26.11.2024
Անպատասխան հարցեր և ագրեսիվ վարք. ինշխանությունը ժամանեց և հեռացավ «Եռաբլուր»-ից
prev Նախորդ նորություն

Ով էլ լինի Հայաստանի ղեկավարը Մոսկվան իր հետ աշխատելու է. Մարկեդոնով

Հայաստանի ներկայիս ներքաղաքական ճգնաժամը չի կարելի հանգեցնել միայն Ղարաբաղում պատերազմին. դա ինստիտուցիոնալ, ռազմավարական ճգնաժամ է։ Այս մասին 2020 թվականին Հայաստանի տնտեսության մասին Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսական ուսումնասիրության արդյունքներին նվիրված Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։


«Հայաստանում ներքաղաքական իրավիճակի շատ սյուժեներ նախկինում էլ են եղել, այսինքն` դրանք պարտադիր չէ, որ հրահրվեն Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմով։ Երկարատեւ սյուժեներից մեկը, օրինակ, սահմանադրական բարեփոխումը, որը մտածվել է Սերժ Սարգսյանի օրոք, իրականացվում է Փաշինյանի օրոք, եւ շատ նորմեր, որոնք թվում էին չաշխատող, այժմ ի հայտ են եկել», - նշել է նա։


Ռուսաստանը, նրա խոսքով, հետաքրքրությամբ եւ ուշադրությամբ հետեւում է այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ հասկանալով, որ Հայաստանը կարեւոր գործընկեր եւ դաշնակից է, բայց միաժամանակ հասկանալով, որ Մոսկվան չպետք է անմիջականորեն միջամտի ներքին գործերին կամ աջակցի որեւէ մեկին:


«Ով էլ լինի (երկրի ղեկավար - խմբ.) Մոսկվան նրա հետ կաշխատի, քանի որ կան ռազմավարական հարաբերություններ», - ընդգծել է նա:


Մարկեդոնովը նշել է, որ, ցավոք, գրեթե անարձագանք է մնացել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը 4-րդ հանրապետության մասին, որտեղ կա այն թեզը, որ «երկար ժամանակ մենք ապավինել ենք Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակին եւ չենք մտածել զարգացման ռազմավարության մասին. ի՞նչ անել հաջորդիվ»: Ռուս փորձագետի խոսքով՝ այդ հարցերը հիմա էլ շատ սուր են դրված։


«Ակնհայտ է, որ որքան երկար է պահպանվում այս ներքաղաքական ճգնաժամը, այնքան ավելի շատ է կասկածը տարածվում, որ հայկական իշխանությունն ընդունակ չէ իրատեսականորեն վերահսկել իրավիճակը, ի վիճակի չէ ռազմավարական մտածել եւ ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Միշտ այդ կասկածները կլինեն, իսկ եթե նույնիսկ դրանք այդքան էլ վառ արտահայտված չլինեն, ապա կգտնվի նա, ով դրանք կսրի, ընդ որում՝ կրկին ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների։ Դրա համար էլ այսօր ամենակարևոր հարցը ինչ-որ փոխզիջում գտնելն է, քանի որ ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը լիարժեք կարծիք չեն ներկայացնում. հայ ժողովուրդը պետք է ինչ-որ փոխզիջումային ֆիգուր գտնի, որպեսզի իրավիճակը չհասնի եռման կետին, հեղափոխությանը և քաոսին, ինչից միշտ էլ ցանկացողներ կգտնվեն։


Այս կայունացման համար անհրաժեշտ է հետագայում զբաղվել տնտեսական սյուժեներով: Իսկ տնտեսական օրակարգը բազմապլան է և ԵՏՄ-ին անդամակցությունը, և Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցությունը և այլն», - ընդգծել է ռուս փորձագետը։


Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Մարկեդոնովը նշել է, որ այն, իհարկե, կապված է Եվրասիական տնտեսական միության հետ, սակայն ունի իր սեփական ծանրաբեռնվածությունը:


«Մոսկվան փորձում է, ի տարբերություն շատ այլ խաղացողների, բացի ռազմական գործողությունների ավարտից, հրադադարից բացի ինչ-որ կառուցողական ծրագիր առաջարկել՝ ինչպես հակամարտության կարգավորումը լցնել ինչ-որ բանով։ Եվ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը այդ վաղեմի հակամարտության կարգավորման բովանդակային կողմն է», - ընդգծել է նա։