Օրբելի եղբայրների տուն-թանգարանի նոր շունչը
Վերջերս Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվեց «Էրմիտաժի գանձերի փրկությունը» մուլտիմեդիա ցուցադրությունը։ Յուրօրինակ ցուցադրությունը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։
Այս նոր ձևաչափը կնպաստի այցելուների թվի աճին, մանավանդ Ծաղկաձորը հանրապետության զբոսաշրջության կենտրոններից է, իսկ քաղաքի միակ մշակութային օջախը 1980թ. հիմնադրված Օրբելի եղբայրների տուն-թանգարանն է, որը տարեկան շուրջ ութ հազար այցելու է ունենում:
Տուն-թանգարանի այցելուներն արդեն կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։
Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանի խոսքով, 1928-1932թթ. Սովետական կառավարությունը, երկիրը ծանր վիճակից հանելու և երկրի բյուջեն համալրելու նպատակով, վաճառքի էր հանել երկրի մշակութային արժեքները, ինչը թանգարանային աշխատողներին սարսափի մեջ էր պահում: Ստալինի` 1932թ. հունվարի 24-ի հրամանի համաձայն՝ վաճառքի հանվեցին նաև Պետական Էրմիտաժի մշակութային արժեքները, ինչին դեմ կանգնեց ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Նա դիմեց այդ տարիների համար աննախադեպ քայլի. նամակ գրեց Ստալինին ու բացատրեց, թե այդ քայլը ինչ սպառնալիքի տակ է դնում Էրմիտաժը և մշակութային օջախներն ընդհանրապես: Էրմիտաժում բոլորը տագնապով սպասում էին, թե ինչ է պատահելու գիտնականի հետ: Օրբելին ստացավ իր նամակի դրական պատասխանը, որը փրկեց ոչ միայն Էրմիտաժը, այլև երկրի շատ մշակութային օջախներ: Այդ քայլով նա կարողացավ փրկել և սերունդներին հանձնել համաշխարհային մշակույթի գլուխգործոցները, որոնց հետ այսօր հաղորդակցվում են Էրմիտաժի հյուրերը. դա անկասկած Հովսեփ Օրբելու արժանիքն է:
«Էրմիտաժի գանձերի փրկությունը» յուրօրինակ ծրագրի իրականացումը մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ թանգարանի ցուցադրությունը դարձնում է ավելի գրավիչ` հետաքրքիր ձևաչափով ներկայացնելով Հովսեփ Օրբելու կատարած սխրանքը:
««Փոքրիկ Շլիման» խորագիրը կրող ինտերակտիվ, ինտելեկտուալ մեր նոր կրթական ծրագիրը, որը իրականացվել է ԿԳՄՍ նախարարության <<Աջակցություն մշակութային կրթության ծրագրերին ու միջացառումներին>> դրամաշնորհային ծրագրով, կարող է հիանալի նվեր լինել աշակերտների համար:
Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին անցկացրել է պեղումներ քաղաքամայր Անիում, Վանում և Ամբերդում: Պեղումների արդյունքում Անիից դուրս են բերվել բազմաթիվ հնագիտական նյութեր , Ամբերդից՝ ծաղրածուի կմախք և աքաղաղ, իսկ Վանում դուրս է բերվել Սարդուրի 2-ի սեպագիր արձանագրությունը:
Խաղի էությունը կայանում է նրանում, որ երեխան կարող է սենսորային էկրանի վրա ընտրել պեղումների համար նախատեսված վայրը՝ Անի, Ամբերդ կամ Վան, կարող է ընտրել նաև պեղումների համար անհրաժեշտ գործիքներ: Արդյունքում՝ օրինակ եթե պեղվել է Ամբերդը ու դուրս է բերվել ծաղրածուի կմախքը, երեխան էկրանի վրա կկարդա «Ամբերդի ծաղրածուի» մասին հետաքրքիր պատմությունը, իսկ որպես մրցանակ երեխային կտրվի միջնադարյան առակ՝ բացիկի տեսքով:
Մենք նոր կրթական ծրագիր ունենք նաև փոքրիկների համար։ Ուզո՞ւմ եք իմանալ, ովքեր են հանճարեղ գիտնականները, ուրեմն դիտեք «Նրանք երեքն էին» անիմացիոն ֆիլմը, որը պատմում է Օրբելի եղբայրների կյանքի մասին:
Այս ծրագրերը դարձել են տուն-թանգարանի մշտական ցուցադրության մասը և արդիականացրել ծառայությունների մատուցման ձևերը՝ նոր տեխնոլոգիաների շնորհիվ, որը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը:
2020թ. Օրբելի եղբայրների տուն-թանգարանը նշեց հիմնադրման 40-ամյակը, իսկ այս ծրագրերի ներդնումը լավագույն նվերն էր տուն-թանգարանի համար»,- ասում է տնօրենը: