VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կաբինետը երեկ կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերից մեկով, Հայաստանում ցեմենտի ներկրումը 6 ամսով արգելեց։ Որոշման անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորել է ցեմենտի ներքին շուկան ու տեղական արտադրողին պաշտպանելու միտումով։ «Նշված մեխանիզմներով ցեմենտի ներմուծման սահմանափակումը չի հակասում Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ուստի վերը նշված ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում՝ տեղական շուկան պաշտպանելու նպատակով՝ սահմանափակելով տարբեր ապրանքների ներմուծումը կամ արտահանումը»,- նշված է հիմնավորման մեջ։ Ցեմենտի շուկայի գերիշխող խաղացողը «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի մեջ մտնող «Արարատցեմենտ»-ն է, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Վերջին տարիներին խթանվել է ցեմենտի ներկրումն Իրանից ու Վրաստանից, որը ոչ եկամտաբեր էր դարձնում «Արարատցեմենտ»-ի գործունեությունը։ Միայն 2018-ին 181 հազար տոննա ցեմենտ էր ներկրվել։ Ծառուկյանը պահանջում էր դեռ 2019-ին սահմանափակել ցեմենտի ներկրումը։
2019-ին տեղական արտադրողին պաշտպանելու համար ԱԺ քննարկումների արդյունքում որոշվեց 22 հազար դրամ տուրք սահմանել ներմուծման համար, սակայն փոփոխությունը կգործի մեկ տարի։ «Իմ քայլը» հայտարարեց, որ ցեմենտի ներկրման մաքսատուրքի բարձրացումը ժամանակավոր է՝ մինչեւ հասկանան, թե ինչ քայլեր են պետք տեղական արտադրության մրցունակության հիմնարար լուծումների համար: Ու թեեւ հետպատերազմական շրջանում ակնհայտորեն սառել են Նիկոլ Փաշինյան-Ծառուկյան հարաբերությունները, ընդդիմադիր առաջնորդի բիզնեսին ուղղված որոշում է կայացվում, որը կարող է ստվերային համագործակցության արդյունք կամ բարի կամքի ժեստ լինել՝ ԲՀԿ-ի բարեհաճությունը ստանալու համար։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը մեզ բացատրեց՝ քանի որ 2020-ի վերջին լրացավ ցեմենտի՝ առանց մաքսատուրքի ներկրման ժամկետը, իսկ ԲՀԿ-ականներն էլ չմասնակցեցին հանձնաժողովի քննարկմանը, հավանաբար, կառավարությունը հերթական ժամանակավոր լուծումն է գտել՝ կրկին հօգուտ տեղական արտադրողի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին խուճապային տրամադրություններ են: Բանն այն է, որ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ խմբակցությունից ԱՄՆ դեսպան գնալը շատերի մոտ տագնապ է առաջացրել, քանի որ դա նշանակում է, որ խմբակցությունում առաջիկայում բառի ուղիղ իմաստով քաոս է լինելու: Ըստ իմքայլականների՝ Մակունցն այս տարիներին կարողացել է բոլոր իրավիճակներն ավելի փափուկ հարթել, իսկ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ցանկացած հարցի պարզաբանում վերածում է «ռազբորկայի»։ Հիմա խմբակցության ներսում քննարկվում է, որ եթե այն ղեկավարի Սիմիդյանը, ապա ամեն օր իրավիճակը լարվելու է թիմի ներսում, բախումներն անխուսափելի են դառնալու: Հիշեցնենք, որ երբ խմբակցությունը լքել էր Վարդան Աթաբեկյանը, Սիմիդյանն անձամբ էր գնացել նրա տուն գիշերը մի քանի մեքենաներով՝ ռազբորկայի, ու, ըստ իմքայլականների, նման հեռանկարներ առաջիկայում շատ են լինելու, եթե նրա լիազորություններն ընդլայնվեն: Խմբակցության պատգամավորները հույս ունեն, որ գոնե Սիմիդյանը խմբակցության ղեկավար չի նշանակվի։ Կոնֆլիկտային է դիտարկվում նաեւ Արփի Դավոյանը, որն անձնական վրեժ լուծելու օրինակներ է ցույց տվել խմբակցությունում, հետեւաբար նրան եւս թիմում անընդունելի թեկնածու են համարում այս պահին»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես պատերազմի 44 օրերը, այնպես էլ ու հատկապես՝ հետպատերազմյան շրջանը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով։ Դա նշանակում է, որ նրա համար դա բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է, ինչն էլ նշանակում է, որ հանուն իշխանության պահպանման՝ նա պատրաստ է դիմել ցանկացած քայլի, եթե անգամ այդ քայլը հակասում է Հայաստանի ազգային ու պետական շահերին։ Պատերազմին հաջորդող շրջանում մենք հենց դրա ականատեսն ենք․ իշխանությունն ամեն գնով պահպանելու մոլուցքով՝ Նիկոլ Փաշինյանն իրար հետեւից արել եւ անում է քայլեր, որոնք դեմ են Հայաստանի շահերին, բայց առայժմ օգնում են պահպանել նրա իշխանությունը։ Իրականության մեջ քաղաքական ուժի ու քաղաքական գործչի համար իշխանությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ այլ նպատակների, օրինակ, գաղափարների, ծրագրերի իրագործման համար։ Նիկոլ Փաշինյանի պարագան այլ է․ չունենալով որեւէ գաղափար ու ծրագիր՝ իշխանությունը նրա համար միջոցից վերածվել է նպատակի, որի իրագործման համար նա միջոցների միջեւ խտրություն չի դնում։ Նիկոլ Փաշինյանն ինքը դարձել է իշխանության ստրուկն ու իրացնում է ստրուկի իշխանություն։ Իսկ միջոցների մեջ խտրություն չդնողը, հատկապես՝ իշխանություն ունենալու դեպքում, վտանգավոր է, չափազանց վտանգավոր։
Խնդրի ավելի պարզ ձեւակերպման դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանն ընտրության առաջ լինի՝ պետական, թե իշխանական շահը սպասարկելու հարցում, վստահաբար ընտրելու է վերջինը։ Այս լույսի ներքո սպասվող զարգացումները, այդ թվում՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարող են խիստ վտանգավոր լինել։ Հանուն իր իշխանության պահպանման ու վերարտադրման՝ Նիկոլ Փաշինյանը կարող է գործարքի գնալ անգամ սատանայի հետ, եթե անգամ վերջիններս հանդես գան Իլհամ Ալիեւի կամ Էրդողանի դեմքով։ Ընդ որում, ամենեւին պարտադիր չէ, որ վերջիններիս հետ գործարքն իրականանա ուղիղ, շատ ավելի հավանական է միջորդավորված ընթացքը, օրինակ, Ռուսաստանի միջոցով, հատկապես, որ դրա փորձն արդեն կա։ Այդ հնարավոր գործարքից կարող են շահել բոլորը, բացի Հայաստանից՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Նիկոլ Փաշինյանը, որն իր իշխանությունը կպահպանի՝ հերթական անգամ ինչ-որ բան զիջելով։ Կարող է թվալ, թե Հայաստանում դե յուրե իշխանություն ձեւավորողը՝ հասարակությունը, թույլ չի տա իրադարձությունների նման զարգացում։ Դա միայն տեսական հնարավորություն է, քանի որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հայ հասարակությանն իշխանություն ձեւավորող սուբյեկտից դարձնել սեփական քարոզչության օբյեկտ։ Նա շարունակում է տիրապետել հասարակությանը մանիպուլյացնելու ամբողջական գործիքակազմին, ինչի վկայությունն այն է, որ խայտառակ կապիտուլյացիայից շուրջ երեք ամիս անց էլ շարունակում է պահպանել վարչապետի պաշտոնը։ Այնպես որ, «մեծ գործարքի» կայացման դեպքում Նիկոլ Փաշինյանը լծվելու է իր ամենասիրելի գործին՝ ցածրորակ քարոզչությանն ու պոպուլիզմին, որին Հայաստանի քաղաքական դաշտը դեռեւս կենսունակ ոչինչ հակադրել չի կարողանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ակտիվացել է: Նա մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ոչ միայն խորհրդարանական ընդդիմադիր ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ, այլ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ նույնիսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Իհարկե, առաջին հայացքից նորմալ է, որ մեզ համար դաշնակից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրի դեսպանը հանդիպում է քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, եւ, առավել եւս, երբ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, քննարկումների թիվ մեկ թեման եղել է Ադրբեջանում առկա հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հանդիպումներն իրականում տողատակ ունեն. Ռուսաստանի Դաշնությունն այսպիսի հանդիպումներով եւ նման օրակարգով փորձում է ցույց տալ եւ ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության հարցում հենց իրենք ունեն որոշիչ նշանակություն, եւ, առանց Ռուսաստանի Դաշնության դերակատարման, ոչ մի հարց չի կարող լուծվել տարածաշրջանում, առավել եւս՝ հայ ռազմագերիների վերադարձը: Սակայն հետաքրքիր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրներից միայն Ռուսաստանի Դաշնությունն է թերեւս ակտիվ, սա է միակ կառույցը, որ մանդատ ունի լուծելու ղարաբաղյան հակամարտության հարցը: Իսկ ի՞նչ հանդիպումներ են ունեցել մյուս դեսպանները, եւ ի՞նչ հարցեր են քննարկվել:
«ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց, թե ինչ հրապարակային հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների դեսպանները։ Հունվարի 20-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին. սա եռակողմ ֆորմատով եզակի հանդիպումներից մեկն էր: Նույն օրը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Եվս մեկ հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ էլ ունեցել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այդ բոլոր հանդիպումները եղել էին վերջին մեկ շաբաթում, սակայն մինչ այդ էլ Սերգեյ Կոպիրկինն ամենաակտիվներից էր եղել, եւ անգամ կան մարդիկ, ում հետ նա այս ընթացքում արդեն երկու անգամ է հանդիպել. նրանց թվում է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, ՌԴ դեսպանն ակտիվ էր նաեւ պատերազմից հետո, իսկ մյուս դեսպաններն ակտիվացան միայն այս տարի: Այսպիսով, 44-օրյա պատերազմից հետո Կովկասի տարածաշրջանում ակնհայտորեն ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը, եւ դեսպաններից ամենաակտիվն այդ հարցով հենց Կոպիրկինն է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն համարվում է ՌԴ ռազմավարական դաշնակիցը, եւ երկու երկրները միմյանց հետ կապված են դարավոր ամուր կապերով, վերջին շրջանում ՀՀ-ում ռուսական կողմնորոշման եւ պրոռուսական հայացքների ակնհայտ անկում էր նկատվում, եւ ընդհակառակը՝ հակառուսական տրամադրությունների ավելացման միտումներ էին արձանագրվում: Այդ ամենն, իհարկե, 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Շատ է խոսվել այն մասին, որ Արեւմուտքն ամենատարբեր տեխնոլոգիաներ ու PR միջոցներ է կիրառում այն երկրներում, որոնք համարում է իր շահերի գոտին, այլ կերպ ասած՝ կիրառում է «փափուկ ուժի» քաղաքականություն։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա ամիսներին ՀՀ-ում կտրուկ աճելու է ռուսական «փափուկ ուժի» կիրառման գործընթացը, կիրառվելու է նոր գործիքակազմ։ ՌԴ բարձրաստիճան շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրը փոխանցել է, որ ՌԴ քաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել տարածաշրջանում սեփական քաղաքականությունը էապես վերանայելու մասով, ավելի կոնկրետ՝ ՀՀ-ում նախատեսում են նոր նախագծեր իրականացնել։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, առաջիկայում հայաստանյան տեղեկատվական դաշտում ավելանալու են պրոռուսական հարթակները, որոնք չեն թաքցնելու իրենց բուն առաքելությունը։ Չհաստատված, դեռեւս սաղմնային փուլում է նաեւ ռուսերենով հեռուստատեսային նախագծերի, այդ թվում՝ «թոք-շոուների» եւ տեսակամուրջների իրականացման գաղափարը։ Մյուս կողմից, ըստ մեր աղբյուրների, շատ ավելի մեծ ծրագրեր են նախատեսվում կրթամշակութային դաշտում։ Մեր տեղեկություններով, այս մասին տեղյակ են նաեւ արեւմտյան ֆինանսավորում ունեցող հայտնի շրջանակները, ինչը պարզապես հունից հանել է նրանց, ու նաեւ այդ հանգամանքն է պատճառը, որ վերջերս նրանք նոր թափով են սկսել հակառուսականության իրենց քարոզը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին կառավարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է համայնքների խոշորացում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում: 186 համայնքից որոշել են ստանալ 11-ը։ Խնդիրն այն է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել ռազմական դրության պայմաններում, ավելին՝ վերջնաժամկետ են սահմանել խոշորացման այս փուլն ավարտել մարտ-ապրիլ ամիսներին։ ՀՀ Սահմանադրությամբ եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով ռազմական դրության ժամանակ արգելվում է հանրաքվե անցկացնելը: Բայց խոշորացումն իշխանության համար հրատապ է, որ հասցնեն անցանկալի համայնքապետերից ազատվել եւ խոշորացումից հետո նոր ընտրություններ անցկացնել։ Մեր տեղեկություններով, մի շարք համայնքապետեր, մասնավորապես Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Նոր Հաճնի համայնքապետ Գագիկ Մաթեւոսյանը դիմել են Սահմանադրական դատարան եւ վիճարկում են ռազմական դրության պայմաններում հանրաքվեի անցկացումը սահմանափակող դրույթը։ Այսինքն՝ նրանք ուզում են, որ մինչ խոշորացումը հարցը դրվի հանրաքվեի, եւ համայնքի բնակչությունը հայտնի իր կարծիքը՝ ուզո՞ւմ է գնալ խոշորացման, թե՞ ոչ։ ՍԴ-ն նախադեպային որոշում է կայացրել՝ հայցը վարույթ ընդունելով, այն կքննվի մայիսին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի ճակատագիրը դեռ շարունակում է մնալ անհայտ. պահանջարկ ունեցող գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը գնորդ չունի: Այն, ի դեպ, առայժմ աճուրդի չի հանվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին հյուրանոցում տեղավորվել են Արցախից եկած մոտ 180 քաղաքացի: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանի խոսքով՝ այս պահին բանակցում են մի ընկերության հետ հյուրանոցի վաճառքի շուրջ. «Փորձենք հասկանալ՝ արդյոք հնարավոր է իրենց կողմից այդ գնումը, թե ոչ: Իրենք պետք է Հայաստան գան հաջորդ ամսվա ընթացքում՝ փետրվարի կեսերին. եթե հասկանանք, որ դա իրատեսական չէ, այդ դեպքում արդեն այլ որոշում կկայացվի: Մասնավորապես, կարող եմ առաջարկել փակ բաժնետիրական ընկերություն ստեղծել եւ աշխատեցնել առայժմ, մինչեւ հետագայում ցույց կտա ժամանակը: Աշխատեցնել, վարձով կամ հավատարմագրային կառավարման տալ, ՓԲԸ ստեղծելուց հետո այդ բոլոր տարբերակները չեն սահմանափվում եւ չեն բացառվում»: Նարեկ Բաբայանին խնդրեցինք ներկայացնել, թե որ ընկերությունն է հետաքրքրված հայկական հինգաստղանի հյուրանոցով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Բաբայանն ասաց. «Անկեղծ ասած, ընկերության անունը, որպես այդպեսին, չեմ կարող ասել. ինձ թվում է՝ խառը, տարբեր երկրներից կոնսորցիում է: Ես սպասում եմ, որ իրենք Հայաստան գան, եւ քննարկենք»,- փոխանցեց Բաբայանը: Հավելենք, որ գույքի գնահատված արժեքը նախորդ աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ: Ստացվում է, որ մասնավորից վերցված գերթանկարժեք հյուրանոցը մինչ օրս չի աշխատել. սկզբում փակ էր, հետո ծառայում էր կորոնավարակակիրների մեկուսացման վայր, հիմա էլ՝ արցախցիների օթեւան>:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, կառավարությունում նախօրեին փակ քննարկում է տեղի ունեցել կորոնավիրուսով պայմանավորված որոշ սահմանափակումներից հրաժարվելու վերաբերյալ։ Մասնավորապես քննարկվում է հեռավար ուսուցումից հրաժարվելու, բուհերում փետրվարի 8-ից դասերը սովորական ռեժիմով վերսկսելու հարցը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել. պետությունները բառացիորեն փակել էին սահմանները՝ մասնակի բացառություններով։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի և ՌԴ կառավարությունները համաձայնության են եկել, և կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով մեկնել Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ, որոնց ցանկը հրապարակվել է ՌԴ կառավարության կողմից: Փետրվարի 1-ից գործարկվում է «ճամփորդիր առանց covid-19-ի» ծրագիրը , որն առայժմ պիլոտային է՝ մինչև մարտի 1-ը: «Փաստ» թերթը երեկ ողջ օրը տեղեկություններ էր ստանում, որ այս լուրը բավական լայն արձագանք է ստացել մեր քաղաքացիների շրջանում. ըստ մեր տեղեկությունների՝ կառավարության նիստում նշյալ «ավետիսի» հրապարակումից հետո ավիաընկերությունների հեռախոսները բառացիորեն չեն լռում, հազարավոր մարդիկ փորձում են մանրամասն տեղեկություններ ստանալ և հնարավորինս շուտ տոմս ձեռք բերել, որպեսզի մեկնեն Ռուսաստանի Դաշնություն»: