23.11.2024
Նախագահ. ԵՏՄ անդամակցությունը նոր հեռանկարներ է բացում Հայաստան - Իտալիա կապերի զարգացման համար
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման ուղիները

Ապրիլի 10-ին պաշտոնական այցով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հռոմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիին:

Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ նախագահի այցելությունը կնպաստի հայ-իտալական փոխգործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը: Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները համակարծիք էին, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար լավ հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու փոխադարձ բարեկամության ավանդույթները։

Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության սերտացմանը, երկու երկրների ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացմանը վերաբերող հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվելիք միջոցառումները՝ ընդգծելով, որ այս խորհրդանշական տարելիցը առավելագույնս պետք է ծառայի՝ հետագայում ցեղասպանությունները կանխելու կարևոր առաքելությանը, որի ուղղությամբ Հայաստանը ակտիվ ջանքեր է գործադրում: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման բանաձևը Իտալիայի կողմից համահեղինակելու համար։

Հանդիպման օրակարգում էին Հայաստան - ԵՄ համագործակցության հարցերը:

Նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: Էդվարդ Նալբանդյանը Պաոլո Ջենտիլոնիին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: