Արման Թաթոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ գերիների վերադարձի հրատապությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ:
Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:
Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները՝ ներկայացնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես նաև ՌԴ-ում կազմակերպված հայերի, այդ թվում` ՀՀ քաղաքացիների համատեղ ընդունելությունը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված է եղել ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը։ Համատեղ աշխատանքի այդ օրինակը դարձել է միջազգային լավագույն փորձ, որը պետք է նշվի միջազգային հարթակներում:
ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: