25.11.2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած գերիներին
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանը խախտել է պայմանավորվածությունները․ ՀՅԴ-Արդարության հայտարարությունը

Կառավարության ձեւավորման, դրա հետագա գործունեության եւ երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նման պայմաններում կրում է անձամբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունը։


Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Արցախի Հանրապետության դեմ 2020թ. աշնանը սանձազերծված պատերազմի արդյունքում արձանագրվել է պետական կառավարման համակարգի ճգնաժամ:


ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի ս.թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը պահանջել են ԱՀ նախագահ Ա. Հարությունյանի հրաժարականը: Չնայած իր պաշտոնից հրաժարվելու պատրաստակամությանը՝ նախագահ Ա. Հարությունյանը նախաձեռնել է քաղաքական խորհրդատվություններ, ստեղծված իրավիճակից ելք գտնելու եւ քաղաքական լուծումներ տալու նպատակով: Ելնելով առաջիկայում նոր խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման խնդրահարույց լինելու հանգամանքից՝ խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնության կառավարություն ստեղծելու Հարությունյանի առաջարկը՝ նախագահի փաստացի լիազորությունները սահմանափակելու եւ ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախապայմանով:


Հետագա քննարկումների ընթացքում գործող նախագահը, խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունները, սկսել է միանձնյա ձեւավորել նոր կառավարություն՝ դրանով իսկ խաթարելով երկիրը ճգնաժամից համախորհուրդ դուրս բերելու բացառիկ հնարավորությունը: Ստեղծված իրավիճակում անիմաստ է դարձել շարունակել կառավարության ձեւավորման գործընթացին մեր մասնակցությունը, քանի որ այն իր մեջ չի պարունակում «ազգային համաձայնության կառավարության» ձեւավորման տեսլականը:


Կառավարության ձեւավորման, դրա հետագա գործունեության եւ երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նման պայմաններում կրում է անձամբ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը»: