Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին. Աբրահամյան
Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Հայաստանի վարչապետը միայն արձանագրեց, որ իր բարձրացրած երկու խնդիրները՝ Արցախի կարգավիճակի և գերիների փոխանակման հարցը մնացին չլուծված. ենթադրում եմ, որ դրանք նույնիսկ լրջորեն չեն էլ քննարկվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
"Երեք ղեկավարների՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի համատեղ ասուլիսից ու դրան հաջորդած համատեղ ասուլիսից պարզ դարձավ, որ քննարկման առանցքում ռեգիոնալ տնտեսական հարաբերությունների կարգավորման հարցերն էին՝ կոմունիկացիաների բացում, ենթակառուցվածքներ և միջազգային փոխադրումներ և միայն ընդհանուր բնույթի ձևակերպումներ ռեգիոնալ անվտանգության ու դրա ապահովման մեխանիզմների մասին։
Ու այս ամենն այն պարագայում, երբ այս հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի հարցը որպես նախապայման էր ներկայացնում, որի ամբողջական լուծումից հետո միայն պետք է անցնեին կոմունիկացիաների բացման առարկայական քննարկումներին",- գրել է Աբրահամյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Մոսկվայում կայացել է Փաշինյան, Պուտին, Ալիև եռակողմ հանդիպումը: Բանակցություններից հետո Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակում է մնալ չկարգավորված խնդիր.
«Ցավոք, այդ հակամարտությունը մնում է չկարգավորված։ Իհարկե, մեզ հաջողվեց ապահովել կրակի դադարեցում, բայց դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես՝ տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցում», - ասել է նա։
Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը մինչև վերջ լուծված չէ, սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը: «Մեզ չհաջողվեց մինչև վերջ լուծել ռազմագերիների հարցը։ Սա շատ զգայուն հարց է, եւ մենք պետք է կարճ ժամանակում լուծենք այն», - ասել է նա։