2013 թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնագիտական ներուժի և նյութատեխնիկական բազայի հիման վրա բացված երկրաբանության ամբիոնը նպատակ ունի երկրաբանական ակտիվ հետազոտությունների ոլորտ ներգրավել երիտասարդ կադրերի, ակտիվացնել նրանց մասնակցությունը ժամանակակից հետազոտական աշխատանքներում:
Ամբիոնը հետազոտողի համար լայն հնարավորություններ է ընձեռում ինչպես տեսական (Երկրի ընդերքում տեղի ունեցող պրոցեսներ, Երկրի կառուցվածքին և Երկրի պատմությանն առնչվող թեմաներ), այնպես էլ գործնական և կիրառական գիտելքիների (երկրաբանական վտանգների գնահատում, բնապահպանական հիմնախնդիրներ, հիդրոերկրաքիմիա, օգտակար հանածոների և դրանց որոնման մեթոդներ, աշխարհագրական տեղեկատվական մեթոդներ) ձեռք բերման համար: Այս ամենի մասին VERELQ-ի հետ զրույցում պատմեց Երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանը:
- Տիկին Սարգսյան, սովորաբար ո՞ր մասնագիտության շրջանավարտներն են նախընտրում ուսումը մագիստրատուրայում շարունակել «Երկրաբանություն» մասնագիտությամբ և ստանալ երկրաբանի որակավորում:
- Ըստ ավանդույթի՝ մագիստրատուրայում ուսումը հիմնականում ցանկանում են շարունակել
երկրաբանության բակալավրի աստիճան ունեցող դիմորդները, բայց վերջին տարիների ընթացքում կարծես ավանդույթը փոխվում է, և մեր ամբիոն են դիմում կիրառական մաթեմատիկայի, աշխարհագրության, էկոլոգիայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և նույնիսկ լեզվաբանության բակալավրի աստիճան ունեցող մարդիկ: Սա շատ ողջունելի է և նույնիսկ, կարելի է ասել, օրինաչափ, քանի որ երկրաբանությունը բնական գիտությունների այն ճյուղերից է, որի ուսումնասիրությունները սերտորեն կապված են բնական գիտությունների մյուս ճյուղերին: Չէ՞ որ երկրաբանությունը՝ որպես գիտություն, առնչվում է գիտական ուղղությունների լայն սպեկտրի հետ, և նրա հետազոտությունների ոլորտը ընդգրկում է նաև մի շարք հարակից գիտություններ: Երկրաբանության առանձին ճյուղեր, օրինակ՝ երկրաֆիզիկան, երկրաքիմիան, գեոինֆորմատիկան միջդիսցիպլինար բնույթ ունեն են։
- Ունե՞ք արդյոք գործնական դասընթացներ կազմակերպելու հնարավորություն: Ուսանողներին ուրիշ ի՞նչ հնարավորություններ են ընձեռում երկրաբանության ամբիոնը և Երկրաբանական գիտությունների ինստիտուտը:
- Ուսանելու ընթացքաում մագիստրանտները ընդհանուր երկրաբանական գիտելիքներ են ստանում ակտիվ տեկտոնիկայի, երկրաբանական վտանգների, սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, նստվածքագիտության, երկրաքիմիայի, երկրաֆիզիկայի, հիդրոերկրաքիմիայի, օգտակար հանածոների և դրանց որոնման մեթոդների, պետրոլոգիայի և պետրոգրաֆիայի, աշխարհագրական տեղեկատվական մեթոդների, ինչպես նաև հարակից այլ ուղղությունների մասին: Տեսական գիտելիքներ հաղորդելուց բացի՝ ամբիոնը ուսանողներին հնարավորություն է տալիս մասնակցելու ինստիտուտի դաշտային և լաբորատոր աշխատանքներին: Ուսումնառության ընթացքում նրանց լաբորատորիաներում տարբեր հետազոտական արդյունքներ վերլուծելու հնարավորություն է ընձեռվում:
Ուսանողները հետազոտությունների համար կարող են օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, ինչպես նաև
բարելավել իրենց հաշվողական հմտությունները: Երկրաբանական գիտությունների ինստիտուտում գործող
երկրաբանության ամբիոնի նպատակներից մեկը ուսանողներին ինստիտուտի հետազոտական ծրագրերում
ներգրավելն է, քանի որ աշխատանքային փորձը գիտելիքի ձեռքբերման լավագույն միջոցն է։
- Ի՞նչ միջազգային ծրագրեր, համագործակցություններ է առաջարկում ամբիոնն ուսանողներին:
- Երկրաբանական գիտությունների ինստիտուտը համատեղ գիտական հետազոտություններ է իրականացնում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի, Իտալիայի, Թայվանի և այլ երկրների մասնագետների հետ: Երկրաբանական գիտությունների ինստիտուտը և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRF) հետ համատեղ ստեղծվել է (2012 թ.) հայ-ֆրանսիական միջազգային լաբորատորիա, որի գործունեության ընթացքում սեյսմոտեկտոնիկայի և հնագիտության բնագավառներում նոր, կարևոր տեղեկություններ են ստացվել: Երիտասարդ մասնագետները շարունակաբար վերապատրաստում են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների համալսարաններում: Օրինակ՝ այս տարի երկրաբանության ամբիոնի 1-ին կուրսի ուսանողները «Erasmus credit mobility» ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեն ուսումը շարունակելու Լիլլի համալսարանում:
Համալսարանը ռադիոլարիաների լաբորատոր հետազոտման համար լայն հնարավորույթուններ է ընձեռնում: Այդ հետազոտությունները մեծապես կօգնեն նրանց մագիստրոսական թեզի շուրջ տարվող աշխատանքներում: Այսպիսով՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Լիլլի համալսարանի երկար տարիների համագործակցության արդյունքնում, բացի ասպիրանտուրայում իրականացվող ծրագրերից, հնարավորություն կլինի նաև մագիտրատուրայում փոխանակման ծրագրեր իրականացնելու:
- Ակտուալ հարց՝ որքանո՞վ է հեշտ «Երկրաբանություն» մասնագիտությունն ավարտած շրջանավարտին աշխատանք գտնել Հայաստանում, և որքանո՞վ եք դուք աջակցում նրանց այս ուղղությամբ:
- Այս պահին մեր ուսանողներից երեքը աշխատում են ինստիտուտի տարբեր լաբորատորիաներում:
Լավագույն ուսանողները միշտ հնարավորություն են ունենում աշխատելու Երկրաբանական
գիտությունների ինստիտուտում՝ հետագա ասպիրանտական ուսումնառության հեռանկարով, ինչպես նաև
ընդգրկվում են տարբեր միջազգային դրամաշնորհային ծրագրերում: Մասնագիտանալով երկրաբանական տարաբնույթ հետազոտությունների ոլորտում՝ մեր շրջանավարտները կարող են ներգրավվել նաև բնապահպանական, երկրաբանական վտանգների խնդիրների գնահատման, լուծման կամ այդ խնդիրները նվազագույնի հասցնելու միջոցների ու ուղիների հայտնաբերմանն ուղղված աշխատանքներում:
- Ի՞նչ մարտահրավերների և զարգացման հնարավորությունների առջև են կանգնած այսօր երկրաբանները:
- Ընդհանուր առմամբ Հայաստանում գիտության ոլորտում աշխատանքը երիտասարդների համար այնքան
էլ գրավիչ չէ, առաջին հերթին ցածր աշխատավարձերի և թույլ զարգացած հետազոտական
ենթակառուցվածքների պատճառով: Մեկ այլ մեծ խնդիր է գիտության ոլորտից որակյալ կադրերի արտահոսքը:
Սրանք լուրջ մատահրավերներ են: Միևնույն ժամանակ երկրաբանության շատ ոլորտներում այժմ երիտասարդ և բանիմաց կադրերի մեծ պահանջարկ կա: Կան նաև շատ ոլորտներ, որտեղ կարելի է լավ արդյունքների հասնել, այդ թվում՝ միջազգային համագործակցության միջոցով: