25.11.2024
Մոսկվայում զգուշավոր լավատեսություն կա ԼՂ պատերազմից հետո. Ալեքսեյ Տոկարև
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն թուլացել է, իսկ Մինսկի խումբը վերածվում է ֆորմալ կառույցի

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, որի Մինսկի խմբի համանախագահությունն ավելի քան 25 տարի զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, բախվել է լուրջ ճգնաժամի թե՛ տարածաշրջանի երկրներում գործունեության, և թե՛ արցախյան հակամարտության կարգավորմանը նպաստելու տեսանկյունից:


Հայաստան-ԵԱՀԿ


Հայաստանն անդամակցում է ԵԱՀԿ-ին 1992թ. հունվարի 30-ից: ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավարը 2019թ. հունվարի 11-ից ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն է:


2017թ. օգոստոսի 31-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանի կողմից գրասենյակի մանդատի երկարաձգման մասին որոշման շուրջ կոնսենսուսին չմիանալու պատճառով: Չնայած ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը, կողմերը պայմանավորվել են շարունակել ՀՀ համար առաջնային ծրագրերի իրագործումը Հայաստանի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում: Այն ներառում է ծրագրային ուղղություններ ԵԱՀԿ բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում:


Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացված է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությամբ: Կապը պահվում է նաև կառավարության մակարդակով: ԱԳՆ-ում գործում է ԵԱՀԿ և սովորական սպառազինությունների բաժին:


Ստացվում է, չնայած ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակմանը՝ Հայաստանի հետ համագործակցությունը կազմակերպության հիմնական ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում իրականացվող ծրագրային ուղղություններով պահպանվել են: Դրանք մեծապես իրականացվում են հենց կառավարության հետ համագործակցությամբ: Միևնույն ժամանակ դժվար է չափել այդ ծրագրերի իրականացման արդյունավետությունը Հայաստանում մարդկանց կյանքը վերոնշյալ երեք ուղղություններով առավել բարեկեցիկ դարձնելու տեսանկյունից:


Նախկինում ԵԱՀԿ-ն տարբեր ծրագրեր է իրականացրել Հայաստանում, որոնք բազմիցս լուսաբանվել է մամուլում: 2005-2007 թթ Հայաստանի պաշտպանության նախարարությունը և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը իրականացրել են «մելանժ» տիպի հրթիռային վառելիքի վերամշակման ծրագիրը: Այս ծրագրի համաձայն, «մելանժ»-ը վերամշակվել է՝ դառնալով էկոլոգիապես մաքուր պարարտանյութ, որի կարիքն ունի Հայաստանը:


Տեղեկություններ կային, որ այդ ծրագիրը կարող է շարունակվել Հայաստանում, թեև հստակություն չկար, արդյոք Հայաստանում դեռևս առկա են «մելանժ» տիպի հրթիռային վառելիքի վտանգավոր պաշարներ: ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ ծրագիրն ավարտվել է դեռ 2007 թ.-ին և դրա շարունակության մասին խոսք չկա:


«2007թ. ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ-ի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ ավարտել է «մելանժ» տիպի հրթիռային վառելիքի վտանգավոր պաշարների վերացման և դրա վերամշակման ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ոչնչացվել են ՀՀ-ում առկա հրթիռային վառելիքի վտանգավոր պաշարներն ամբողջությամբ», - ասված է ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանի մեջ:


Մինսկի խումբը՝ ֆորմալ կառո՞ւյց


Տարածաշրջանում ԵԱՀԿ-ի ներկայության կարևորագյուն գործիքներից է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ավելի քան 26 տարի զբաղվում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Տևական ժամանակ այդ ձևաչափն այլընտրանք չուներ և դիտարկվում էր հակամարտության կարգավորման միակ պրոֆեսիոնալ հարթակը: Սակայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որը դադարեցվեց Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ, Մինսկի խբի համանախագահության դիրքերը կտրուկ թուլացան տարածաշրջանում՝ էականորեն սահմանափակելով նաև ԵԱՀԿ-ի հնարավորությունները:


Բավական է դիտել ԵԱՀԿ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կադրերը և լսել խոսակցութունը՝ հասկանալու համար, թե որքան քամահարական է Բաքվի վերաբերմունքն այդ կառույցին:


Մինսկի համանախագահության, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հնարավորություները վերջին պատերազմից հետո էապես թուլացել են, կարծում է վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը: «Այժմ արցախյան հակամարտության կարգավորման գործում վճռորոշ ազդեցություն ունի ոչ թե ԵԱՀԿ-ն որպես կազմակերպություն, կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ Ռուսաստանը: Սա է իրականությունը և դրա հետ պետք է հաշվի նստել», - ընդգծում է նա VERELQ-ի հետ զրույցում:


Նա նաև չի կարծում, որ 2017թ. օգոստոսի 31-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության դադարեցումից հետո, լուրջ համագործակցություն է ծավալվում Հայաստանի և այդ կազմակերպության միջև: Հայաստանի ԱԳՆ-ի և ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչության կայքերում 2017-ից հետո ԵԱՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում իրականացրած ծրագրերի մասին ընդգրկուն տեղեկություն չկարողացանք գտնել:


Մյուս կողմից քիչ չեն եղել դեպքերը, երբ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած այս կամ այն պետությունը հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ակտիվորեն աջակցելու մտադրության մասին, սակայն ոչ մի էական տեղաշարժ այդ ուղղությամբ չի գրանցվել:


ԵԱՀԿ Մինսկի խումբը տեղափոխվում է այն բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և ինստիտուտների շարքը, որոնք ֆորմալ գոյություն ունեն, գործում են, բայց իրական գործություն չեն ծավալում:


«Հարավային Կովկասում իրավիճակն արմատապես փոխվել է և այստեղ պետք են այլ գործիքներ արդյուք ապահովելու համար: ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ դիվանագիտական ձևաչափ, որի մասնակիցները հետաքրքրված են խնդրով, բայց ոչ միշտ են ներգրավված դրա կարգավորմանը: Այդ ձևաչափը բավարարում էր հակամարտության կարգավորման կարքիները մինչև անցյալ տարվա սեպտեմբերը՝ պատերազմը: Այն հիմնված էր 90-ականնրի սկզբին Հայաստանի ռազմական հաղթանակի և պահպանվող ստատուս-քվոյի վրա, բայց չէր նախատեսում, որ ռազմական հաղթանակը կարող է վերանայվել ռազմական միջամտության միջոցով», - մեզ հետ զրույցում նշում է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:


Այժմ սաստուս -քվոն փոխվել է, նշում է փորձագետն ու հավելում, որ հաստատվել է նոր իրավիճակ, որում էական դերակատարություն ունեն Ռուսաստանն ու Թուրքիան: «Իսկ այդ դերակատարությունն ամրապանդվում է ոչ թե դիվանագիտական, այլ ռազմական գործիքակազմով: Այսինքն, իրավիճակի վրա ազդում են հենց ռազմական ներկայություն ունեցող դերակատարները: Ուստի ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հանդիսանում ԼՂ հակամարտության կարգավորման իրական մասնակից», - եզրափակեց մեզ հետ զրույցում Լուկյանովը:


Արշալույս Մղդեսյան