25.11.2024
Օրբելի եղբայրների տուն-թանգարանի նոր շունչը
prev Նախորդ նորություն

Մոսկվայի բանակցություններում հայկական օրակարգը ձախողվել է. Մարուքյան

Երևանի և Բաքվի միջև բանակցություններն ընթանում են հակառակորդի օրակարգին համապատասխան։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


Նրա խոսքով՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին դրույթները ներառվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ բնավ ոչ հայկական կողմի մատուցմամբ։ «Ցավոք, ադրբեջանական կողմի օրակարգը շարունակում է գերակշռել բանակցություններում, իսկ մեզ համար թիվ մեկ խնդիրը գերեվարված զինվորականներին ու քաղաքացիական անձանց վերադարձն է», - հայտարարեց պատգամավորը:


Մարուքյանը հավելել է, որ երկրի իշխանություններն իրենց հրապարակային հայտարարություններում մշտապես նշել են, որ Մոսկվայում հանդիպման հիմնական նպատակը հենց ռազմագերիների հարցի քննարկումն է: Սակայն արդյունքում ստորագրվում է մի փաստաթուղթ, որում խոսք անգամ չկա ռազմագերիների մասին, այդ հարցով ոչ մի պարտավորություն չկա։


«Ստացվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը չի կատարվում։ Իսկ ահա մյուս կետերը, որոնք վերաբերում էին Քելբաջարի հանձնմանը, Լաչինի միջանցքի հանձնմանը կատարվում են հստակ՝ շվեյցարական ժամացույցների ճշգրտությամբ։ Սակայն ամենակարեւոր հարցը, որն ամենից շատ է հուզում հասարակությանը չի լուծվել եւ չի լուծվում», - հայտարարել է նա, հավելելով, որ չի հասկանում, թե ինչին են այդքան ուրախանում իշխանության ներկայացուցիչները:


Մարուքյանը վստահ է, որ Մոսկվայում կայացած բանակցություններում հայկական կողմը ձախողվել է, քանի որ հայկական օրակարգն անտեսվել է։ «Նույնիսկ եթե հիմք ընդունենք ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, որ 62 զինծառայողի գերիները կանցնեն քրեական գործերով և չեն համարվի ռազմագերիներ, հայկական կողմը պետք է առնվազն հասներ այն զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձին, որոնք գերեվարվել են մինչև նոյեմբերի 9-ը, իսկ 62 զինծառայողի հարցը թողնեին բանակցությունների հետագա փուլերում լուծման համար։ Բայց դրան էլ չհաջողվեց հասնել», - ընդգծեց Մարուքյանը։


Պատգամավորը նշեց, որ ադրբեջանական կողմը ռազմագերիներին պահում է, որպեսզի հնարավորություն ունենա ճնշում գործադրել Երևանի վրա: «Բայց այստեղ հնչող հարց է առաջանում, եթե ադրբեջանական կողմը չի կատարում եռակողմ հայտարարության այդ դրույթը, ինչու է հայկական կողմը կատարում մնացած բոլորը։ Մենք պետք է նախապայման դնեինք ռազմագերիների վերադարձը նախքան որեւէ այլ փաստաթուղթ ստորագրելը», - վստահ է պատգամավորը։


Նա վստահ է, որ հայկական կողմը պետք է հրաժարվեր Մոսկվայում վերջին փաստաթղթի ստորագրումից, քանի դեռ ադրբեջանական կողմը չի համաձայնում ապահովել հայ ռազմագերիների վերադարձը:


Մարուքյանը վստահ է, որ հայկական կողմին չի հաջողվում սեփական շահերն առաջ տանել, որովհետև բանակցությունները վարում է պարտության խորհրդանիշն վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարտվելուց հետո Փաշինյանն ի վիճակի չէ բանակցություններ վարել և հայանպաստ լուծումներ ապահովել, այդ իսկ պատճառով, շարունակեց պատգամավորը, առաջարկում էր վարչապետին հեռացնել զբաղեցրած պաշտոնից։