌԴ-ի առաջնային ծրագրերի մեջ, մենք ևս առիթ ունեցել ենք ներկայացնել զի­նադադարի համաձայնագրի ստորագ­րումից արդեն օրեր անց: Նաև, որ ծրագրերի մեջ է օդանավակայանի արդիականացումը և առաջին հերթին թռիչքուղու երկարացումը, որ հնարա­վոր լինի ընդունել անգամ ամենածանր ռազմական և քաղաքացիական ինք­նաթիռները: Ընդ որում, այդ գործընթա­ցը մեկնաբանվում է նոյեմբերի 9-ի հա­մաձայնագրի այն դրույթով, որը սահմա­նում է՝ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտա­յին կապերը...»:


Տարեսկզբից անցել է երեք ամիս, իսկ օդանավակայանի գործարկման մա­սին խոսք անգամ չկա: Ինչո՞ւ, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱՀ նախագահի նոր մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանից, ով կցկտուր պատաս­խաններ տվեց. «Դեռ որոշակիություն չկա ժամկետ­ների մասով»: Բայց Ձեր գործընկերը պաշտոնա­պես ասել էր, որ ամենայն հավանակա­նությամբ այն կգործարկվի տարեսկզբին: Հիմա ո՞րն է խնդիրը, կասե՞ք:  Անորոշ են ժամկետները, այսքանը այդ հարցով կարող եմ ասել, ոչինչ ավելին: Իսկ ահա մեր այլ աղբյուրներ տեղե­կացնում են, որ ռուսական կողմը դեռ սպասում է, որ վերջնական տեսքի կբերվի կոմունիկացիաների վերագործարկմանը վերաբերող եռակողմ համա­ձայնագիրը: Դրա շրջանակում ռու­սական կողմը ներկայացրել է նաև օդանավակայանի հարցը: Ադրբեջանը թեև փորձել է «մի փոքր» դեմ գնալ, սա­կայն հասկանալով, որ ռուսներն օդա­նավակայանի հարցն ամեն դեպքում լուծելու են, գերադասել են այն դիրքը բռնել, թե՝ ի՞նչ կա որ, համաձայն են: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ տեխնիկական աշխատանքներն օդա­նավակայանում գրեթե ավարտված են, դեռ կա մի փոքր խնդիր՝ թռիչքուղու հետ կապված, որը ևս լուծման փու­լում է»:


«Հրապարակ» թերթը գրում, է. «Օրեր շարունակ սոցցանցերում պտտվում էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2012-ին Նժդեհի մասին հարցազրույցը։ «Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետեւ հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու եւ սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»,- ասել էր նա։ Տեսանյութը մեծ աղմուկ առաջացրեց, անգամ Արցախ այցի ժամանակ պաստառներով նրա դեմ բողոքի ակցիա արեցին երիտասարդները։ Մեր տեղեկություններով, աղմուկի թեժ պահին Ժ․ Անդրեասյանին առաջարկել են, որ կրքերը մարելու համար հայտարարի, թե հարցազրույցը հին է, այն ժամանակ երիտասարդ էր, այսօր նույնկերպ չի մտածում, սակայն նա հրաժարվել է, թե՝ հիմա էլ եմ նույնկերպ մտածում Նժդեհի եւ նժդեհյան գաղափարախոսության մասին՝ ոչինչ չեմ հայտարարի։ Մենք կապվեցինք փոխնախարարի հետ՝ Դուք հիմա նույնկե՞րպ եք մտածում, հիմա է՞լ եք պնդում, որ դա ֆաշիստական գաղափարախոսություն է։ Նա մի քանի անգամ հարցը լսելուց հետո հորդորեց խոսնակի միջոցով հարցն ուղղել իրեն։ Այն դեպքում, որ կարող էր ընդամենը «այո» կամ «ոչ» ասել։ Իսկ խոսնակը մեզ փոխանցեց, որ փոխնախարարն այդ հարցը չի մեկնաբանում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Գլխավոր շտաբում տեղի ունեցած հանդիպումը շատ ծանր է անդրադարձել ընդդիմության առաջնորդների վրա: Այն աստիճան, որ նրանց կարծիքով՝ գոնե ժամանակավորապես պետք է դադարեցնել հանրահավաքային պայքարը, եթե չեն ուզում հրապարակում մնալ միայն կուսակցական ղեկավարներով»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում, ըստ որի կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տասնյակը պետք է հաստատվի կուսակցության համագումարի կողմից: Այս փոփոխությունը կարևոր է այնքանով, որ կուսակցությունների ղեկավարներին զրկում է միանձնյա կամ ինչ-ինչ ստվերային պայմանավորվածությունների արդյունքում գրել կուսակցության ցուցակը՝ մյուսներին դնելով, մեղմ ասած, հիմար վիճակի մեջ»։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում, որը հնարավորինս կսահմանափակի վարչական ռեսուրսի չարաշահման հնարավորությունը: Մասնավորապես՝ օրենքով կամրագրվի, որ հանրային ծառայողները բացի քաղաքական չեզոքությունից, պահպանում են նաև քաղաքական զսպվածություն: Նրանց մասնակցությունը նախընտարական քարոզարշավին և անդամակցությունը որևէ կուսակցության չի արգելվում, բայց ընդգծվում է, որ այդ դեպքերում նրանք պետք է դրսևորեն անկողմնակալություն և զսպվածություն։ Մեր իրականության պայմաններում սա մի փոքր դժվար է պատկերացնել, բայց լավ է, որ գոնե օրենքով դա ամրագրվում է»: