Մետրոպոլիտենում «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտը չի գործում. հերքում
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը, ի պատասխան Armlur.am լրատվական կայքի այսօրվա «Մետրոպոլիտենը՝ բարձիթողի վիճակում. տնօրենը շարժվում է փոխքաղաքապետի ցուցումով» վերտառությամբ հոդվածին, հանդես է եկել պարզաբանում-հերքմամբ, որում նշվում է, որ Գևորգ Ավետիսյանը Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Երևանի քաղաքապետի 19․05․2019 թվականի 226-Ա կարգադրության համաձայն։
Նա նաև ներկյացրել է, թե տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից ի վեր մետրոպոլիտենում ինչ մեծածավալ աշխատանքներ են իրականացվել.
"Այդ կարճ ժամանակահատվածում իրականացվել են այնպիսի աշխատանքներ ինչպիսիք են՝
• Մետրոպոլիտենի վագոնների շրջանակների ձեռքբերում՝ թվով 12 միավոր։
• Քարշ մասնաճյուղի կամրջակային կռունկի հիմնանորոգում։
• Օդաճնշակային կայանի շարժական օդաճնշակային համակարգի տեղադրում՝ թվով 2 միավոր ։
• Բաց տարածքների լուսավորության համակարգերի հիմնանորոգում։
• Թվով 2 կայարանների շարժասանդուղքների ձեռքբերման մրցույթի անցկացում ՝ հաղթողի որոշմամբ։
• Ռելսերի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման մրցույթի անցկացում՝ հաղթողի որոշմամբ։
• 35․000 հատ ուղեպտուտակների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման կազմակերպում։
• 2000 մետր հպակային ռելսի պաշտպանիչ պատյանների ձեռքբերում և տեղադրում։
• 1500 փայտակոճերի ձեռքբերում և 950 հատի փոխարինում։
• Փայտակոճերի փոխարինման II-րդ աշխատանքային խմբի կազմավորում։
• Թվով 12 վագոնների ընթացիկ նորոգում՝ ԸՆ 3 ծավալով։
• Նոր ժետոնների պատրաստում՝ թվով 225․000 հատ , որոնք 2019 թվականից դրվել են շրջանառությամ մեջ։
Այս պաշտոնական տվյալներն էլ հենց հակասում են հոդվածում առկա ապատեղեկատվությանը ․ մեջբերում հոդվածից ՝ «Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, որ մետրոպոլիտենում նաեւ անվտանգային խնդիրներ կան, ապա ըստ մեր տեղեկությունների, Ավետիսյանի կառավարման ժամանակահատվածում որեւէ աշխատանք չի կատարվել շարժասանդուխքների, ռելսերի, վագոնների վերանորոգման, տարբեր սարքավորումների փոփոխության, նորացման ու վերակագնման համար»։
Վերոգրյալը ՝ վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքների միայն չնչին մասն է կազմում։
Թվարկված աշխատանքները մշտապես ծառացած են եղել Երևանի մետրոպոլիտենի առջև և անմիջականորեն առնչվում են անվտանոգության և մետրոպոլիտենի անխափան աշխատանքի հետ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտը չի գործում Գևորգ Ավետիսյանի պարագայում",- ասված է պարզբանման մեջ։