VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե ինքը չի էլ մտածում հրաժարական տալու եւ իր տեղը ինչ-որ մեկին զիջելու մասին: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Մարությանը նշել է, թե ինքն ընտրվել է հանրության կողմից, վայելում է հարգանք ու երկար է մտածել, եկել այն եզրահանգման, որ որեւէ պարագայում չպետք է նման քայլի գնալ: «Թե կարող են, թող հանեն»,- ասել է նա: Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում քաղաքապետը թիմ է հավաքում եւ իր դիրքերն ավելի է ամրապնդում: Բանն այն է, որ վերջին ժամանակաշրջանում շատ լարված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխհարաբերությունները: Կարելի է ասել՝ վերջիններս միմիայց հետ չեն շփվում, ու այն հիացմունքը, որը ժամանակին Փաշինյանն ունեցել է Մարությանի անձի նկատմամբ, այլեւս չկա: Իսկ Մարությանն էլ իր հերթին է սկսել վատ արտահայտվել Փաշինյանի ու նրա թիմի մասին, եւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ եւս նրա փոխհարաբերությունները լարվել են: Իսկ այն, որ Մարությանի այս պահվածքի պատճառով արդեն մի քանի տարի է՝ տուժում է Երեւան քաղաքը, ակնհայտ է, քանի որ վերջինս մատների արանքով է նայում բոլոր այն հարցերին, որոնց պետք է հրատապ լուծումներ տալ: Իսկ շինարարները շարունակում են մի թուղթ ստանալու համար ամիսներով սպասել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից կամ 16-17 կուսակցություններից, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ մերժում ընտրությունների գաղափարը։ Եթե նրանց մեծ մասը դրա մասին դեռեւս հստակ չի հայտարարել, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կոշտ է դրել հարցը։ Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ մեր թերթին տված հարցազրույցում քանիցս հայտարարել է՝ նրանք, ովքեր կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններին, կլեգիտիմացնեն դավաճանի վերարտադրությունը։ Շարմազանովը երեկ խուսափեց գնահատականներ տալ ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությանը, թե մասնակցելու են ընտրություններին եւ «կրեն»։ Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ն՝ հարցրինք նրան։ Ասաց՝ քանի դեռ ԳՄ նիստ չեն արել, ուժի մեջ է տարեվերջյան նիստի որոշումը, այն է՝ գործող վարչակարգի հետ այդ թեմայով որեւէ կոնսուլտացիա բացառվում է։ Բանն այն է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել եւ ինքնամեկուսացման ռեժիմում է։ Սրանով են նաեւ բացատրում, որ ընդդիմադիր ուժերի ղեկավար կազմը՝ 6-ի ֆորմատով (Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան, Վազգեն Մանուկյան), տեւական ժամանակ է՝ նիստեր չի անում, չի հանդիպում։ Թե երբ կհրավիրվի ՀՀԿ ԳՄ նիստը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք պարբերաբար նիստեր հրավիրում են, ընդամենը մեկ ամիս է անցել վերջին նիստից, երբ նոր որոշում կունենան, կհայտնեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. Հայրենիքի փրկության ճակատում որոշել են նախապես չհայտարարել իրենց միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունների ուղեգիծը, որպեսզի իշխանությունը նախօրոք չպատրաստվի, Մանուկյանի ճանապարհը փակող գնդեր չգործուղի հանդիպման վայր, ինչպես եղավ Գյումրիում։ Արարատում օրերս տեղի ունեցած այցի մասին էլ մարզային իշխանություններն ուշ են իմացել եւ հազիվ հասցրել են մի քանի հոգու ուղարկել Մանուկյանի դեմ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի մի շարք պաշտոնատարների դեմ հերթական քրեական գործը կհարուցվի։ Օրերս Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը, որով նախատեսված է քրեական գործ հարուցել Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղար Հայկ Ավագյանի, Անձնակազմի կառավարման բաժնի պետ Ռիմա Բաբայանի և ներկայացուցիչ Թամարա Շաքարյանի դեմ` ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի հատկանիշներով: Վերջիններիս կողմից պաշտոնական փաստաթղթերում մտցվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ: Հատկանշական է, որ Հայկ Ավագյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի սանիկն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Երեւանի պետական համալսարանում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը հրաժարական տվեց: Այս հրաժարականին երկու բացատրություն են տալիս, մեկը՝ որ Արցախյան պատերազմի եւ պարտության դեմ արված բողոքի քայլն էր, մյուսը՝ դատարանը որոշում էր կայացրել, որ նա իրավունք չուներ ընտրվել Հոգաբարձուների խորհրդի նախագահ, եւ նա որոշման կիրառումից առաջ ընկավ՝ հրաժարական տալով։ Վարչապետի որոշմամբ՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանին, որը եւս հրաժարական էր տվել, Հոգաբարձուների խորհրդում փոխարինեցին նոր ղեկավարով՝ Բագրատ Բադալյանով, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանով, Հանրայինի նախկին տնօրեն Արմեն Սարգսյանին՝ նոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանով, հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանով, ով menu. am-ի սեփականատեր, այժմ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եղբայրն է: Այսպիսով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալրված էր, մնում էր, որ նախագահ ընտրեն, ապա եւ՝ ԵՊՀ ռեկտոր: Լուրեր էին շրջանառվում, թե իշխանությունը մտադիր է Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Հովհաննես Մովսիսյանին, սակայն դրան դեմ են համալսարանականները, եւ իշխանությունն այժմ խաղադրույք է կատարել Ավետիք Քերոբյանի վրա, սակայն համալսարանականները հակված են հենց իրենցից ընտրել նախագահ, հոգնել են դրսից եկած, բուհի հետ կապ չունեցող մարդկանցից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նախապատրաստություն է տեսնում Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը: Միայն թե Բաբայանը դեռ չի որոշել՝ ընտրություններին մասնակցել իր ունեցած «Դաշի՞նք» կուսակցությունով, թե՞ նոր կուսակցություն գրանցել: Ընտրություններին մասնակցելու հարցով Բաբայանը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մեկ շաբաթ առաջ հանդիպել էր Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Գլխավոր թեմաներից մեկը, որը քննարկվել է հանդիպման ժամանակ, աբխազական երկաթուղու վերաբացման հարցն է, ինչը վերջ կդնի Հայաստանի երկաթուղային շրջափակմանը: Սակայն երկաթուղու վերաբացմանը արդեն գրեթե 30 տարի դեմ են թե՛ աբխազական, թե՛ վրացական կողմերը: Աբխազները պահանջում են, որ բեռնափոխադրումները սահմանին հսկեն իրենք և ոչ թե շվեյցարական կազմակերպությունը, որի հետ առկա է պայմանագիր, իսկ վրացական կողմին երկաթգծի ապաշրջափակումը տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ արդյունքում կպակասի վրացական նավահանգիստների և ավտոճանապարհային բեռնափոխադրումների ծավալը, որը ավելի մեծ եկամուտ է ապահովում Վրաստանին: Դիրքորոշման էական փոփոխություն կլինի, եթե Հայաստանը իրապես սկսի օգտագործել ադրբեջանական երկաթուղին, բայց վրացիները դա այնքան էլ իրատեսական չեն համարում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ սահմանելու մասին նախագիծ: Նախագծով նախատեսվում է, որ ռազմական դրություն հայտարարված տարածքում գտնվող օբյեկտում աշխատաժամանակի նորմալ տևողությունը կարող է գերազանցել խաղաղ պայմաններում տվյալ օբյեկտի համար սահմանված աշխատաժամանակից: Ռազմական դրության ժամանակ օբյեկտի աշխատակիցները, բացի իրենց անմիջական պարտականությունների կատարումից, կարող են ներգրավվել օբյեկտի պաշտպանության աշխատանքներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո տնտեսությունն անկում է ապրում, եւ շատ բիզնեսներ դժվարություններ են կրում՝ սնանկանում են, արտադրություններն են կանգնեցնում, աշխատողներին ուղարկում են հարկադիր պարապուրդի։ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը՝ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Մասիս տոբակո»-ն, աշխատակիցներին նստեցրել է տանը։ Ծխախոտի արտադրությամբ զբաղվող այս հիմնարկում աշխատողների մոտ 80 տոկոսին հարկադիր պարապուրդի են ուղարկել՝ պատճառաբանելով, թե պահանջարկ չկա, ուստի արտադրությունն առժամանակ կանգնեցնում են։ Հիշեցնենք, որ Վարդանյանների ընտանիքն առաջիններից էր, որ իր աջակցությունը հայտնեց հեղափոխությանը եւ Նիկոլ Փաշինյանին։ Սակայն այսօր երկրում տնտեսական ճգնաժամն այն կարգի է խորացել, որ նույնիսկ ամենապահանջարկված ապրանքները, ինչպիսին ծխախոտն է, այլեւս սպառող չունեն։ Իսկ «Գրանդ հոլդինգն» այս ընթացքում ոչ միայն սպառման նվազումներ ունի՝ բոլոր ապրանքների գծով, այլեւ իրեն պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը փակեց՝ չդիմելով սլոթների համար հայտարարված մրցույթին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում հունվարի 21-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 4.7 դոլարով: Այն հունվարի 5-ի դրությամբ կազմել է 4.5 դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 4.2 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է մոտ 3500 դրամով: Ստացվում է, որ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 6.7 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից 2 դոլարով ավելի: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում որոշ ապրանքներ արդեն մի քանի ամիս է, ինչ թանկացել են: ավելին, տեղեկացնենք, որ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը շարունակում են բարձր մնալ: Սա, ըստ մասնագետների, վատ է, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ: Սա, ըստ ամենայնի, կարագի շուկայի վրա էլ է անդրադարձել»: