26.11.2024
Չեղարկել Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը. Խաչիկ Ասրյան
prev Նախորդ նորություն

Անպատասխան հարցեր և ագրեսիվ վարք. ինշխանությունը ժամանեց և հեռացավ «Եռաբլուր»-ից

Այսօր, մարտին 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցին «Եռաբլուր» ժամանող պաշտոնյաները խուսափում էին պատասխանել Հայաստանում սետղծված ներքաղաքական իրավիճակի մասին լրագրողերի հարցերին, երբեմն նաև դրսևորում ագրեսիվ վարք:


Նախ «Եռաբլուր» ժամանեց և խուսափեց հարցերին պատասխանել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որն այս օրերին գտնվում է բավականին բարդ վիճակում: Բանակի գլխավոր շտաբի ղեկավարությունը դուրս է եկել վարչապետ Փաշինյանի ու կառավարության դեմ, պահանջում է նրանց հրաժարականը: Նախարար Հարությունյանը լոյալ է մնում վարչապետին, իսկ ՊՆ-ն պարբերաբար մամուլի հաղորդագրություններ է տարածում՝ «Զինված ուժերի քաղաքականությունից դուրս լինելու» մասին:


Նախարար նշանակվելուց ի վեր Վաղարշակ Հարությունյանը կտրուկ սահմանփակել էր իր շփումը մամուլի հետ: Վերջին օրերին ընդհանրապես չէր խոսել երկրում ստեղծված իրավիճակի մասին: Այս անգամ էլ լռեց:


«Հարգելի լրագրողներ, այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ես որեւէ մի հարցի չեմ պատասխանում», - խուսափեց պատասխանել հարցերին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հարցերին: Լրագրողները հետաքրքրվում էին ինչպես է գնահատում նախարարը Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների հայտարարությունը, արդյոք դա ռազմական հեղաշրջման փորձ է՞, թե՞ ոչ: «Դուք ինձ խանգարում եք», - կարճ հայտարարեց նախարարը՝ մոտենալով այնտեղ հավաքված Եկրապահ կամավորական միության անդամներին:


Չպատասխանեց հարցերին նաև ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Այսօրվա խորհուրդն ուրիշ է, այսօր հարցազրույց չեմ տալիս, հետո կտամ: Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է», - ասաց նա՝ զսպելով իր շուրջը հավաքված համախոներին, որոնք փորձում էին «կենդանի պատ» կազմել լրագրողների և Միքայելյանի միջև:


Միևնույն է լրագրողները շարունակում էին տարբեր հարցեր հնչեցնել, մասնավորապես, ինչու նոր իշխանությունները փոխեցին սխպառազինության գնման պլանը, արդյոք մտահոգիչ չէ, որ Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակը պարեբերաբար թիրախավորվում է, ինչպես է գնահատում ԳՇ հայտարարությունը և ում է ի վերջո սատարում «Երկրապահը»՝ քաղաքական իշխանությանը՞, թե՞ բանակին:


«Ես ոչ մեկին չեմ պահում: Ես իմ ժողովրդին եմ պահում», - վերջին հարցին կարճ պատասխանեց Սասուն Միքայլեյանը՝ խոսելով իր՝ հարցերին չպատասխանելու իրավունքից: «Քո ասելով ես չպետք է արձագանքեմ, իմ իրավունք է, ես ասում եմ՝ երբ պետք կլինի, ասուլիս կհրավիրեմ, կխոսեմ: Ինչ պետք է, ես ասել եմ», - ասաց նա՝ ի նկատի ունենալով օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը:


Հերթական հարցը, թե ԵԿՄ-ում բոլո՞րն են կիսում Սասուն Միքայլեյանի տեսակետը, հունից հանեց «Երկրապահի» նախագահի կողքին գտնվող ԱԺ պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: «Մի հատ դուրս արի: Որ օրը չհարամի, չի կարա», - բղավեց նա՝ դիմելով լրագրողին:


«Գնացեք, դուք ինձ առաջին օրը չի, որ ճանաչում եք, հարցազրույց չեմ տալիս», - իր հերթին ասաց Սասուն Միքայելյանը լրագրողներին:


Հարցին, թե ինչու է գոռում լրագրողների վրա, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Չհասկացա, մենակ դուք պետք է՞ գոռաք»:


«Եռաբլուր» պանթեոնում զգացվում էր, որ դեռ մեկ տարի առաջ թափանցիկ աշխատանքի և հանրային հաշվետվողականության մասին խոսող իշխանությունը, սկսում է «փակվել», չպատասխանել ոչ դուրեկան հարցերի, մեկ-մեկ էլ ագրեսիվ վարք դրսևորել: