Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց. դատարանը հրապարակեց որոշումը
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, որը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով, այսօր՝ մարտի 5-ին, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:
Դատարանը բավարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը և նա ազատ արձակվեց։
Փետրվարի 21-ին դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին 2 ամսով կալանավորեց: Միևնույն ժամանակ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Արա Սաղաթելյանի ձերբակալումը։
Սաղաթելյանի պաշտպանական կողմը հայտարարել է, որ բողոքարկելու է խափանման միջոցի ընտրությունը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ այսպես կոչված "Գագիկ Սողոմոնյան" ֆեյքի գործի շրջանակներում ԱԱԾ-ն ձերբակալել էր Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին:
Փետրվարի 21-ին Մհեր Ավագյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, իսկ Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը կալանավորվեցին: