Առաջնահերթությունների վերանայումը, ինստիտուցիոնալ համակարգումը և ռեսուրսների ճիշտ բաշխումը Հայաստանի դիմակայության հիմնական ուղիներն են այս ագրեսիվ տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հիմք» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ զարգացման քաղաքականության մշակման ժամանակ տեխնիկական առաջընթացի անտեսումը կարող է հանգեցնել ամենացավալի հետեւանքների: «Դա ամենեւին չի նշանակում, որ մենք պետք է միանգամից քայլեր ձեռնարկենք բոլոր գիտական ուղղություններով եւ ֆինանսավորենք դրանք։ Դա նշանակում է, որ մենք ավելի լուրջ համակարգման, ինստիտուցիոնալ համակարգման կարիք ունենք։ Դա ենթադրում է առաջնահերթությունների վերանայում, դրանց տեղափոխում ժամանակակից չափորոշիչների», - հայտարարել է Արշակյանը։
Հիշեցնելով, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ կա Գիտությունների ազգային ակադեմիա, նախարարն ընդգծեց, որ ակադեմիան պետք է ստանձնի գիտության ինստիտուցիոնալ զարգացումն ապահովելու գործառույթները: «Անհրաժեշտություն կա հստակ եւ համակարգված աշխատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մաթեմատիկան, ֆիզիկան, աստղաֆիզիկան, նյութագիտությունը, քիմիան եւ կենսաքիմիան։ Եվ այս համատեքստում ՀՀ ԳԱԱ-ի դերն անգնահատելի է», - նշեց նախարարը՝ մատնանշելով ՀՀ ԳԱԱ-ի հզորացման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով անվտանգության ոլորտում գիտության դերին՝ նախարարը նշել է, որ այդ տեսանկյունից Հայաստանը բավականին ագրեսիվ միջավայրում է գտնվում։ Նա ընդգծեց, որ որոշ հարևան երկրներ մշտապես խեղաթյուրում են պատմությունը, քարտեզները, լեզվաբանական առանձնահատկությունները: «Նրանք աշխատում են համակարգված և կազմակերպված՝ դրանում ներգրավելով նաև միջազգային հանրությանը։ Եվ այսպես, նրանց գործողությունները ունեն կոնկրետ բացասական հետեւանքներ: Այդ հետևանքներից խուսափելու կամ նվազագույնի հասցնելու համար մեզ անհրաժեշտ է համակարգված աշխատանք նաև այդ ուղղությամբ»։
Խոսելով ռազմարդյունաբերության մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ վերջին երկու տարիներին ռազմական արդյունաբերության ոլորտի գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների բյուջետային ֆինանսավորումն ավելացել է 2,5 անգամ։ Եթե դրան գումարենք նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի նորարարական նախագծերի և կրթության համար հատկացվող դրամաշնորհները, ապա ակնհայտ կդառնա, որ ֆինանսավորումն ավելացել է 4 անգամ։
Նախարարը հավաստիացրել է, որ ռադիոինժեներիայի ոլորտում Հայաստանը լավ ներուժ և մշակումներ ունի, որոնք անհրաժեշտության դեպքում օգտագործվում են նաև ռազմական նպատակներով։ Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև կիբերանվտանգության և IT ապահովման ուղղությամբ։
«Ամենեւին չնեղացնելով մեր գիտնականների եւ մշակողների ունակություններն ու հնարավորությունները՝ ես կցանկանայի ասել, որ մենք հրաշքի չպետք է սպասենք, մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք, առկա ներուժը լիարժեքորեն օգտագործենք՝ ապահովելով ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հնարավոր առավելագույն առաջընթացը», - եզրափակել է Արշակյանը: