Երևան-Բաքու: բանակցությունների և պատերազմի վտանգի միջև
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին "Говорит Москва" ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարցի դիվանագիտական կարգավորումից անցում կատարել ռազմական լուծման:
"22 տարի շարունակվում են հակամարտության խաղաղ կարգավորման փորձերը: Ինչքան կարելի է սպասել: Մենք պատրաստ ենք հարցի խաղաղ կարգավորմանը, սակայն եթե այն չկարգավորվի խաղաղ ճանապարհով, ապա մենք լուծելու ենք ռազմական ուղով",-նշել է նա: Դեսպանի խոսքով, "ադրբեջանական տարածքների 21% օկուպացված է հայկական զորքերի կողմից": Ըստ նրա, Ադրբեջանի փոխզիջումն այն է, որ Ադրբեջանն առաջարկել է "հայկական զորքերին լքել օկուպացված տարածքները": Դրանից հետո, ըստ Փոլադ Բյուլբյուլ օղլիի պետությունների ղեկավարները կնստեն բանակցային սեղանի շուրջ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում երկու ժողովուրդների համատեղ բնակության հարցերը:
"Գոյություն ունեն ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս բանաձևեր, առկա են ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի որոշումը, առկա ե ԵԽԽՎ-ի փաստաթղթեր և այլն: Աշխատում է Մինսկի խումբը: Առկա են կոնկրետ առաջարկներ օկուպացիոն զորքերի դուրս բերման շուրջ",-նշել է նա: Պատասխանելով այն հարցին, կաջակցի արդյոք Թուրքիան Ադրբեջանի` ղարաբաղյան հարցի ռազմական լուծման դեպքում դեսպանը նշել է, որ այստեղ կարևոր չէ, ով է ում օգնելու՝ "հարցը ադրբեջանական հողերի օկուպացիայի մասին է":
Հատկանշական է, որ հայկական կողմի տեսլականը ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով ամբողջությամբ տարբերվում է ադրբեջանական դիրքորոշումից: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշում է, որ Երևանը միշտ էլ հանդես է եկել ղարաբաղյան կարգավորման փաթեթային կարգավորման օգտին:
Նրա խոսքով, Երևանն առաջարկում է սցենար, ըստ որի Բաքուն ճանաչում է ԼՂՀ, վերադարձնում է Արցախին Մարտունիի և Մարտակերտի օկուպացված շրջանների մի մասը, ինչպես նաև Շահումյանի շրջանը: Ստեփանակերտն ու Բաքուն սկսում են սահմանների հստակեցման բանակցություններ: Քոչարյանի կարծիքով, որ Ադրբեջանը, ձևականորեն կողմ լինելով փաթեթին, ըստ էության շեշտադրում է անում միայն այն կետերի վրա, որոնք իրեն ձեռնտու են, որով և փորձում էր աղավաղել փաթեթայինը և բերել դեպի փուլային:
Մինչ այդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ է պահպանել երեք պայմաններ՝ շփման գոտում միջադեպերի հետաքննման մեխանիզմներ, միջազգային հանրության հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանն այլև չի գնա ագրեսիայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: