Դեսպանատունը Իսրայելում՝ քաղաքական ևս մեկ անհետևողականություն. Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն արտաքին քաղաքական ևս մեկ անհետևողականություն է ներկայացրել:
«1. 2019թ. սեպտեմբերին կառավարությունը «մեծ խաբարով» որոշեց դեսպանություն բացել Իսրայելում:
2. Թեմայի շուրջ հետևողականորեն չաշխատեց բարեկամ Իրանի հետ և դրա պատճառով հարաբերություններում խնդիրներ ստեղծվեցին:
3. 2020թ. հոկտեմբերի 1-ին՝ պատերազմի օրերին դեսպանին հետ կանչեց, որպես բողոքի նշան (իրականում դեսպանն այդ պահին Երևանում էր, որքանով ինձ է հայտնի), սակայն կարող էր Իսրայելի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել, իսկ մեր դեսպանը լիներ Իսրայելում՝ առնվազն Ադրբեջանին զենք վաճառելու համար կռիվ տալու, աղմուկ հանելու և լրացուցիչ տեղեկություններ հայթայթելու նպատակով:
4. 2020թ. դեկտեմբերին, ՀՀ-ն Իսրայելում իր սեփական դեսպանի նկատմամբ քրեական գործի վերաբերյալ հայտարարեց՝ առանց դեսպանին հետ կանչելու (առնվազն կարելի էր դրա մասին դեռ չբարձրաձայնել, իսկ դեսպանը շարունակում էր մնալ Երևանում):
5. Հետևաբար, հիմա Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված, ում աշխատանքը դեսպանընկալ երկրում առնվազն ուղարկող պետության կողմից խոչընդհոտված է և ով շարունակում է գտնվել Երևանում:
Այսինքն՝ մենք մեզ որոշեցինք, նշանակեցինք, վնասից բացի օգուտ չունեցանք, մեր իսկ դեսպանի գործին էլ ինքներս խանգարեցինք»,- գրել է Սարգսյանը Facebook-ի իր էջում: