Հայաստանում մեկ տարում դոլարը դրամի համեմատ արժևորվել է 8․5 տոկոսով, իսկ դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, սննդամթերքի գներն աճել են 7,2%-ով: Այդ մասին հայտնում են Վիճակագրական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Վերջին մեկ տարվա կտրվածքով սննդամթերքի գների աճը կազմել է 4,9%, իսկ մեկ ամսում՝ 2020 թ․ դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ սննդամթերքի գներն աճել են 7,2%-ով։ Այսպես, բանջարեղենի գները 2020թ. դեկտեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ աճել են 35,9%-ով, մրգինը 6,5%-ով։
Ձեթի միջին գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35,3%: Ձուն թանկացել է 18.5%-ով:
2020-ի դեկտեմբերին՝ նախորդ դեկտեմբերի համեմատ, հացի և ալյուրի գները ևս աճել են՝ համապատասխանաբար, 7,3%-ով և 10,0%-ով։ Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 38,1% գնաճ։
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3,4% գնաճ: Բենզինի և դիզելային վառելիքի գները մեկ տարվա կտրվածքով նվազել են 12,2% և 23,0%-ով, սակայն տարեվերջին՝ 4,1% և 2,9%-ով աճել են։
Ընդհանուր ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3,7%:
2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արտարժույթի շուկայում արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.9% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):
2020թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 518.9 դրամ, ինչը 8.5%-ով բարձր է եղել 2019թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (478.2 դրամ):