24.11.2024
Կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն. զոհերի թիվն անցնում է 4000-ից
prev Նախորդ նորություն

Միքայել Մելքումյանը հերքել է ԲՀԿ-ից հեռանալու մտադրության մասին լուրերը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը կտրականապես հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է լքել ԲՀԿ-ն:


Ելույթ ունենալով այսօր՝ փետրվարի 18-ին, պատգամավորը նշել է, որ նման լուրերն անհիմն է համարում։ «ԲՀԿ-ից հեռանալու մասին հարց տալուց առաջ կուսումնասիրեք, թե ինչով եմ զբաղվել վերջին ամիսներին»,- լրագրողներին խորհուրդ տվեց Մելքումյանը՝ նշելով, որ վերջին շրջանում զբաղվել է ակտիվ կուսակցական գործունեությամբ, հանդես է եկել խմբակցության և կուսակցության անունից, ներկայացրել է օրինագծեր ԲՀԿ-ի անունից, մասնակցել է ԲՀԿ-ի կազմակերպած սահմանամերձ շրջաններում այցելություններին։


Նա ընդգծել է, որ կուսակցության քաղաքականությունը մշակողներից մեկն է։ «Ես կարո՞ղ եմ հեռանալ ինքս ինձանից։ Իհարկե, ո՛չ: Այդ պատճառով ինձ նման լուրերը ծիծաղեցնում են։ Այդ լուրերը նշանակում են, որ Հայաստանում որոշակի ուժեր խիստ մտահոգված են Միքայել Մելքումյանի քաղաքականության հետևողականությամբ», - հայտարարեց նա։


Խոսելով պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու որոշման մասին՝ Մելքումյանը նշեց, որ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնելու։


«Ճիշտն ասած՝ ես չեմ տեսել նրան արված հայտարարությունից հետո։ Սակայն մինչ այդ, Պետրոսյանի ԲՀԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններ չեն եղել: Ինձ համար դա անակնկալ էր։ Որքան ինձ հայտնի է, նա հանդես է եկել իր որոշման պատճառների պարզաբանմամբ», - նշել է Մելքումյանը՝ հավելելով, որ ԲՀԿ կուսակիցներն ու ղեկավարությունը մեծ հարգանքով են վերաբերվել Պետրոսյանին։


Մեկնաբանելով Պետրոսյանի եւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններն այն մասին, որ իրենք ավելի վճռական քաղաքական քայլերի կողմնակից են, Մելքումյանը նշել է, որ կուսակցությունը կոլեկտիվ վերլուծության եւ որոշումների կոլեկտիվ մոդելավորման ինստիտուտ է:


Բնականաբար, կուսակցության յուրաքանչյուր անդամ աշխատանքային քննարկումների ընթացքում իրավունք ունի արտահայտել և պաշտպանել իր տեսակետը, սակայն կուսակցության դիրքորոշումն ի վերջո հիմնված կլինի ընդունված կոլեկտիվ որոշման վրա։


«Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ուստի որոշումներ կայացնելիս պետք է հաշվել մի քանի քայլ առաջ, հաշվի առնել պետության, ժողովրդի, ինչպես նաև կուսակցության շահերը։ Վճռական քայլերը չպետք է մնան տեսության մակարդակում, դրանք պետք է արդյունք տան», - եզրափակեց նա։