24.11.2024
Գարիկ Սարգսյանը նոր պաշտոնի է նշանակվել
prev Նախորդ նորություն

Հայաստանում գիտությունն, ըստ էության, չի ֆինանսավորվում. Ռադիկ Մարտիրոսյան

Անցած պատերազմում հայկական կողմի մահերի 90 տոկոսը հակառակորդի տեխնոլոգիական գերազանցության հետեւանք է: Այս մասին այսօր՝ փետրվարի 1 - ին, ԱԺ-ում «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հիմք» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։


Հայաստանի նկատմամբ տեխնոլոգիական գերազանցությունը զարմանալի չի թվում ԳԱԱ նախագահին՝ հաշվի առնելով հարևան երկրում գիտական ոլորտի ֆինանսավորման ծավալները։ «Որպեսզի ամեն ինչ շատ պարզ լինի, նշեմ, որ Թուրքիայում գիտության ծախսերը կազմում են երկրի ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսը։ «Բայրաքթար» ԱԹՍ-ի ստեղծման համար նրանք ծախսել են շուրջ 270 մլն ԱՄՆ դոլար։ Դա այնքան է, որքան Հայաստանը ծախսել է գիտության ողջ ոլորտի ֆինանսավորման համար վերջին 10 տարում», - նշել է Մարտիրոսյանը։


Նրա խոսքով՝ երկար տարիներ՝ սկսած 1991 թվականից, Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալները կազմում են ՀՆԱ-ի 0,25%-ը։ Նա նշեց, որ գիտությունը, ըստ էության, չի ֆինանսավորվում, այդ միջոցները բավականացնում են միայն այն գիտական հաստատությունների պահպանման համար, որոնք գոյություն ունեն խորհրդային ժամանակներից: Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալներն ավելի ցածր են, քան հարեւան բոլոր երկրներում 5-7 անգամ, հավաստիացրեց ՀՀ ԳԱԱ նախագահը:


«Հայաստանում գիտաշխատողի միջին աշխատավարձը կազմում է մոտ 100 հազար դրամ։ Դա հանրապետությունում միջին աշխատավարձի ուղիղ կեսն է։ ՀՀ ԳԱԱ աշխատակիցների 2/3 - ը ստանում են նվազագույն աշխատավարձ», - ասաց նա։


Մարտիրոսյանը նշել է, որ ԵՄ-ի անցկացրած հետազոտությունների համաձայն, այն երկրներում, որոնք գիտության ֆինանսավորման համար հատկացնում են ՀՆԱ-ի 1 տոկոսից պակաս, գիտությունը չի կարող էական ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման վրա: Ավելին՝ նման երկրներում գիտական ոլորտն աստիճանաբար անկում է ապրում, ընդգծել է Մարտիրոսյանը։


Զարգացած գիտական ոլորտն ապահովելու համար անհրաժեշտ է ֆինանսավորման ավելացում, համապատասխան կադրային ներուժի ապահովում, բարձր մակարդակի միջազգային համագործակցություն և վերջապես գիտական ոլորտի բարձր մակարդակին համապատասխանող պետական պատվեր, եզրափակեց նա: