Ինչի՞ վրա եք հրճվում. Մարուքյանին զարմացրել է մոսկովյան այցի մասով իշխանականների արձագանքը
"Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մոսկովյան հանդիպումից հետո տեղեկատվական որոշ մեկնաբանություններին.
"Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո իշխանական բոլոր հնարավոր լրատվական խողովակներով մեծ հրճվանքով ներկայացվում էր, որ ըստ այդ նոր համաձայնության` կբացվի Հայաստանն Իրանի եւ Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։
Մինչդեռ հայ ժողովուրդն այդ հանդիպումից ուներ ընդամենը մեկ առաջնային ակնկալիք` ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն, ինչը, սակայն, տեղի չունեցավ։
Այսինքն, հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ, պայմանավորվածություններ են ստորագրվել միայն թշնամու կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, իսկ մեզ համար արդեն ամիսներ չլուծվող` ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումն ու լուծումը կրկին մնացել է առկախված։
Էդ ինչի՞ վրա եք հրճվում ․․․",- գրել է Մարուքյանը Facebook-ի իր էջում:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Մոսկվայում կայացել է Փաշինյան, Պուտին, Ալիև եռակողմ հանդիպումը: Բանակցություններից հետո Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակում է մնալ չկարգավորված խնդիր.
«Ցավոք, այդ հակամարտությունը մնում է չկարգավորված։ Իհարկե, մեզ հաջողվեց ապահովել կրակի դադարեցում, բայց դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես՝ տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցում», - ասել է նա։
Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը մինչև վերջ լուծված չէ, սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը: «Մեզ չհաջողվեց մինչև վերջ լուծել ռազմագերիների հարցը։ Սա շատ զգայուն հարց է, եւ մենք պետք է կարճ ժամանակում լուծենք այն», - ասել է նա։