23.11.2024
Հայաստանը «մանրամասն քննարկումներից» հետո հրաժարվեց մասնակցել «Եվրատեսիլ-2021»-ին
prev Նախորդ նորություն

Նոր փոփոխություն է առաջարկվում պարտադիր զինվորական ծառայությունից ազատան հարցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է դրել որոշման նոր նախագիծ, որով առաջարկվում է երկու փոփոխություն պարտադիր զինվորական ծառայությունից ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների ազատման վերաբերյալ:


Ըստ այդմ, նախատեսվում է սպորտի, մշակույթի եւ արվեստի ոլորտներում բացառիկ նվաճումներ ունեցող ՀՀ քաղաքացիների համար զինծառայությունից ազատվելու տարիքային շեմը 20-ից (քիչ դեպքերում՝ 26-ից) դարձնել 26՝ մինչ այդ կարեւոր պայման համարելով նշված ոլորտներում իր բացառիկ նվաճումների պարբերաբար վերահաստատումը: Օտարերկրյա քաղաքացիները զինծառայությունից կազատվեն միանգամից՝ առանց տարկետում տալու, ինչն այժմ է արվում:


ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր մասնագետ Արսեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տարիքային շեմի սահմանման հստակեցումների անհրաժեշտությունը պայմանավորված է գործող իրավակարգավորումների մեջ եղած հակասությամբ:


Հակասություններ կան ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն և N 450-Ն որոշումների եւ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի միջեւ:


Ըստ 2018 թվականի որոշման՝ սահմանված է, որ սպորտի, մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 2-ից առավելագույնը 4 տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:


Իսկ 2019 թվականի որոշման համաձայն՝ քաղաքացին բացառիկ դեպքերում ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից. բացառիկ դեպքեր են համարվում քաղաքացուն մշակույթի և արվեստի բնագավառներում ու սպորտի բնագավառում գործունեության համար ՀՀ կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից համապատասխանաբար ՀՀ կառավարության N 457-Ն և N 450-Ն որոշումների համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:


Այստեղ առաջանում է հակասությունը. այսինքն՝ մի որոշմամբ՝ սահմանված է տարկետում ստանալու նվազագույն և առավելագույն ժամկետ, տրված է տարիքային սահմանափակում, իսկ մյուս որոշմամբ՝ սահմանափակում սահմանված չէ: Ստացվում է, որ անձը, ով ունի նվաճումներ, մի անգամ դիմել է տարկետման 18 տարեկանում, ստացել է տարկետում 2 տարի ժամկետով, 20 տարեկանը լրանալուց հետո հանգիստ կարող է դիմել որպես բացառիկ դեպք եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:


Առաջարկվող նոր կարգավորմամբ՝ նախկին նվաճումները բավարար չեն համարվի բացառիկ դեպք համարվելու համար: Քաղաքացին պետք է աշխատի, կատարելագործվի, նոր նվաճումներ ունենա, այդպես, մինչեւ 26 տարին լրանալը, որից հետո միայն կարող է դիմել եւ ստանալ ազատման հնարավորություն:


Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ այս կարգավորումը հնարավորություն է տալիս նաեւ այս բնագավառում մոտիվացնել նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին: «Կրկին տարկետում ստանալու եւ որպես իրապես բացառիկ դեպք համարվելու համար քաղաքացին կաշխատի իր վրա, չի փորձի սահմանափակվել միայն երկու տարի ունեցած իր նվաճումներով, կփորձի զարգանալ, նոր բարձունքների հասնել. սրանով կզարգանան նաեւ սպորտի, մշակույթի եւ արվեստի բնագավառները, ավելի մեծ նվաճումներ ունեցող քաղաքացիներ կունենանք»,- նշում է նա:


Արսեն Բաղդասարյանը ընդգծում է, որ փոփոխությունը հնարավորություն է տալիս վերացնել անհավասար պայմանները, օրինակ՝ կրթության բնագավառում նվաճում ունեցող քաղաքացիների համեմատ:


«Կրթության եւ գիտության բնագավառում պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիները կարող են ազատվել ՀՀ կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու եւ քաղաքացու կողմից ՀՀ օրենքով սահմանված կարգով գիտական, գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքով: Ստացվում է, որ անձը պարտավոր է, ըստ հերթականության, ավարտել կրթական ծրագրերը (բակալավր՝ 4-5 տարի, մագիստրատուրա՝ 1-2 տարի և ասպիրանտուրա՝ 2-3 տարի, բայց ոչ ավելի, քան մինչև 26 տարին լրանալը), որից հետո ստանալ գիտական աստիճան, զբաղվել գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ, նոր միայն հավակնել զինվորական ծառայությունից ազատման իրավունքի:


Դրա համար էլ սպորտի, արվեստի, մշակույթի բնագավառում էլ որոշակի ընթացակարգ է սահմանվել, որ քաղաքացին մի քանի անգամ տարկետման գործընթաց անցնի, այսինքն՝ նվաճումներ ներկայացնի, աշխատի, նոր նվաճումներ ունենա, նոր վերջում, 26 տարին լրանալու պարագայում, այդ նվաճումները հաշվի առնելով՝ որպես բացառիկ դեպք իրեն տրվի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք»,- պարզաբանում է մասնագետը:


Հարցին՝ փոփոխության նման անհրաժեշտությունն առաջացավ՝ ելնելով նրանից, որ բացառիկ դեպքերով շատե՞րն էին ազատվում ծառայությունից, նա պատասխանեց.


«Հիմնականում կրթության ու գիտության բնագավառում նշանակալի նվաճման համար ենք ունեցել բացառիկ դեպքեր, սպորտի եւ մշակույթի բնագավառում էլ են եղել. այս խնդիրը առաջացել է հենց այդտեղ, որ անհավասար պայմաններ են ստեղծվում. մեկը մի դեպքում կարող է 20, 22, 24 տարեկանում դիմել ու պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել, իսկ մյուսը՝ ոչ»:


Իսկ երկրորդ փոփոխությունը վերաբերում է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմանը. գործող կարգով՝ ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիները, որոնք ՀՀ հավաքական թիմերում են ներգրավված, ստանում են տարկետման իրավունք: Նոր փոփոխությամբ առաջարկվում է, որ ոչ թե ստանան տարկետում, այլ միանգամից ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:


«Նախ՝ տարիների փորձը ցույց է տվել, որ ծագումով հայ կամ այլազգի օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր գալիս են՝ ՀՀ ազգային հավաքականում խաղալու համար, տալիս ենք ՀՀ քաղաքացիություն, իրենք՝ որպես ՀՀ քաղաքացի, օգտվում են բոլոր իրավունքներից, պարտականություններից եւ սահմանափակումներից եւ ենթակա են նաեւ պարտադիր զինվորական ծառայության: Ստացվում է, որ մենք օտարերկրացի նվաճում ունեցող, հեռանկար ունեցող մարզիկին, ում հրավիրում ենք մեր երկիր՝ մեր հավաքական թիմերում խաղալու համար, սպորտը զարգացնելու, մեր երկրի համար հաջողություններ գրանցելու համար, դնում ենք մեր քաղաքացիների հետ հավասար պայմաններում եւ ասում ենք՝ եկել ես մեր երկիր, որևէ նվաճումների հասցրել ես մեր երկիրը, հիմա գնա, ծառայիր: Սա խնդիրներ է առաջացրել, եւ հավաքական թիմերը, ֆեդերացիաները դժվարանում են հայ ծագմամբ եւ օտարերկրացի քաղաքացիներին կանչել, ՀՀ քաղաքացիություն տալ եւ ներգրավել հավաքական թիմերում, որովհետեւ մարդիկ գալիս են եւ այսպիսի խնդիրների առաջ են կանգնում. ժամկետն է լրանում անձնագրի, երկրի թույլտվության, մարզումների են գնում, չեն կարողանում վերադառնալ, հետախուզման մեջ են հայտնվում, ստիպված են գնում պարտադիր զինվորական ծառայության անցնել»,- պարզաբանեց Արսեն Բաղդասարյանը:


Նրա խոսքով՝ այս ձեւով խթանվում է հայ ծագմամբ քաղաքացիներին մոտիվացնելը, Հայաստան գալը, մեր հավաքական թիմերում հանդես գալը: «Բացի դա էլ՝ որոշակի դեմոկրատական խնդիր կա. գալով ՀՀ, քաղաքացիություն ստանալով՝ կարող են հետագայում այստեղ գործունեությամբ զբաղվել, մարզչական գործունեություն իրականացնել կամ մարզադպրոցներ հիմնել: Նպատակը սա է, որ եթե հրավիրում ենք օտարերկրյա քաղաքացուն՝ ՀՀ ազգային հավաքականում հանդես գալու համար, տալիս ենք նրան քաղաքացիություն, միանգամից նրան ազատում ենք պարտադիր զինվորական ծառայությունից՝ մոտիվացնելով հեռանկար ունեցող մարզիկներին՝ ի նպաստ հայկական սպորտի զարգացմանը»,- եզրափակեց նա: