Հայաստանի հարցվածների 55%-ը կողմ է արտահերթ ընտրություններին, իսկ 33% նշել է, որ կընտրեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտիպատվերով իրականացրած հարցման արդյունքներից:
Ամերիկյան USAID-ի ֆինանսավորմամբ, IRI-ի պատվերով Breavis-ը փետրվարի 8-16-ը հեռախոսային հարցում է իրականացրել Հայաստանի 1510 չափահաս քաղաքացիների շրջանում, արդյունքները բավականին հետաքրքիր են:
55%-ը կողմ է արտահերթ ընտրություններին
Համաձայն սոցիոլագիական ուսումնասիրության արդյունքների՝ հարցված քաղաքացիներից ընտրական իրավունք ունեցողների 55%-ը կողմ է արտահերթ ընտրություններին, նրանց 57%-ը կարծում է, որ ընտրությունը պետք է կազմակերպվի 2021թ-ի գարնանը:
«Չափահաս բնակչությունը ընտրության կազմակերպման հարցում ամենաշատը վստահում է գործող կառավարությանը (34%), իսկ 18 տոկոսը «ինչ-որ չափով կվստահի», - նշված է հարցման մեջ: Միևնույն ժամանակ հարցվածների 27 տոկոսն ընդհանրապես դեմ է, որ գործող կառավարությունը կազակերպի ընտրություններ, իսկ 10 տոկոսը դեմ է «որոշ չափով»։
Արտահերթ ընտրություններին դեմ արտահայտվողները իրենց տեսակետը հիմնավորել են հիմնականում երեք հանգամանքով. առաջին հերթին, որ երկիրն այս պահին ունի այլ առաջնահերթություններ, երկրորդ հերթին՝ արտահերթ ընտրություններ չպետք է կազմակերպվեն, քանի որ գործող խորհրդարանը ընտրվել է լեգիտիմ ճանապարհով, երրորդ՝ քանի որ չկան այնպիսի կուսակցություններ, որոնց հարցմանը մասնակցածը վստահում է։
Նշվում է, որ եթե հարցմանը հաջորդող կիրակի օրը կազմակերպվեին ընտրություններ, չափահաս բնակչության 33%-ը նշել է, որ կընտրեր «Քաղաքացիական պայմանագրին», 44%-ը՝ ոչ ոքի, իսկ 12% դժվարացել է պատասխանել: Սա ըստ փորձագետների՝ նշանակում է, որ մյուս կուսակցությունները ճիշտ ռազմավարության դեպքում կարող են շոշափելի հաջողություններ գրանցել։
Այնուհետև բավական մեծ տարբերությամբ գալիս է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3%, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2%, Հանրապետական կուսակցությունը՝ 1%, ընդդիմադիր 17 կուսակցությունները՝ 1%, «Սասնա ծռերը»՝ 1%, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1%-ից նվազ:
Հարցին՝ ո՞ր քաղաքական ուժին երբեք չեք ընտրի, հարցվածների 25 տոկոսը տվել է ՀՀԿ-ի անունը, 17 տոկոսը՝ ԲՀԿ-ի, 14 տոկոսը «Իմ քայլ»-ի, 10 տոկոսը՝ ՀՅԴ-ի, 8 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան»-ի, 6 տոկոսը 17 կուսակցությունների անունները։
Բանակն ամենահեղինակավոր կառույցն է
Հարցման տվյալներով՝ Հայաստանում ամենահեղինակավոր կառույցը շարունակում է մնալ բանակը․ Հարցվածների 50 տոկոսը բանակի աշխատանքը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 23 տոկոսը՝ «որոշ չափով բարենպաստ»։
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ևս մարդիկ գնահատել են մեծամասամբ դրական լույսի ներքո․ հարցվածների 30 տոկոսը ՄԻՊ աշխատանքը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 30 տոկոսը «որոշ չափով բարենպաստ»։ Այս ցուցանիշին մոտ է նաև Հայ առաքելական եկեղեցին և վարչապետի աշխատակազմը։
Վարչապետի աշխատակազմի աշխատանքը հարցվածների 29 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 26 տոկոսը «որոշ չափով բարենպաստ»։ Աշխատակազմի աշխատանքը 28 տոկոսը գնահատել է «անբարենպաստ», իսկ 15 տոկոսը՝ «որոշ չափով անբարենպաստ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի՝ նախարարների կաբինետի նկատմամբ հարցվածների վստահությունը բավական ցածր է․ վերջիններիս աշխատանքը «բարենպաստ» է համարել հարցվածների միայն 9 տոկոսը։
Կուսակցությունների գործունեությունը հացվածների 51 տոկոսը համարել է «շատ անբարենպաստ», իսկ 22 տոկոսը՝ «որոշ չափով անբարենպաստ»։
Ըստ հարցման տվյալների՝ մեծ է անվստահությունը նաև դատարանների նկատմամբ։